Լրահոս
Օրվա լրահոսը

Ով՝ տերավոր, նա՝ համատիրությունում զորավոր

Նոյեմբեր 01,2001 00:00

Ով՝ տերավոր, նա՝ համատիրությունում զորավոր Վերջին մի քանի տարիներին Վանաձորի որոշ թաղամասերում բնակիչները, իրենցից անկախ, հայտնվել են անշարժ գույքի, պահուստային հողամասի կամ ճորտի կարգավիճակում: Ժամանակ առ ժամանակ նրանց այդ կարգավիճակով «հանձնում են» որեւէ նորաստեղծ համատիրության, որն ավելի հաճախ ստեղծվում է առանց բնակիչների կամքը հարցնելու, առանց պատշաճ ժողովի, եւ բնակիչներն իրենց համատիրական ենթակայության մասին տեղեկանում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է որեւէ փաստաթուղթ ձեռք բերել ընտանիքի կազմի վերաբերյալ: Այ, հենց այդ ժամանակ էլ նրանցից՝ իրենց ենթակայությունը հաստատող ստորագրություններ են կորզում՝ իբրեւ թե կայացած ժողովի մասնակից լինելու վերաբերյալ: Երբեմն էլ բնակիչներն այն ժամանակ են իմանում իրենց՝ համատիրության բնակիչ լինելու մասին, երբ տվյալ «նորաստեղծ» համատիրության որեւէ աշխատակից գալիս է վարձեր հավաքելու եւ զգուշացնում, որ վարձերն այսուհետ իրեն պետք է տան, եւ ոչ թե ԲՇՏ-ին: Այսինքն՝ «խփում» են ԲՇՏ-ների գործին, որպեսզի հետո էլ տպավորություն ստեղծվի, թե ԲՇՏ-ները «իրենց չարդարացնող» կառույցներ են: Պետք է նկատել, որ համատիրությունները երբեմն ստեղծվում են այն մարդկանց կողմից, ովքեր տեղական իշխանական կառույցներում որեւէ չինովնիկի ազգական են կամ «վերեւներում» «նայող» ունեն: Այս դեպքում, նրանց գործունեությունը առավել ակտիվացնելու նպատակով, նրանց կարող է առավել մեծ աջակցություն ցուցաբերվել, քան՝ մյուսներին (օրինակ՝ ջրաչափերի տրամադրում անվճար հիմունքներով, համայնքների զարգացմանն ուղղված ներդրումների տրամադրում եւ այլն): Այդ ուշադրությունը հատկապես նկատելի է դառնում ընտրությունների օրերին: Հատկանշական է, որ համատիրությունների նկատմամբ սկսել են «լուրջ հետաքրքրություն» ցուցաբերել համայնքի ավագանու որոշ անդամներ՝ ստանձնելով համատիրության ղեկավարի պաշտոններ: Այդպիսով, վերջիններս լրջորեն նախապատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների (միգուցե նաեւ՝ Ազգային ժողովի) 2002թ. ընտրություններին: Չէ՞ որ համատիրության ղեկավարի պաշտոնները զբաղեցնելով՝ նրանք իրենց ձեռքի տակ կունենան ընտրողների ցուցակները: Իսկ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 14-րդ հոդվածում նշվում է, որ համայնքի ավագանու անդամը չի կարող աշխատել համայնքային ենթակայության ձեռնարկությունների կամ կազմակերպությունների ղեկավար: Վերջերս Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ ցուցադրվեց համատիրությունների միջեւ սկսված հերթական «կռիվ-ղալմաղալը»: Այս անգամ համատիրությունը «ելել էր» համատիրության դեմ: Հարցը հասել է նույնիսկ դատախազություն: Պետք է նկատել, որ համատիրությունների նկատմամբ շահագրգռությունը պայմանավորված է համայնքների զարգացմանն ուղղված դրամաշնորհների առկայության հանգամանքով: «Վտանգ» կա, որ եթե համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը ներկայացվեն ԲՇՏ-ների անվամբ, դրանք չեն ֆինանսավորվի միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից, իսկ համայնքներն էլ իրենց սուղ վիճակով ի վիճակի չեն ԲՇՏ կամ համատիրություն ֆինանսավորելու: Ամեն դեպքում՝ խրախուսելի չէ, երբ բնակչության թվաքանակի պակասելու պայմաններում համատիրությունների թիվը «անկապ» աճում է: Հենց այդ խառնիփնթոր վիճակի պատճառով է, որ ընտրացուցակներում մեծ թվով անճշտություններ են լինում։ Իսկ դրանք նպաստում են զանազան կեղծիքների, այլեւայլ բացասական հետեւանքների՝ բնակչության հաշվառման, զորակոչի, անձնագրային բաժինների աշխատանքների ժամանակ: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել