«Երազանքներն իրականանում են» Երգչուհի Վարդուհի Վարդանյանը երգել սկսել է վաղ մանկուց։ 4-րդ դասարանից հաճախել է Աշոտ Բզնունու «Ջազ-փոփ» երգչախումբ։ 95թ. խմբի ցրումից հետո ընդունվել է Երգի պետական թատրոն, որտեղ աշխատում է մինչ օրս։ Բնավորությամբ բարի է, անմիջական եւ համեստ։ Հեղինակ է 2 տեսահոլովակի։ Նրա կյանքի նշանաբանն է՝ «Միշտ առաջ։ Ամուսնացած է, ունի 3 տարեկան որդի։ – Շնորհավորում եմ վերջերս Յալթայում կայացած «ԾՏՐպ ՊՐցջպռ» միջազգային երգի մրցույթ-փառատոնում տարած հերթական հաղթանակիդ առթիվ։ Ի՞նչ մրցույթ էր այն, եւ ինչպե՞ս եղավ, որ հենց դու ներկայացրիր Հայաստանը։ – Ինչպես միշտ, այս անգամ եւս ընտրությունը մեր պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանն էր արել։ Նա իմ տվյալներն ուղարկել էր մրցույթի կազմակերպիչներին, եւ ես անցնելով նախնական փուլը, մեկնեցի այնտեղ։ Ի տարբերություն նախորդ մրցույթների, որոնցում միշտ մեր ուղարկած ձայնագրություններով էինք անցնում եզրափակիչ փուլ, այստեղ եզրափակիչ փուլին մասնակցելու համար անհրաժեշտ էր հենց տեղում մրցույթի միջոցով հաղթահարել 1-ին, 2-րդ փուլերի մրցակցությունը։ Շատ բարդ մրցույթ էր, որին յուրաքանչյուր մասնակից պիտի ներկայանար 6 երգով։ Մրցույթին մասնակցում էին 10-12 երկրների 24 ներկայացուցիչներ։ Ի դեպ, 1-ին փուլից 2-րդ փուլ անցան 14 մասնակից, իսկ 2-րդից 3-րդին՝ 8-ը։ 3-րդ՝ եզրափակիչ փուլում ընտրվեց լավագույն եռյակը։ Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գրավել 2-րդ տեղը եւ արժանանալ 2-րդ մրցանակին։ Նշեմ, որ Յալթայում «Գրան պրի» մրցանակ չկար։ – Հուրախություն երկրպագուներիդ, սա քո առաջին հաղթանակը չէր միջազգային մրցույթներում։ – Այո, դա այդպես է։ 1999-ին մասնակցելով «իՏսՏՑՏռ Քս255չպՐ» մրցույթին, ես ստացա 2-րդ մրցանակ։ 2000թ. Բուլղարիայում արժանացա «Գրան պրիի»։ Այնուհետեւ 2-րդ մրցանակ՝ «հսՏՉ255վրՍՌռ ոՈջՈՐ»-ում։ 2000թ. նոյեմբերին մասնակցեցի Մակեդոնիայում կայացած փոփ երաժշտության միջազգային փառատոնին, որտեղ մասնակցում էին միայն 2000թ. Եվրոպայի բոլոր մրցույթների «Գրան պրի»-ի մրցանակակիրները եւ կրկին ստացա 2-րդ մրցանակը։ – Ունեցել ես նաեւ մեկ այլ միջազգային փառատոնի մասնակցության հրավեր, սակայն մերժել ես այն։ Ինչո՞ւ։ – Ունեցել եմ հրավեր՝ մասնակցելու «Եվրովիդենիե» միջազգային փառատոնին, բայց մերժել եմ այն, քանի որ ես պետք է հանդես գայի այլ երկրի դրոշի ներքո եւ ներկայացնեի ոչ Հայաստանը։ – Ովքե՞ր են երգերիդ հեղինակները։ – Հեղինակները տարբեր են՝ Արթուր Գրիգորյան, Առնո Բաբաջանյան, Լիլիթ Եդիգարյան, Արաքսի Մուշեղյան, Արամ Ավագյան։ Ի դեպ, Արամ Ավագյանը շատ տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտոր է, որի երգերը ես շատ եմ սիրում եւ հուսով եմ, որ առաջիկայում կերգեմ նրա երգերից շատ-շատերը։ – Կա՞ այնպիսի մի երգ, որն առավել շատ ես նախընտրում եւ ցանկացած պահի կարող ես երգել։ – Կան երգեր, որոնք ինչքան երգեմ՝ չեմ հոգնի, դրանք այնքան խորն են իմ հոգում, որ ես կարող եմ երգել ցանկացած պահի, անգամ քնից արթնացնելու դեպքում։ Օրինակ, Արթուր Գրիգորյանի եւ Սուսաննա Մարտիրոսյանի հիանալի «հվՌՎՌՎ ՎՈրՍՌ, չՏրտՏՊՈ» երգը, որով ես հանդես եմ եկել բոլոր մրցույթներում եւ այն կարծես դարձել է իմ թալիսմանը։ – Ինչո՞վ ես այժմ զբաղված։ – Սովորում եմ կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժնի 3-րդ կուրսում, միաժամանակ ոճաբանություն եմ դասավանդում Երգի թատրոնի մանկապատանեկան ստուդիայում։ Մասնակցում եմ տարբեր միջոցառում-համերգների։ Նոյեմբերի 1-ից կբացվի Երգի թատրոնի նոր թատերաշրջանը եւ կլինեն համերգներ։ Շուտով կսկսվեն նաեւ ամանորյա նկարահանումները։ Առաջիկայում պատրաստվում եմ թողարկել իմ անդրանիկ ձայնասկավառակը։ – Համամի՞տ ես այն մտքին, որ բարի երազանքներն իրոք իրականանում են։ – Փառք Աստծո, մինչ օրս իմ բոլոր ռեալ երազանքներն իրականացել են եւ կարծում եմ, որ միշտ պետք է երազել, քանի որ իրոք երազանքներն իրականանում են։ Մանկուց իմ երազանքն է եղել երգչուհի դառնալը եւ ես դարձել եմ, իսկ հիմա երազում եմ դուրս գալ միջազգային ասպարեզ եւ հուսով եմ, որ այդ երազանքս էլ կիրականանա։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ