Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա օպերա գնալը շատ հարգի է դարձել։ Սիրում են-չեն սիրում, հասկանում են-չեն հասկանում՝ գնում են։

Նոյեմբեր 01,2001 00:00

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳՆՈՒՄ ՕՊԵՐԱ Հիմա օպերա գնալը շատ հարգի է դարձել։ Սիրում են-չեն սիրում, հասկանում են-չեն հասկանում՝ գնում են։ Օպերայում հիմնականում իտալերեն են երգում, եւ շատերին տեքստը հասկանալի չէ։ Բայց, իմ կարծիքով, բառերն այնքան էլ մեծ դեր չեն խաղում, եթե լսելու ունակություն ունես, քանի որ երաժշտությունն ու երգիչներն իրենք են քեզ հուշում դեպքերի ընթացքը։ Օպերա գնացողներին կարելի է բաժանել մի քանի խմբերի. մարդիկ, ովքեր գնում են՝ հետո ասելու համար՝ օպերա եմ գնացել (ցուցադրական), խորը քնողներ, ընկերուհու հետ գրկախառնվողներ եւ քչփչացողներ, երեխաներին իրենց հետեւից քարշ տվողներ (քիչ է մնում, ծծկերներին էլ տանեն), ոտքերի ու մի քանի այլ տեսակի հիվանդություններից եւ այլ պրոբլեմներից մտահոգվածներ… Եվ, վերջապես, մարդիկ, որոնք իսկապես սիրում ու լսում են։ «Նորմայի» բեմականացումն էր։ (Երեւի թե օպերայի բազմաթիվ երկրպագուներ, որ շատ մեծ ցանկություն ունեին գտնվել այնտեղ, մնացել էին դռների ետեւում, եւ երեւի երբեք էլ հնարավորություն չունենան ներկա լինել)։ Առաջին արարի ժամանակ մարդկային ձայները, հազն ու աթոռի ճռռոցը խառնվելով իրար՝ դահլիճում ստեղծում էին միատարր տհաճ աղմուկ, որ ինչքան էլ ուզում ես ուշադրությունդ չշեղվի՝ հնարավոր չի։ Երբ արդեն հոգուդ են հասցնում, սաստում ես շատախոսին, իսկ նա զարմացած ու ապշահար նայում է երեսիդ ու երեւի մտածում՝ բա օպերայում էլ ինչո՞վ կարելի է զբաղվել, եւ լռում է։ Մյուսի նյարդերն այլեւս չեն դիմանում (կողքի նստածին բողոքում է՝ գոնե հայերեն երգեն), տեղից վեր է կենում ու սկսում քայլել դահլիճում։ Մյուսը՝ երեւի անեկդոտ է պատմում ու, մոռանալով, թե որտեղ է գտնվում՝ այնպես բարձր է ծիծաղում, որ բոլորը նրա կողմն են շրջվում։ Մյուս հանդիսատեսը, ցույց տալու համար, որ ինքը օպերայից շատ բան է հասկանում, ուժգին ծափերով խլացնում է կողքի նստածին։ Ու մեկ էլ երեխայի թնկթնկոց՝ մամ, արի գնանք տուն, հոգնել եմ, համ էլ քունս է տանում։ Անտրակտ։ Երկրորդ գործողության ժամանակ համեմատաբար լուռ էր, քանի որ դահլիճն ինչ-որ չափով դատարկվել էր։ Նաեւ իմ կարծիքով, դա մեր դերասանների շնորհիվ էր, որովհետեւ նրանք այնքան լավ էին կատարում իրենց պարտիաները, որ վերջապես կարողացան տեղ հասցնել իրենց սրտի խոսքը։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ Հ. Գ. Հասկանալի է, որ Օպերայի ղեկավարությունը չի կարող տարբերակել իր հանդիսատեսին, բայց գոնե ներսում գտնվողներին կարող են պարտադրել պահպանել կուլտուրայի տարրական նորմերը։ Եվ, մնում է հուսալ, որ հանդիսատեսն ինքը կզգա, թե որտեղ է գտնվում եւ, եթե նույնիսկ իրեն հաճելի չէ, կհարգի մնացածի ցանկությունը՝ լսել օպերան։ Իսկ եթե դա անհնար է՝ փառք Աստծո, Երեւանում ժամանցի վայրերը շատ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել