«ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ» Այսպես է մտածում քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը՝ սխալ համարելով դպրոցների մասին բացասական հրապարակումները։ Անցանկալի էր նաեւ Երեւանի թիվ 25 դպրոցին առնչվող ահազանգին անդրադառնալու մեր մտադրությունը։ Սակայն, նույնիսկ կրթական համակարգի պատասխանատուները, այդ թվում Օնիկ Վաթյանը, չեն ժխտում, որ մեր դպրոցներում վիճակն ամենեւին էլ գովելի չէ։ Հիշեցնենք, որ մայրաքաղաքի դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հենց Օ. Վաթյանը անուն առ անուն թվարկեց բազմաթիվ օրինախախտ դպրոցների անուններ։ Մոտ 4 տասնյակ տնօրեն նախորդ ուստարում արժանացել է նկատողության կամ զգուշացման։ Կան նաեւ տնօրեններ, որոնց գործերը դատախազությունում են։ Երեւանի թիվ 25 դպրոցում առկա անառողջ մթնոլորտի եւ կատարվող օրինախախտումների մասին այդ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Սոնա Մաղաքյանը ահազանգել է տարբեր ատյանների՝ կրթության եւ գիտության նախարարությունից մինչեւ դատախազություն։ Ուսուցչուհու կարծիքով, իր մատնանշած բազմաթիվ փաստերը հիմնավոր չեն ուսումնասիրվել, իսկ դպրոցի տնօրինուհին էլ հայտարարել է, թե վերեւներում բոլորը իր ծանոթներն են ու ինչ ուզենա՝ կանի։ ԿԳ նախարարության, քաղաքապետարանի, դատախազության տարբեր պաշտոնյաներին ուղղված դիմում-բողոքներում Ս. Մաղաքյանը գրում է թիվ 25 դպրոցում գնահատականների կեղծման, անօրինական ատեստատներ տալու, տարատեսակ ֆինանսական չարաշահումների մասին։ Տարբեր ատյաններից ստացված պատասխաններում այդ մեղադրանքների մի մասն է միայն հաստատվում։ Երեւանի քաղաքապետին եւ ԿԳ նախարարին 2001թ. փետրվարի 5-ի դիմումում Ս. Մաղաքյանը գրում է. «1999թ. մարտից նախարարության հայտագրով աշխատանքի եմ ընդունվել թիվ 25 դպրոց՝ որպես քիմիայի ուսուցչուհի։ Երբ հրաժարվեցի կեղծ բարձր գնահատական նշանակել, տնօրենը եւ ուսմասվարը ինձ առաջարկեցին ազատվել աշխատանքից, որն, իհարկե, մերժեցի։ Միայն սեպտեմբերի 15-ին, մյուս քիմիայի ուսուցչուհու հետ երկար բանակցություններից հետո, ինձնից ապօրինաբար վերցրին 8-րդ դասարանի իմ դասաժամերը։ Խոստացել էին սխալն ուղղել 2-րդ կիսամյակին, բայց այժմ էլ հրաժարվում են։ 2000թ. 82-ում Հարությունյան Գոռին հրաժարվեցի բավարար գնահատելուց, բայց չգիտես ինչպես նա ատեստատ է ստացել, իբր Չեխոսլովակիա գնալու պատրվակով։ Հոկտեմբերին տնօրենը խնդրեց ստորագրել չգիտես ում նշանակված «3»-ի տակ, որից ես հրաժարվեցի»։ Մեղադրանքների առնչությամբ ԿԳ նախարարության կրթության տեսչության պետ Կարեն Մելքոնյանի պատասխանում մասնավորապես ասվում է, որ կատարված ուսումնասիրություններով պարզվել է. «8-րդ դասարանի աշակերտ Գոռ Հարությունյանի գնահատման հետ կապված Ձեր գանգատը համապատասխանում է իրականությանը։ Մասնավորապես արձանագրվել է «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման եւ քննությունների կազմակերպման» կարգի խախտում»։ Մեզ հետ հանդիպման ընթացքում Օնիկ Վաթյանը մի քանի անգամ շեշտեց, որ Ս. Մաղաքյանը եւս մեղավոր է իր նշած խախտումների համար։ Պարոն Վաթյանը մեղադրում է Ս. Մաղաքյանին նաեւ նրա համար, որ լինելով դպրոցի շրջանավարտների քիմիայի քննության (ուսուցիչ՝ Ա. Խանանյան) հանձնաժողովի անդամ, քննության ժամանակ լռել է, չի միջամտել քննական կարգի խախտմանը (աշակերտները տոմսերը ընտրել են ոչ թե վիճակահանությամբ, այլ ով որ տոմսը իմացել, այն էլ գրել է) եւ ստորագրել է քննությունների արձանագրությունը։ Իսկ Ս. Մաղաքյանը պնդում է, որ արձանագրության տակ ստորագրել է, որպեսզի քննության արդյունքները չփոխվեն, բայց արձանագրության տակ գրել է, որ ինքը համաձայն չէ քննության արդյունքներին։ Ավելին, հենց Ս. Մաղաքյանի գրավոր ու բանավոր դիմումների պահանջով է այդ քննությանը ներկա եղել ԿԳՆ-ի ներկայացուցիչը։ Ավելի ուշ ԿԳՆ-ի տեսչության առաջին կարգի մասնագետ Արմինե Օհանյանի կատարած ուսումնասիրությամբ եւս փաստվում է, որ խախտվել է քննությունների կարգը, իսկ Օ. Վաթյանին գրած նամակում, հիշեցնելով նաեւ նախկին խախտումները, առաջարկվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Օ. Վաթյանը նկատողությունը համարել է բավարար։ Իսկ մեզ հետ զրույցի հենց սկզբում դժգոհեց. «Եթե ԿԳՆ-ն ու դատախազությունը ուսումնասիրություններ են անցկացնում եւ որեւէ խախտում չի արձանագրվում, մենք, ի՞նչ է, ուսուցչուհու ասելով պետք է տնօրենին պատժե՞նք»։ Միայն մեր հիշեցումից հետո, որ թե՛ ԿԳՆ-ն, թե՛ դատախազությունը, այնուամենայնիվ, որոշ խախտումներ արձանագրել են, պարոն Վաթյանը արդարացավ, թե այդ «խախտումների համար տնօրե՞ն կարելի է ազատել, բացարձակապես՝ ո՛չ»։ Կրթության վարչության տեսուչների դպրոցում անցկացրած ստուգումները չեն բացահայտել որեւէ օրինախախտում։ Իսկ տեսուչ Անահիտ Մելքոնյանի կարծիքով, Սոնա Մաղաքյանը լավ ուսուցիչ չէ, քանի որ դասամատյանների ուսումնասիրությունը վկայում է, որ նրա դասերից շատ են բացակայում։ Ս. Մաղաքյանն էլ ասում է, որ դպրոց չհաճախող երեխաներին ներկա չի դնում ու չի գնահատում, ինչպես մյուսներն են անում եւ պնդում է, որ կարող է փաստաթղթերով ապացուցել, թե ինչպես են դասերի չհաճախող աշակերտներին ընթացիկ ու ավարտական գնահատականներ նշանակում։ Օ. Վաթյանը Ս. Մաղաքյանին համարում է վատ մանկավարժ՝ վկայակոչելով նրա մասին աշակերտների ու ծնողների գրավոր կարծիքը: Դրանք, Ս. Մաղաքյանի պնդմամբ, գրվել են տնօրենի պարտադրանքով: Ի դեպ, այս մասին վկայեց նաեւ դպրոցի նախկին աշխարհագրության ուսուցչուհի Ռենա Մուրադյանը։ Ռ. Մուրադյանի հավաստմամբ, Ս. Մաղաքյանը միակ ուսուցիչը չէ, որի դեմ տնօրենը նման նամակներ է պարտադրում գրել: Հենց այս նամակներն էլ վկայակոչելով՝ դպրոցի տնօրեն Գ. Ամիրյանը Ս. Մաղաքյանին այս տարվա հուլիսին ազատել է աշխատանքից: Թիվ 25 դպրոցի տնօրեն Գայանե Ամիրյանը հրաժարվեց իր փաստարկները ներկայացնելու մեր ընձեռած հնարավորությունից՝ հիմնավորմամբ, թե կսպասի վճռաբեկի որոշմանը՝ թեեւ անընդհատ բացատրում էինք, որ զրույցի թեման միայն Ս. Մաղաքյանին աշխատանքից ազատելու շուրջ չէ լինելու: Ս. Մաղաքյանը դժգոհ է դատախազությանն ուղղված իր դիմումներում նշված փաստերի առիթով անցկացրած ուսումնասիրություններից: Երեւան քաղաքի դատախազին 2001թ. մարտին գրած նամակին պատասխանել է Երեւան քաղաքի դատախազի օգնական Ա. Հարությունյանը՝ անհիմն որակելով Ս. Մաղաքյանի բերած փաստերը եւ հանցակազմի բացակայության պատճառով մերժելով քրեական գործի հարուցումը: Ս. Մաղաքյանը «ձեւական գործողություններ» որակելով դատախազության ստուգումները՝ արդեն ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին գրած դիմումում պահանջում է նոր ստուգումներ անել եւ նշում նոր մեղադրանքներ: Սակայն նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Ա. Մանուկյանի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի դատախազի օգնականի՝ Ա. Հարությունյանի պատասխաններում եւս կրկնակի ստուգումներով հաստատվում են նախորդ ստուգման արդյունքները, ըստ որի, հաստատվում է միայն Գոռ Հարությունյանին գնահատական նշանակելու անօրինականությունը: Ֆինանսական խախտումների մասին մնացած բոլոր մեղադրանքները քննությամբ չեն հաստատվել: Ուսուցչուհին բողոքելով, որ դատախազությունը լուրջ ուսումնասիրություններ չի կատարել, նկատում է. «Եթե իմ բերած փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինձ դատի տվեք զրպարտության համար»: ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հ.Գ. Նյութի ամբողջական տարբերակը կարդացեք «Հետաքննող լրագրողների ընկերակցության»՝ «Հետք» ինտերնետային էջում, հասցեն՝ home.media.am/hetq