Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Նոյեմբեր 01,2001 00:00

Ավանդատուներին էլ հաշվեցին Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհի 16 երկրների «պատվավոր» շարքում, բնակչության 87%-ն աղքատ է։ Առավել ցավալի է, որ որոշ պաշտոնյաներ այդ աղքատությունը թմբկահարելով՝ միջոցներ են ստանում միջազգային տարբեր կազմակերպություններից՝ ազգի համար արմատավորելով «ուզվորի» հոգեբանությունը։ Վերջերս նման մի 26 մլն դոլար էլ ստացավ ՀՀ սոցապ նախարարությունը։ Այն թեեւ տեխնիկական օգնության տեսքով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրվելու է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում (ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում առողջապահության համակարգին էլ 14 մլն-ի օգնություն է տրվելու), սակայն ԱԺ պատգամավոր Պերճ Բոշնաղյանը հայտարարեց, որ դա բաշխվելու է «Հայխնայբանկի» ավանդատուներին։ Խեղճերն էլ երեւի ուրախացել էին, բայց… Բայց պարզվում է, «երազում կտեսնեք, թե ավանդները կվերադարձվեն»՝ պատգամավոր Վ. Դալլաքյանի կարծիքը։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ պարտքը ժողովրդին կազմում է 800 մլն դոլար, իսկ դա հանրապետության բյուջեից երկու անգամ ավելի է։ Նշենք, որ պետությունը չի մոռացել եւ չի անտեսում ավանդատուներին։ Ավելին, նախորդ ութ ամիսների ընթացքում «Հայխնայբանկը» ամփոփել եւ «Հայխնայբանկի» Ավանդների հարցերի պետական հանձնաժողովին է ներկայացրել ավանդների գույքագրման աշխատանքները։ Ըստ անուն-ազգանվան, ծննդյան տարեթվի, բանկային հաշվի բացման օրվա, 1993թ. հունվարի 1-ի եւ 1993թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մնացորդների եւ ավանդների տեսակների՝ գույքագրվել եւ համակարգչային ծրագրում են ընդգրկվել բոլոր ավանդատուների հաշիվները մինչեւ 1993թ. սեպտեմբերի 1-ը։ Ավանդատունե՛ր, էլ բողոք-մողոք չանեք։ Դուք հանգիստ ձեր տներում նստեք, «Հայխնայբանկն» էլ վաստակած հանգստի թող անցնի։ Հիմա արդեն պետական հանձնաժողովի՝ տղամարդու խոսքն ասելու ժամանակն է։ Այ, այստեղ մի քիչ երկար պետք է սպասենք։ Մոտավորապես այնքան, մինչեւ հաշվի առնելով պետության հնարավորությունները՝ հանձնաժողովականները 15-17 տեսակի ավանդներից որոշեն, թե որոնք են մտնում փոխհատուցման ռեժիմի մեջ, ինչ ժամանակներում եւ ինչ մեխանիզմով պետք է վճարել։ Իսկ որոշելու համար նրանք նախ պետք է լա՜վ մտածեն, ապա՝ առաջարկներ անեն, հետո էլ դրանք քննարկեն։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական ծառայության ղեկավար Հայկ Դավթյանի խոսքերով. «Այս հանձնաժողովի իմաստն այն է, որ հանգենք օրենքի, որտեղ կամրագրվեն ավանդների վճարման կարգը, չափը, սոցիալական խմբերը եւ ամեն տարի բյուջեից հատկացվող գումարի չափը»։ Զիլ է ասված, չէ՞։ Բայց կա նաեւ այս տարբերակը. «Հնարավոր է, որ հանձնաժողովը որոշում կայացնի, թե այս պետությունը չունի հնարավորություններ եւ հարցը հետաձգվի 10 տարով (լավագույն դեպքում- Ն. Գ.)»։ Սա՝ իբրեւ պարոն Դավթյանի՝ հնարավոր տեսակետ, թե թաքուն ակնարկ ընկալելու իրավունքը թողնում ենք ընթերցողին։ Իսկ ենթադրյալ օրենքում, հուսանք, որ կամրագրվի մոտավորապես հետեւյալ տեքստով մի կետ. «Նկատի ունենալով, որ ցանկացած մահկանացու անկարող է հակազդել բնական գործընթացներին՝ օգտագործելով իրավահաջորդի ինստիտուտը, ենթադրյալ ավանդը վերադարձնել տվյալ ավանդատուի իրավահաջորդին»։ Ենթադրյալ կետը մի պարզ եւ բարի նպատակ ունի՝ զերծ պահել հարգելի հանձնաժողովականներին՝ նախագահ Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ, հետագա լրացուցիչ խնդրից։ Որովհետեւ իրողությունն այն է, որ մոտ 2000 ավանդատուներն էլ միջին տարիքն անց մարդիկ են։ Ու քանի դեռ հայտնի չէ, թե ինչն ինչոց է, արժե թերեւս որոշումներ կայացնել՝ ի գիտություն ընդունելով պարզ փաստերը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել