ՌԻՍԿԻ ԵՆ ԴԻՄԵԼ Եկող տարվա պետբյուջեի նախագիծը, որ այսօր պաշտոնական ու կիսապաշտոնական շրջանակներում ամենաշատ գործածվող բառն է ու քննարկվող թեման, նախարար Վարդան Խաչատրյանի ներկայացմամբ, ավելի շատ հարկային մուտքեր է նախատեսում, քան այս տարվանը։ Սակայն ուշագրավն այն է, որ ի տարբերություն անցած տարիների, երբ պոպուլիստ պատգամավորները պնդում էին, թե «բյուջեն իրատեսական» չէ, այս անգամ պարոն Խաչատրյանն ինքն է խոստովանում, որ «մեծ աճ է նախատեսված, նույնիսկ վտանգավոր, բայց ես վստահ եմ, որ այս երկրում կան հարկեր, որոնք պետք է հարկել եւ մեր հույսը դնել մեր երկրի վրա։ Այսինքն` պետք է ունենալ քաղաքական այդպիսի կամք, որպեսզի կարողանանք երկրին հասանելիք գումարները հարկել՝ անկախ այն նվնվոցներին, լացուկոծին»։ Այլ կերպ ասած, ջանքեր են պետք նախատեսված 194 մլրդ դրամը հավաքագրելու համար, չնայած զանազան ՀՆԱ-ների, մակրոտնտեսական ցուցանիշների, արդյունաբերական աճերին, եւ չնայած, որ նախարարի իսկ խոստովանությամբ, այս տարվա 173 մլրդ-ի հավաքագրումը դժվարությամբ է տեղի ունենում։ Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք դա նախատեսվում է ապահովել ստվերային շրջանառության հաշվի՞ն, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, միանշանակ»։ Հետեւաբար, «Առավոտի» եզրահանգմամբ, եկամուտների չափերը մեծացնելով, հույսը դրվում է ոչ թե տնտեսական աճի, այլ ստվերային շրջանառությունը կրճատելու վրա՞։ «Դժվար է այդպես ասել, ե՛ւ տնտեսական աճի (6%) կանխատեսում ունենք, դա ենք հաշվի առել, ե՛ւ իհարկե, հաշվի ենք առել ստվերի վերացումը։ Իսկապես երեւում է, որ ստվերը ճնշում է տնտեսական աճը»։ «Առավոտի» մյուս հարցին, թե արդյոք 40 հազար կամ որեւէ չափի աշխատատեղի ավելացում որեւէ կերպ արտացոլվա՞ծ է պետբյուջեի նախագծում, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ ոչ, «բայց դա պետք է անդրադառնար եկամտահարկի վրա, եթե 20 հազար դրամից բարձր աշխատավարձ կտային։ Մինչեւ 20 հազարի ստացումը եկամտահարկի վրա չպետք է թողներ այդքան մեծ ազդեցություն»։ Ասվածից հետեւում է, որ սոցվճարների համակարգում պետք է երեւան այդ աշխատատեղերը։ Սրան ի պատասխան ֆինանսների նախարարը նշեց. «Այո, այնտեղ կերեւա։ Կենսաթոշակային հիմնադրամի հավաքագրումը լավ մակարդակի վրա է։ Ուրեմն կարելի է եզրակացություն անել, որ նոր աշխատատեղեր եղել են»։ Նկատի ունենանք, որ Վ. Խաչատրյանը միշտ խուսափել է բյուջեում ռիսկային, ոչ իրականանալի թվեր տեղադրելուց։ Նա դժգոհեց. «Հավատացեք, անընդհատ միակողմանի, պետության կողմից քայլեր անելով հնարավոր չէ մեծ արդյունքների հասնել։ Անցյալ տարի խիստ իջեցրինք եկամտահարկը, շահութահարկը եւ հույս ունեինք, որ քայլ կանեին նաեւ ձեռներեցները, բայց, ցավոք, այդ էֆեկտները այնքան էլ մեծ չէին, ինչքան սպասում էինք։ Դրա համար այս տարի երեւի հարկային մեղմացումներ կամ խստացումներ չնախատեսենք, բայց վարչարարական որոշ փոփոխություններ կլինեն»։ Պետբյուջեում սակի չնախատեսման առումով նշեց, որ «երբ սակերը վերցնում ենք, մեծացնում ենք սոցիալական ծախսերը, այնուհետեւ երբ բյուջեն չի կատարվում, պետք է կրճատենք ծախսերը, իսկ առաջարկը (տվյալ դեպքում կարելի է ասել՝ պահանջը միջազգային կազմակերպությունների կողմից- Ա.Ու.) միանշանակ լինում է՝ կրճատել ոչ սոցիալական ծախսերը»։ Իսկ արդյոք ծախսերի ցանկում նախատեսվա՞ծ է գումար պետական գերատեսչությունների հեռախոսային խոսակցությունների րոպեավճարի համար։ Այս հարցն ուղղեցինք ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանին։ Նա ասաց, որ հարկային մուտքերի վերաբերյալ «ԱրմենՏելի» առաջարկը պետբյուջեի նախագծման գործընթացի հետ որեւէ կապ չունի։ «Հավաստիացնում եմ, որ այսօր եկամուտների կանխատեսման գործընթացը հիմնված չի առանձին հարկ վճարողների կողմից ներկայացվող առաջարկությունների վրա։ Հաշվի են առնված եկամուտների նախկին տեմպերն ու օրենսդրական փոփոխությունների հնարավոր ազդեցությունը»։ Սակայն նախարարից ու փոխնախարարից պարզաբանումներ ստանալու հնարավորություն ընձեռվեց Հայաստանի եւ Հոլանդիայի միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առիթով։ Մինչ ստորագրումը Տիգրան Խաչատրյանից տեղեկացանք, որ նույնպիսի համաձայնագիր արդեն ստորագրվել է մի շարք այլ պետությունների հետ, մասնավորապես Ռուսաստանի, Իրանի հետ, որոնց հետ անհամեմատ մեծ է ապրանքաշրջանառությունը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Համաձայնագիրը ստորագրելուց, լուսանկարվելուց հետո Վ. Խաչատրյանն իր աշխատակիցներին հարցրեց՝ «Հոլանդիայի դրո՞շն էր այնտեղ»։ Դրական պատասխանից հետո, թե՝ «Բա ո՞ւր էր օրանժը։ Ես կասկածում եմ, որ դա Բելգիայի դրոշն էր»։