ԼԱՎ ԵՎ ՎԱՏ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ՔԴՄ նախագահ Իդա Մարտիրոսյանն ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո կատարվածը «հակաահաբեկչական հիստերիա» որակեց. «Երբ հանկարծ պարզվեց, որ ահաբեկչությունը սպառնում է ամբողջ աշխարհին, թեեւ առանց այդ էլ այն տեղ-տեղ սպառնում էր, բայց մինչ այդ որեւէ մեկը դրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Իմ կարծիքով, ահաբեկչությունը թույլի հակազդեցությունն է ուժեղի ագրեսիային՝ այլընտրանքի բացակայության պայմաններում։ Մինչդեռ այժմ բոլորը ոռնում են, թե ահաբեկչությունը չարիք է եւ պետք է պայքարել դրա դեմ։ Բայց չէ՞ որ պետք է փորձել ըմբռնել, թե որո՞նք են ահաբեկչությունը ծնող պատճառները։ Չէ՞ որ յուրաքանչյուր որոշակի ահաբեկչություն ունի իր բացատրությունը»։ Մինչեւ Իդա Մարտիրոսյանը մեկ էլ Էդվարդ Հովհաննիսյանն էր խոսել ահաբեկչության՝ որպես քաղաքական պայքարի ընդունելի ձեւերից մեկի մասին։ Ուստի զգուշորեն հետաքրքրվեցինք. գուցե ՔԴՄ նախագահը դաշնակցակա՞ն է դարձել. «Ո՛չ։ Ես ուղղակի մտածող մարդ եմ։ Նույն բեն Լադենին դիտարկենք. երբ նա ահաբեկիչ էր Խորհրդային Միության դեմ՝ նրա գործունեությունն ընդունելի էր ԱՄՆ-ի համար։ Իսկ այժմ, երբ նա ահաբեկիչ է ԱՄՆ-ի դեմ՝ այլեւս ընդունելի չէ, եւ նրան թշնամի են հայտարարել»։ Ահաբեկչությունը ծնող պատճառները քննելու բոլոր կոչերն ի վերջո հանգում են հետեւյալին, որ ահաբեկչությունը կարող է նաեւ արդարացվել՝ բավարար եւ հիմնավոր դրդապատճառների պարագայում։ Մինչդեռ ահաբեկչությունը ցանկացա՛ծ դեպքում դատապարտելի է։ Մեր այս դատողություններին Իդա Մարտիրոսյանի արձագանքն էր. «Ես այդ մասին չեմ խոսում։ Ուղղակի հարկավոր է այնպիսի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որ ահաբեկչության անհրաժեշտություն չծագի։ Նույնիսկ եթե 6 նամակ ես ստանում ու գիտես, որ 5-ը գրել են խելագարները՝ իրավունք չունես 6-րդը չստուգել։ Սա էլ է կանխարգելման միջոց։ Հայաստանում ահաբեկչություն գործվեց, դրանից հետեւություններ արեցի՞նք: Թե՞ անպայման պետք էր, որ ԱՄՆ-ում ինչ-որ բան կատարվեր»։ Ա. Ի.