Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միակողմանի փոխհրաձգություն

Հոկտեմբեր 31,2001 00:00

Միակողմանի փոխհրաձգություն Անցած չորեքշաբթի հեռարձակվեց «Երկու սերունդ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը, դատելով վերնագրից, նպատակ ուներ տարբեր հիմնախնդիրների շուրջ սերունդների երկխոսություն կազմակերպել, քանզի եթե այս հաղորդաշարը դատենք բովանդակությամբ, կկանգնենք երկընտրանքի առջեւ, որովհետեւ լրագրության մեջ նման գնահատականներ ուղղակի չկան։ Հաղորդումը, որ նվիրված էր «աղանդավորների» խնդրին, սկսվեց եւ վերջացավ վերջիններիս գեղարվեստորեն հայհոյելու տրամաբանությամբ եւ մեր հավատի համար «եթե պետք ա՝ հենց հիմա մեռնելու» պաթետիկ սոփեստաբանությամբ։ Լրագրողական էթիկան եւ պարզապես առողջ դատողությունը հուշում են, որ որեւէ խնդրի շուրջ երկխոսություն ծավալելու համար պետք է հրավիրվեն շահագրգիռ երկու կողմերը, մինչդեռ, ինչպես վկայում են հաղորդման մասնակիցները, նկարահանումից առաջ մի քանի անգամ ստուգվել է՝ «հո ձեր մեջ աղանդավորներ չկա՞ն»։ Հետեւաբար, Հանրային հեռուստատեսությունը կամ չի կարողանում Հայաստանում իրավասու մարդիկ գտնել, որոնք կարող են հրապարակավ ապացուցել Հայ Առաքելական եկեղեցու առավելությունը աղանդների նկատմամբ, կամ էլ հաղորդման հեղինակները երեւակայում են, թե ուղիղ մեկ ժամ աղանդավորներին «վախկոտներ, ազգի դավաճաններ» որակելով եւ «ազգի համար տեղնուտեղը մեռնելու պատրաստակամությամբ» տոգորված կիսագրագետներին եթեր տրամադրելը հույժ կարեւոր (պետական) քարոզարշավ է Առաքելական եկեղեցու դերի բարձրացման, հոգեւոր արժեքների ընկալման եւ ամրապնդման գործում։ Մյուս կողմից անհասկանալի է, թե այս ամենի հետ ինչ կապ ունի սերունդների երկխոսությունը, տարբեր աշխարհընկալումների բախումը, հաշտեցումը։ Վերջիվերջո, պետք է ինչ-որ մեկը հուշի հաղորդման պատասխանատուներին, որ լրագրողի գործն է նախ փորձել հասկանալ որեւէ խնդրի խորքային էությունը, այնուհետեւ այն ներկայացնել հանրությանը եւ, որ թեկուզ քողարկված, անճաշակ փնովումից խնդրի էությունը չի փոխվում՝ հատկապես հանրային գիտակցության մեջ։ Այս ամենը մեկ անուն ունի՝ դիլետանտություն, իսկ վերջինիս համար կարեւոր չէ ժամանակը, քանզի այդպիսին կարելի է լինել որեւէ ոլորտում երկար աշխատելուց հետո։ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ Հ. Գ. Իմացանք նաեւ, որ այս հաղորդաշարի հերթական նկարահանումները, որ նվիրված են եղել ընտանիքի խնդիրներին, ձախողվել են բանավեճի բացակայության պատճառով եւ մյուս շաբաթ հաղորդումը հեռարձակվելու է ուղիղ եթերով։ Կանխատեսենք, որ հերթական անգամ լսելու ենք «հայ ընտանիքի առավելության եւ արեւմտյան բարքերի անկատարության» մասին տխուր, պրիմիտիվ եւ ոչինչ չասող անհամ երգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել