Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վատ դատավոր» ասելը վիրավորա՞նք է

Հոկտեմբեր 31,2001 00:00

«Վատ դատավոր» ասելը վիրավորա՞նք է «Փաստաբանի դերը դատաիրավական բարեփոխումներում» թեմայով երեկ Հայ փաստաբանների միջազգային միության դահլիճում հրավիրվել էր կլոր սեղան, որին ակնկալվում էր՝ պիտի մասնակցեին դատավորներ, դատախազներ։ Ներկա չէր նաեւ «Օժանդակ» միությունը (բնորոշումը մերը չէ, այլ՝ փաստաբան Ռուբեն Սահակյանինը, որը նկատի ուներ Հայաստանի փաստաբանների միությունը)։ Փոխարենը, այս միությունից մասնակցում էր փաստաբան Համլետ Ստեփանյանը, որը մինչեւ վերջերս ներկայացնում էր «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Կարեն Հունանյանի շահերը։ Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը կոչ արեց «ջերմ մտքերի փոխանակման»։ «Ջերմ մտքեր» եղան, բայց դրանք ուղղված էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանին, ապա Կենտրոնի դատախազ Վահրամ Շահինյանին… Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանը ներկայացրեց փաստաբանների գործունեությանն առնչվող հիմնախնդիրները, այն, որ նրանց նկատմամբ «նրբանկատ» դրսեւորումները փոխարինվել են ավելի կոպիտ դրսեւորումներով։ Իբրեւ օրինակ բերվեց իրենց միության անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որին փաստաբանն «արժանացել» է դատավոր Գ. Կարախանյանին «անգրագետ» ասելով։ Փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց, որ թերթել է բազմաթիվ բառարաններ. «Մի՞թե անգրագետ բառը անպարկեշտ բառ է» հարցրեց եւ ապա պատասխանեց. «Իհարկե, ոչ»։ Փաստաբանն ակնկարկեց Շիրակի մարզի դատարանի նախադեպը, երբ դատավորին «անգրագետ» անվանելով՝ փաստաբանը բացարկ էր հայտնել, ինչն ընդունվել էր։ Բերվեց մեկ այլ տխուր օրինակ, Սիսիանում փաստաբանի նկատմամբ նույնպես քրգործ է հարուցվել եւ հիմա «աղաչում-պաղատում են», որ համաներմամբ հարցը լուծվի… Փաստաբանները հիշեցին Կրոմվել Գրիգորյանի գործը եւս։ Ինչպես գիտեք, նա Հայաստանի փաստաբանների միության անդամ էր եւ, սակայն, նրա դատավարությանը այդ միությունից ոչ ոք ներկա չի գտնվել։ Կլոր սեղանի հյուրերից իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը կոչ արեց համախմբվելու։ Որքան հասկացանք, իրավապաշտպաններն այնքան գերհզոր են, որ փաստաբանները ակնկալում են պաշտպանվել նրանցով։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել