Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ Է ՊԱՅՔԱՐԵԼՈՒ

Հոկտեմբեր 31,2001 00:00

ԻՆՉՊԵՍ Է ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԱՆՌԾ հիմնական մասում նշված են աղքատության դեմ պայքարի հիմնական ուղղությունները, որոնք ընդհանուր առմամբ անվիճելի են՝ մշտական տնտեսական աճ, սոցիալական արդարության հաստատում, կառավարման եւ սոցիալական ոլորտների արդյունավետության բարձրացում, պայքար կոռուպցիայի դեմ, աշխատանքային շուկայի ձեւավորում եւ այլն: Սակայն այս պարզ ճշմարտությունները բոլորովին ամրագրված չեն կոնկրետ ուղղությունների նկարագրությամբ, պատճառների վերլուծությամբ եւ դրանից բխող կոնկրետ ծրագրային ենթակետերով: Երբեմն էլ բերվում են ծրագրային փաստաթղթի համար ոչ անհրաժեշտ մանրամասնություններ եւ կառավարության գործունեության նկարագրություն (ընդունվող եւ ընդունվելիք օրենքներ, ստեղծվող եւ ստեղծված խորհուրդներ եւ հանձնաժողովներ, կանխատեսումներ եւ այլն): Ընդհանուր հայեցակարգը ելնում է առկա «տնտեսական աճից» եւ նրա միտումները ամրապնդող միջոցառումներից, ինչն անընդունելի է, քանզի այդ մոտեցմամբ անհնար է լուծել տնտեսական ճգնաժամի եւ համատարած աղքատության խնդիրները, անգամ եթե հաջողվի շտկել եկամուտների առավել արդար բաշխման հարցը: Բնապահպանության, աղետի գոտու բաժինները ուղղակիորեն կապված չեն հիմնական խնդրի հետ, իսկ կարեւորագույն սոցիալական պաշտպանության եւ կոմունալ ծառայություններին նվիրված բաժինները շարադրված են խիստ մակերեսային: Կոմունալ ծառայությունների բաժնի մեջ թռուցիկ խոսվում է ջրամատակարարման եւ ջեռուցման մասին (առանց որեւէ թվային տվյալների) եւ ոչ մի խոսք չկա էլեկտրամատակարարման, հեռախոսակապի եւ գազիֆիկացման մասին, կարծես թե այդ ոլորտներում բոլոր խնդիրներն արդեն լուծված են: Ակնհայտ Է դառնում, որ ծրագիրը գրված է «պլյուսիկի համար», չի պարունակում իր մեջ իրական վիճակի օբյեկտիվ գնահատական, վերլուծություն եւ աղքատության խնդիրների լուծման շատ թե քիչ գործող առաջարկությունների փաթեթ: Պարզ է, որ նման խարխուլ հիմքերի վրա գրված «ամփոփ փաստաթուղթը» չի կարող չժառանգել ծանր տնտեսական վիճակից դուրս գալու լուրջ ուղիների բացակայությունը: Սակայն, միգուցե, ծրագրի իրական նպատակները միանգամայն ա՞յլ են՝ զուտ կոնյունկտուրային եւ «նյութական»: Հենց սա է, ի վերջո, իշխանությունների ընտրած «ռազմավարությունը»: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել