Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս

Հոկտեմբեր 31,2001 00:00

Ե՛վ փոքրերի, ե՛ւ մեծերի համար Հուլիս ամսից Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները ապրում են թափառական կյանքով։ Եթե մի հետադարձ հայացք ձգենք դեպի 72 տարիների խորքը, կտեսնենք այն ահռելի աշխատանքը, որ կատարել է թատրոնն իր պատմության ընթացքում։ Բազմիցս լսել ենք թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի քննադատական խոսքը՝ ուղղված քաղաքապետին, բայց ինչպես պարոն Ղազանչյանն ասաց. «Ի տարբերություն իր որոշ գործընկերների, պարոն Նազարյանը չկոմպլեքսավորվեց։ Եկավ թատրոն, տեսավ այս անմխիթար վիճակը, հենց տեղում խորհրդակցություն հրավիրեց… մի խոսքով՝ եկող տարվա մեջ մեր թատրոնը դռները կբացի իր հանդիսատեսի առջեւ։ Այո, այսօր ապրում ենք թափառական կյանքով, բայց սա տարիներ ձգվել չի կարող։ Թեպետ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունը, որին շնորհակալ ենք, առանց տրտնջալու ընդունում է մեզ, բայց եկեք անկեղծ լինենք՝ կինոթատրոնի բեմը չի կարող պրոֆեսիոնալ թատրոնի բեմ դառնալ։ Շնորհակալ եմ այն դպրոցների տնօրեններին, որոնք մեր կողքին եղան ու կան։ Օգնեցին աբոնեմենտների իրացման գործում, հասկացան, որ միակ պատանի հանդիսատեսի թատրոնին հարկավոր է աջակցել։ Իհարկե, այսօրվա ներկայացումները մեր թատրոնի դեմքը չեն, բայց պատկերացրեք, ցածր դասարանցիները հաճույքով դիտում են, ծափահարում…»։ Ասենք, որ «անտուն» թատրոնը հուլիս ամսին, Կերչում կայացած Անտիկ դրամայի երրորդ միջազգային «Բոսպորյան խաղեր» փառատոնում ներկայացնելով Արիստոֆանեսի «Ամպեր» կատակերգությունը, շահեց գլխավոր մրցանակը։ Վերջերս հանդիսականի դատին հանձնվեց «Ձյունեփայլը եւ յոթ թզուկները» մյուզիքլը։ Նկատենք, որ բոլորովին վերջերս «Բարեկամության կասկադ» համալիրի 3-րդ հարթակում բացված «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնը նույնպես տնօրինում է Հակոբ Ղազանչյանը։ Գիտենք, որ շուրջ մեկ տարի հեռարձակվում է նրա «Բեմական խաչմերուկ» հաղորդաշարը։ Արդյո՞ք չի անտեսվի մեր պատանիների թատրոնը։ Այս առիթով պարոն Ղազանչյանն ասաց. «Փաստորեն «Բեմական խաչմերուկը» հաղորդաշարից վերածվեց կազմակերպության՝ իրավաբանական կարգավիճակով։ Չեմ թաքցնում, սա իմ 20 տարիների երազանքն էր։ Կգործի 120 տեղանոց թատերասրահը, ուր կլինեն հեղինակային երեկոներ, շնորհանդեսներ։ Երիտասարդները, որ ցանկություն կհայտնեն իրականացնել պրոյեկտներ՝ խնդրեմ։ Արդեն բանակցություններ են տարվում բեմադրել մի պիես, ուր ընդգրկված կլինեն տարբեր ազգերի արվեստագետներ։ Աշխատանքները կատարվում են «Բեմական խաչմերուկի» հոնորարով եւ, իհարկե, ընկերներիս աջակցությամբ։ Ուզում եմ օգտվել մեր զրույցից ու ի պատասխան շրջող լուրերի ասել, որ մշակութային կենտրոնը եւ թատրոնը տարբեր բաներ են, եւ հայտարարել, որ ես չեմ պատրաստվում թողնել թատրոնը։ Կենտրոնում այլ ծրագրեր իրականացնելուն զուգահեռ, կլինեն եւ կան պիեսներ, որ մեր թատրոնի պրոֆիլին չեն համընկնում։ Այդօրինակները կբեմադրվեն կասկադում…»։ Մեր այն հարցին, որ Հակոբ Ղազանչյանն ունի նաեւ «հյութալի» առաջարկ՝ Արմեն Ջիգարխանյանի թատրոնում աշխատելու՝ չհերքվեց, փոխարենը ստացանք հետեւյալ պատասխանը. «Արդեն 2,5 տարի է, ինչ մեծանուն դերասանը հրավիրում է ինձ Մոսկվա՝ իր թատրոնում աշխատելու։ Հայաստանում ինձ պահող, ինձ կապող շատ բան կա, եւ ես մտադրություն չունեմ մեկնելու»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել