ԳԻՐՔ՝ ԾՆՎԱԾ ՍԻՐՈՒՑ ԵՎ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ 1991-ից հրատարակվում է AIM («Armenian International Magazine») հանդեսը, որի հիմնադիրը ներկայիս ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է։ Երկար տարիներ ամսագիրը խմբագրել է Սալբի Ղազարյան-Հարությունյանը։ Այժմ նա տեղափոխվել է աշխատանքի՝ արտաքին գործոց նախարարությունում։ Նրան փոխարինել է Թոնի Հալփինը։ Հանդեսը երեկ ներկայացնում էր իր խմբագիրներից մեկի՝ Ջոն Հյուզի «Հայաստան։ Պատմություն էսսեներով եւ պատկերներով» գիրքը։ Գիրքը հրատարակել է AIM-ի հրատարակիչ «Չորրորդ հազարամյակի ընկերակցությունը»։ Սալբի Ղազարյանը հիշեց, թե ինչպես Ջոնը երեք ամսով եկավ Հայաստան ու մնաց 3 տարի. «Այժմ, երբ Ջոնին հարցնեք՝ որտեղ է քո տունը, կասի՝ Հայաստանում»։ Ավելի ուշ, Ջոնն՝ ինքը, մի փոքր այլ կերպ արտահայտեց Սալբիի միտքը. «Երբ 5 տարի առաջ առաջին անգամ Հայաստան էի գալիս, ոչինչ չգիտեի այս երկրի մասին։ Այն աշխարհում, որի մասին տեղեկություն ունեի, Հայաստանը չկար։ Սակայն հիմա ուրախ եմ, որ գալով այսքան փոքր տեղ, իմ աշխարհն այսքան մեծացավ։ Հայաստան գալիս ինձ հարցնում էին, որտեղ է Հայաստանը։ Ասում էի՝ չգիտեմ։ Եթե հիմա հարցնեն, պիտի պատասխանեմ՝ իմ սրտում։ Հուսով եմ, այս գրքի էջերում պատկերավոր կզգաք իմ զգացմունքները»։ Ինչո՞ւ հենց Ջոնը եւ ինչո՞ւ հենց «Հայաստան։ Պատմության էսսեներով եւ պատկերներով»։ Այս հարցին Սալբի Ղազարյանն ուներ իր պատասխանը. «Սփյուռքում կարողացանք գտնել այս մարդուն, որ հանգիստ մտքով, հանգիստ աչքով եւ բաց սրտով պատրաստ էր նոր երկիր եւ նոր ժողովուրդ ճանաչելու։ Կարծում եմ, Ջոնի նման մարդիկ կարող են իրականացնել «Արմենիա ուիք» ծրագիրը (սա AIM-ի նոր ինտերնետային ծրագիրն է, որի հասցեն է՝ www.armeniaweek. com- Մ.Բ.)։ Հուսով եմ, մի 4-5 ամսից այն կդառնա մի խոշոր ծրագիր։ Ջոնը արդար հայելի է Հայաստանի եւ հայության համար։ Մեր խնդիրն էր՝ ոչ միայն ծափահարել կամ քննադատել, այլ՝ հանդիսանալ արդար հայելի, ցույց տալ այն, ինչ որ կա իրականում»։ Շնորհանդեսի ընթացքում շնորհավորանքների տարափի տակ ընկած Ջոնից, այնուամենայնիվ, կարողացանք մի երկու հարցի պատասխան կորզել. – Երբ եկաք Հայաստան, արդեն իսկ ձեւավորված նպատակ կա՞ր՝ գիրք գրել մեր երկրի մասին, թե՞ այդ միտքը հղացաք հետո։ – Առաջին անգամ ոտք դնելով Հայաստան, որեւէ նպատակ չունեի գիրք գրելու, բայց մի քանի այցերից հետո շատ ոգեւորվեցի եւ որոշեցի ստեղծել մի նոր գիրք Հայաստանի մասին։ Որպես լրագրող, ես Հայաստանը շատ հետաքրքիր երկիր գտա։ Մարդկայնորեն մեծ հաճույք եմ ստանում այս երկրի մարդկանց հետ շփվելուց։ – Նոր, անծանոթ երկիր հայտնաբերեցիք Ձեզ համար։ Հատկապես ի՞նչը Ձեզ հետաքրքրեց այստեղ։ – Ես մեծացել եմ Ամերիկայի հարավում՝ Ալաբամայում, եւ պիտի ասեմ, որ շատ ընդհանուր ու ծանոթ բաներ հայտնաբերեցի այստեղ։ Մարդիկ այստեղ նույն բաներն են գնահատում, նույն արժեքներն են գնահատում, նույն կերպ են մտածում, ինչ որ իմ հայրենիքում։ – Որքա՞ն տեւեց աշխատանքը գրքի վրա։ – Ընդհանուր հաշվով երեք տարի։ Մոտ մի տարի ուղղակի ապրում էի այստեղ, ծանոթանում երկրին, մարդկանց։ Երկու-երեք ամիս տեւեց բուն գրելու պրոցեսը։ Որոշ ժամանակ Բրյուս Սթրոնգի հետ (լուսանկարների հեղինակի- Մ.Բ.) աշխատում էինք ֆոտոների վրա։ Եվս մի քանի ամիս տեւեցին խմբագրական եւ հրատարակչական աշխատանքները։ – Գո՞հ եք վերջնական արդյունքից։ – Ուզում եմ լինել օբյեկտիվ։ Եվ օբյեկտիվ, կողմնակի հայացքով դիտելիս պիտի ասեմ, որ ինձ դուր է գալիս իմ ու Բրյուսի աշխատանքի արդյունքը։ Մենք ուզում էինք շատ որակով աշխատանք անել, ցույց տալ, որ Հայաստանը իրական երկիր է, որի մասին կարելի է որակով պատմել։ Ուզում էի գրքի դիզայնն ու ֆոտոները այնպիսին լինեին, որ գիրքը տարբերակվեր մինչ այդ եղած Հայաստանի մասին պատմող գրքերից։ – Մարդկանց նման երկրները եւս ունեն այն նրբերանգը (Ռջ254ՎՌվՍՈ-ն), որով նրանք այլն են, չեն նույնացվում մյուսների հետ։ Ի՞նչ եք կարծում, գտա՞ք Հայաստանի նրբերանգը։ – Մինչ գիրքը սկսելը, ես Հայաստանի մասին պատմող շատ գրքեր կարդացի եւ զարմանում էի, որ դրանց մեջ չկան մարդկանց մասին պատմող հոդվածներ, պատմություններ։ Կային եկեղեցիների, բնության, պատմության վերաբերյալ նյութեր։ Իսկ մարդկանց՝ հայերի մասին, ոչինչ չկար։ Ինձ համար Հայաստանը հենց Հայաստանի մարդիկ են, հայերը։ Մարդիկ, որ ապրում են այստեղ՝ ահա Հայաստանի ամենակարեւոր ու մեծ հարստությունը։ Մարդիկ, որոնց հետ ես ապրում եմ, որոնց սիրում եմ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ