Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միություն ՀԿ-ն հարկադրված էր դատական կարգով պաշտ

Հոկտեմբեր 31,2001 00:00

Լիրիկան ՆԳՆ-ին դատարան բերեց Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միություն ՀԿ-ն հարկադրված էր դատական կարգով պաշտպանել տեղեկություններ ստանալու իր՝ սահմանադրական եւ օրենսդրական իրավունքը։ Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսեց ու ավարտվեց դատական նիստը, ուր քննարկվեց «Աքիլլեսի» հայցադիմումն ընդդեմ ՆԳ նախարարության։ Վերջինս մերժել է տեղեկություններ տրամադրելու «Աքիլլեսի» գրավոր խնդրանքը՝ թեեւ, ինչպես միության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց՝ իրենց ուզած տեղեկությունները պետական գաղտնիք չէին եւ պարբերաբար հրապարակվում են մամուլում։ Մասնավորապես, «Աքիլլեսը» խնդրել էր տրամադրել 1999- 2001 թթ. ընթացքում ավտովարորդների կատարած վարչական իրավախախտումների եւ նրանց նկատմամբ ընտրված վարչական տույժերի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն։ ՆԳ նախարարի տեղակալ Արարատ Մահտեսյանը գրավոր պատասխանում հայտնել է, որ «ՆԳ նախարարությունը Ձեզ վիճակագրական տվյալներ տրամադրելը նպատակահարմար չի գտնում»։ Պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու մասին «Աքիլլեսի» հայցադիմումում Է. Հովհաննիսյանը խնդրում էր «պատասխանողին պարտավորեցնել տրամադրել մեր նամակում նշված տեղեկատվությունը, վերացնել թույլ տված խախտումը՝ ուղարկված գրությանը պատճառաբանված եւ հիմնավոր պատասխան տալով»։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ իրավական ապահովման վարչության ավագ տեսուչ Լյովա Տիգրանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակների համար էին ուզում վերոհիշյալ տեղեկությունները։ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց հիմնական նպատակը ավտովարորդների իրավունքների պաշտպանությունն է։ Եվ օբյեկտիվ տեղեկություններն իրենց անհրաժեշտ են, որպեսզի արդյունավետ աշխատեն։ Թե՛ նիստը նախագահող դատավոր Արամյանը, թե՛ պատասխանող կողմը մի քանի անգամ շեշտեցին, որ «Աքիլլեսի» նպատակները շատ գովելի են։ Սակայն տեղեկություններ տալ ՆԳՆ-ն, այնուամենայնիվ, մերժել էր, եւ ինչպես դատավորը նկատեց՝ սուբյեկտիվ ձեւակերպմամբ: «Նպատակահարմար չի գտնում» ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ ՆԳՆ-ն կարող է, բայց չի ուզում տեղեկություններ տալ։ Սակայն պատասխանող կողմի՝ դատարանում ներկայացված փաստարկը, որով մերժվում էր տեղեկություններ տալը, բոլորովին այլ էր։ Պրն Տիգրանյանը տեղեկացրեց, որ 2000 թ. ապրիլին ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ցանկացած պաշտոնական վիճակագրական տեղեկություն քաղաքացիները կարող են եւ պետք է ստանան Ազգային վիճակագրական ծառայությունից։ Ըստ ՆԳ ներկայացուցչի՝ ՆԳՆ-ն ամեն ամիս տվյալներ է ներկայացնում այդ ծառայությանը։ Վերջինիս վերստուգումից ու համակարգումից հետո միայն այդ տվյալները համարվում են վիճակագրական տեղեկատվություն եւ ենթակա են հրապարակման՝ այդ ծառայության համաձայնությամբ։ Իսկ ՆԳՆ-ն նման տեղեկություններ տալու իրավունք չունի։ Սակայն «Աքիլլեսին» տրված ՆԳՆ-ի պատասխանում այս հիմնավորումը չկա եւ նույնիսկ ՆԳ ներկայացուցիչն էր ստիպված նկատել, որ եթե հստակ պատասխան տրվեր, գործը դատարան չէր հասնի։ «Զուտ բանասիրական, լիրիկական այդ «նպատակահարմար» բառը չգիտեմ ո՞վ է գրել, որ մեր ժամանակը հիմա այսպես խլում է»,- «Աքիլլեսի» նախագահի վրդովմունքը կիսելով՝ նկատեց պրն Տիգրանյանը եւ ներողություն խնդրեց դրա համար։ Սակայն «Աքիլլեսի» ներկայացուցիչների կարծիքով, ՆԳՆ-ի համար նման պատասխանը ոչ թե բացառություն է, այլ աշխատաոճ։ ՆԳՆ-ին ուղղված մոտ 4-5 նամակները նույն բախտին են արժանացել։ Ընդ որում՝ այս խնդրահարույց նամակին ՆԳՆ-ն պատասխանել էր միայն երկու ամիս անց՝ թեեւ «Քաղաքացիների դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է, որ քաղաքացիների դիմումներին եւ բողոքներին պետք է պատասխանեն մեկ ամսից ոչ ուշ։ Օրենքի պահանջն է նաեւ, որ «պատասխանը պետք է լինի ըստ էության», ինչը չես կարող ասել ՆԳ նախարարի տեղակալի պատասխանի մասին։ Ի դեպ, օրենքը նաեւ ամրագրում է, որ եթե դիմումներում առաջարկված հարցի լուծումը չի վերապահվում տվյալ պետական մարմնի տնօրինությանը, ապա այն պարտավոր է ոչ ավելի, քան հնգօրյա ժամկետում դիմումը ուղարկել ըստ պատկանելության կամ այդ մասին ծանուցել դիմողներին։ Ակնհայտ է, որ այս դեպքում խախտվել են օրենքի բոլոր այս պահանջները։ Դատարանը երեկ վճիռ կայացրեց, ըստ որի՝ ՆԳՆ-ն պարտավորվում է «Աքիլլեսի» գրությանը տալ «հիմնավոր եւ պատճառաբանված պատասխան»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հ. Գ. Դատավորը, կատարելով պատասխանող կողմի՝ ՆԳ ներկայացուցչի ցանկությունը, դատական նիստի ժամանակ չթույլատրեց տեսալուսանկարահանում կատարել՝ թեեւ ինքը դրա մեջ վատ բան չէր տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել