ՔՐԵԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆ ՉԻ ՏԵՍԵԼ «Առավոտի» ընթերցողներին մենք պարբերաբար տեղեկացրել ենք ռազմական ոստիկանության ԶՈՒԲ բաժնի պետ Արշակ Մանուկյանի ձերբակալության եւ դրա պատճառների մասին։ Գլխավոր պատճառը, ինչպես տեղեկացրել էին մեզ իրավասու մարմինները, Մարտակերտի շրջանի N զորամասի նախկին զինծառայող Մհեր Հախվերդյանի սպանությանը բացահայտելուն հաջորդած օպերատիվ միջոցառումների իրականացումն է եղել, ՌՈ ընդունիչ-բաշխիչ տեղափոխված զինծառայող Երջանիկ Սարգսյանի նկատմամբ կատարված բռնությունները։ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժանմունքի օպերլիազոր Արտակ Նիկողոսյանի նկատմամբ սույն թվի սեպտեմբերի 21-ին ՀՀ Գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Թարվերդյանը կայացրեց որոշում՝ նրան սույն գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Ընդ որում, ինչպես քննիչն էր հավաստել «գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք հիմք են տալիս որպես մեղադրյալ ներգրավել Արտակ Նիկողոսյանին»։ Հայաստանի քրեագիտության նորագույն պատմությունը դեռ նման դեպք չի արձանագրել. սպանության մեջ մեղադրվածը դատապարտված է (հանցագործ է), սպանությունը բացահայտողները ձերբակալված են (հանցագործ են), եւ տուժող են այս գործով, մի դեպքում հայրենիքին զինվոր տված զինվորի ծնողները եւ ըստ էության՝ դատապարտված-կալանվածների ծնողները։ Արտակ Նիկողոսյանի մայրը՝ Նվարդ Սաքեյանը իր որդու ձերբակալման փաստի առթիվ օրեր առաջ դիմումներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանին, ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին, ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանին։ «Անօրինության դեմ պայքարի գաղափարը դարձել էր որդուս «ռոմանտիկան», գրում է օպերլիազորի մայրը եւ խիստ զգացմունքային իր նամակում շարունակում. «1999թ. փետրվարի 1-ին, որպես զինվորական ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազոր՝ ուղարկվեց ԼՂՀ։ Առաջին իսկ ամիսների ընթացքում իր աշխատանքում աչքի ընկնելու, մի քանի ծանր հանցագործություններ բացահայտելու համար որդիս արժանացավ շնորհակալության եւ խրախուսանքի»։ Մոր դիմումում նշվում է մի փաստարկի մասին եւս. Միշա Հարությունյանի կողմից «կատարվել» է սպանություն 1998թ. դեկտեմբերի 4-ին, Արտակը, որն «անցնում» է այս գործով (իբրեւ ծեծող) աշխատանքի է անցել 1999թ. փետրվարի 1-ին։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Մարտիրոսյան) առանց մեղադրյալ Արտակ Նիկողոսյանի մասնակցության խափանման միջոց երբ ընտրեց կալանքը (սեպտեմբերի 23), «պարզել էր». «1999թ. մարտի 1-ին ոստիկանության օպերատիվ հետախուզության բաժանմունքի պետ Արշակ Մանուկյանի հանձնարարությամբ», «ուղեկցող դասակի ջոկի հրամանատար Հայկ Մկրտչյանի եւ մյուսների մասնակցությամբ», «այնուհետեւ հրահանգով»… «ներկա է գտնվել աքցանով Կ. Ա. եւ Գ. Տ. ձեռքերի մատները սեղմելուն». խոշտանգումներ կամ «նույնաբնույթ գործողություններ» է կատարել զինծառայողներ Կարեն Անտոնյանի, Գուրգեն Տավարածյանի, Միշա Հարությունյանի նկատմամբ։ Հետաքրքիր է, որ դատարանը չլսելով Ա. Նիկողոսյանի հակափաստարկները, արձանագրել էր, թե նա «նախաքննական մարմնի ծանուցմամբ չի ներկայացել քննիչին, եւ ներկայումս նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան» եւ, որ «նա թաքնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից ու խուսափում է պատասխանատվությունից»։ ՀԿԳ քննիչի կողմից, երբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվում, Ա. Նիկողոսյանի քննությունից խուսափելու կամ թաքնվելու մասին ոչինչ չկար, ընդհակառակը, ինչպես Ա. Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը երեկ մեզ տեղեկացրեց, նա սեպտեմբերին իբրեւ վկա կանչվել է հանրապետության Գլխավոր դատախազություն։ Իսկ սեպտեմբերի 24-ին մոր եւ պաշտպանի հետ գնացել է դատախազություն, որտեղ էլ ժ. 17-ի սահմաններում… ձերբակալվել է. «Որդիս եւ երկու ուղեկցողներ դուրս եկան շենքից եւ իրենց մեքենայով գնացին անհայտ ուղղությամբ»։ Հետո պիտի պարզվեր, որ Ա. Նիկողոսյանը տեղափոխվել է թիվ 1 մեկուսարան։ Պաշտպանը, որը նախկինում Արշակ Մանուկյանի շահերն էր ներկայացնում, այս սեպտեմբերի 24-ից կներկայացնի Ա. Նիկողոսյանի շահերը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ