Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս

Հոկտեմբեր 31,2001 00:00

Զարթոնքն ու Արտաշարն ընդդեմ կարպային տնտեսության Դեռեւս ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1964թ. օգոստոսի 12-ի թիվ 352 որոշմամբ՝ ապրանքային ձկնաբուծարաններ ստեղծելու նպատակով սննդարդյունաբերության վարչությանը հատկացվել էր 200 հա հողատարածք Եղեգնուտի սովխոզի հողերից։ Մինչ օրս դրանք գտնվում են Արմավիրի մարզի Զարթոնք եւ Արտաշար համայնքների վարչական տարածքներում։ Ներկայումս շուրջ 230 հա հողատարածքը գտնվում է Արմավիրի կարպային տնտեսություն ԲԲԸ-ի տնօրինության տակ, որը, համաձայն 1991թ. գործողության մեջ դրված Հողային օրենսգրքի 20-րդ հոդվածի, իր հողօգտագործման իրավունքը պետք է իրականացներ միայն Արտաշարի եւ Զարթոնքի գյուղխորհուրդների որոշումներով։ Գյուղապետերը, սակայն, գտնում են, որ 1996-ից սկսած, հողատարածքն օգտագործվում է ոչ միայն առանց վարձակալության պայմանագրի, այլեւ ոչ ըստ նպատակային նշանակության, քանի որ այդ տարածքում այժմ հացահատիկ է ցանվում։ Եվ եթե 1 հա հողի համար գյուղացիները վճարում են մոտ 10-15 հազար դրամ, ապա Արմավիրի կարպային տնտեսությունը՝ ընդամենը 2000-3000 դրամ։ Իսկ ջրի վարձ նրանից ընդհանրապես չի գանձվում, որովհետեւ 230 հա հողատարածքները ներկայացվում են իբրեւ ջրային տարածքներ։ Նշենք, որ 1996թ. նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած ՏԻՄ-երի մասին օրենքի 30 հոդվածի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքի եւ պետական սեփականություն համարվող հողերը հատկացվում, հետ են վերցվում ու վարձակալության են տրվում միայն համայնքի ղեկավարների համաձայնությամբ։ 1997թ. փետրվարի 21-ին ՀՀ Պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության եւ Արմավիրի կարպային տնտեսության միջեւ կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր, որի 3-րդ կետով սեփականաշնորհված ձեռնարկությանը պատկանում է Արմավիրի կարպային տնտեսությունը՝ շենքերի 350 քմ տարածքով։ Իրականում այդտեղ շինություններ չկան եւ ընդամենը խողովակաշար է անցկացվում։ Թեեւ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին օրենքը պահանջում է, բայց սեփականաշնորհման պայմանագրում բացակայում են տվյալ ձեռնարկության զբաղեցրած հողակտորի գծանշումը, օգտագործման պայմանները։ Գյուղացիների ճնշման տակ Արմավիրի կարպային ընկերության կողմից օգտագործվող հողերը հետ ստանալու հայցով Արտաշար եւ Զարթոնք գյուղերի գյուղապետերը դիմել էին Արմավիրի առաջին ատյանի դատարան (դատավոր՝ Խանդանյան)։ Ներկայումս գործը քննվում է վերաքննիչ դատարանի կողմից (դատավոր՝ Կ. Չիլինգարյան), որը որոշեց բավարարել պատասխանողի՝ կարպային տնտեսության տնօրեն Ազատ Հարությունյանի միջնորդությունը՝ գործի քննությունը հետաձգել մինչեւ նոյեմբերի 19-ը, նրա՝ պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու նպատակով։ Իսկ հայցվորի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի պահանջը հետեւյալն էր՝ դադարեցնել կարպային տնտեսության հողօգտագործման իրավունքը Արտաշարի եւ Զարթոնքի համայնքներում, անվավեր ճանաչել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի ստորաբաժանման կողմից 99թ. հոկտեմբերի 6-ին Արմավիրի կարպային տնտեսության անվամբ կատարված հողի օգտագործման իրավունքի գրանցումը եւ կարպային տնտեսության տնօրինության տակ գտնվող հողերը վերադարձնել Արտաշար եւ Զարթոնք համայնքներին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել