Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցեեւ

Հոկտեմբեր 31,2001 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՎԵՑ. ՄՆԱՑ ԿԱՏԱՐԻ «Գուցեեւ պատահականություն է, որ Օրհուսի կոնվենցիան աշխարհում սկսեց գործել Հայաստանի միջոցով»,- երեկ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում ասաց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի տնտեսության եւ շրջակա միջավայրի գծով խորհրդական Ֆրանկ Էվերսը։ ՀՀ ԱԺ Կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը հույս հայտնեց, որ դա պատահականություն չէ՝ նկատի ունենալով մեր Սեւանը, անտառները, գետերը։ «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան ուժի մեջ մտավ երեկ, երբ լրացավ այն ստորագրած 40 երկրներից 16-րդի, որն, ինչպես հասկացաք, Հայաստանն է, Ազգային ժողովի կողմից այն վավերացնելու 90 օրը։ Տեխնոլոգիական աղետների դարում ինֆորմացիայի մատչելիությունը, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության մշտական համակարգողի պաշտոնակատար Վալերի Տկաչուկի կարծիքով, ժողովրդավարության ցուցանիշ է։ Կոնվենցիան ստորագրելը հեշտ բան է, շատ ավելի դժվար էր վավերացնել։ Ավելի ճիշտ. շահագրգիռ հասարակական եւ միջազգային կազմակերպությունների համար բնապահպանության նախարարությանը եւ ԱԺ-ին համոզելն էր դժվար. առաջինին՝ վավերացման համար անհրաժեշտ աշխատանքի իր մասն անել, երկրորդին՝ պարզապես վավերացնել։ Սակայն ամենադժվարն, իհարկե, կոնվենցիան կիրարկելն է։ Մանավանդ, որ կոնվենցիան որպես այդպիսին կիրարկելի չէ. այն ընդհանուր, դեկլարատիվ բնույթ ունի։ Դրանից բխող օրենքներն են, որ դեռ պետք է մշակվեն, ընդունվեն, հաստատվեն ու, եթե բախտները բերի, կիրարկվեն։ Շավարշ Քոչարյանը այս կոնվենցիան կարեւորում է ոչ միայն այն տեսակետից, որ իշխանությունը դրանով պարտավորվում է տեղեկությունները բացել հասարակության համար եւ սպառիչ պատասխաններ տալ, այլեւ այն առումով, որ հակառակ դեպքում բաց եւ սպառիչ տեղեկատվություն ակնկալողը կարող է դատական կարգով բողոքարկել այդ պատասխանները։ Ի դեպ, պրն Քոչարյանն առիթն օգտագործեց մի քիչ լոբբինգ անելու սեփական համահեղինակության Սահմանադրության նախագծի օգտին, քանի որ գործող Սահմանադրությունը շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մեկ՝ անորոշ, դեկլարատիվ դրույթ է պարունակում, իսկ իրենցը դրան անդրադառնում է ամբողջ երեք գլուխներում։ Եվ եթե նույնիսկ ձեւակերպումներն այստեղ լավագույնները չեն, հեղինակների կարծիքով, բովանդակությունը համապատասխանում է Օրհուսի կոնվենցիայի ոգուն, իսկ մնացածը համագործակցության խնդիր է։ «Շրջակա միջավայրի իրավական պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Աիդա Իսկոյանը տեղին նկատեց, որ բոլոր գերատեսչությունների գործունեության մեջ կան էկոլոգիային վերաբերող տարրեր։ Եվ հետեւաբար այդ գերատեսչությունները չպետք է սպասեն, մինչեւ քաղաքացիները պահանջեն այդ ինֆորմացիան, այլ ունենալուն պես այն հրապարակեն։ Հենց տիկին Իսկոյանը կարեւորեց կոնվենցիայից բխող օրենքների ստեղծումը, քանի որ դատարան չես գնա ձեռքիդ կոնվենցիան, որին դատավորները կարող են եւ տեղյակ չլինել։ Դեռ կերեւա, թե այս կամ այն գերատեսչությունն ինչպես կնպաստի որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության կայացումն ապահովող օրենսդրական դաշտի ստեղծմանը։ Համենայնդեպս, «Կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանի բազմիցս եւ նաեւ երեկ հնչեցրած մեկ ինֆորմացիան ամենեւին լավատեսություն չի ներշնչում. «Մասնակցում ենք (նկատի ունի ՀԿ-ներին- Ա.Գ.) քաղաքապետարանի տարբեր ծրագրերի, բայց վճիռներ կայացնելիս ձայն չունենք։ Քաղաքի կանաչ տարածքների համար այդքան կռիվ ենք տալիս, բայց մի ծառ էլ չենք փրկել»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. ԱԺ առողջապահության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ոչ ոք չէր ներկայացնում։ Կազմակերպիչներն ասացին, որ նախագահը՝ Գագիկ Թադեւոսյանը, հրավիրված էր, սակայն քաղաքում չէ։ Իսկ հանձնաժողովի մյո՞ւս անդամները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել