Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջերս Ռոբերտ Քոչարյանն այցելեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ, որն իբր նոր է վերագործարկվել։

Հոկտեմբեր 31,2001 00:00

Վերաբացվում են վաղուց վերաբացվածները Վերջերս Ռոբերտ Քոչարյանն այցելեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ, որն իբր նոր է վերագործարկվել։ Մինչդեռ այդ մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռեւս վարչապետ Վազգեն Սարգսյանի օրոք։ Այդ մասին մեր զրույցի ընթացքում պատմել էր «Մեթըլ Փրինս» ընկերության նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը։ Երբ նրան խնդրեցինք մանրամասնել հեռուստահարցազրույցում ասված իր այն միտքը, թե «աս ոճրագործությունը («Հոկտեմբերի 27»-ի.- Ա. Ի.) շատ վնաս տվավ մեզի», պրն Տեր-Պողոսյանն ասաց. «Մեր քոմփընին արդեն պայմանագիր ստորագրելու պատրաստված էր վարչապետ Վազգեն Սարգսյանի ժամանակ։ Նախարարության հետ երկար ժամանակ բանակցել էինք։ Վազգեն Սարգսյանը հրահանգել էր, որ «պայմանագիրն անմիջապես ստորագրեք, ի՞նչ կսպասեք»։ Ատ պայմանագիրը ստորագրելը մեզի կարեւոր էր, որովհետեւ ատ ժամանակ մեր աշխատանքի փողը պետք է բանկերը տային։ Բանկերը պիտի նախնական գումար վճարեին մեզի, աշխատանքը տարվիր, վերջեն եկամուտեն պիտի վճարեինք։ Երկու ձեւով վնասվեցանք։ Մի հատ՝ երբ որ Վազգեն Սարգսյանը սպանեցին եւ ատ պայմանագրին հարցը նորեն դադրեց, չկրցանք պայմանագիրը ստորագրել։ Երկրորդ բանը, որ ատ բանկերը, որ մեզի պետք է վարկը տային՝ հրաժարվեցին, վախցան, որ երկրի մեջ խռովություն կըլլա։ Ուրեմն, մենք մոտավորապես 7-8 ամիս ուշ մնացինք սկսելու։ Վերջիվերջո, երբ որ տեսանք վարկ չեն տար՝ ստիպվեցի ընկերներու, բարեկամներու, եղբայրներու, որ մեր ամսական գումարներովը աս առաջին ծախսը հոգանք, որ կրնանք գործի մեջ մտնել։ Ատ մեծ վնաս եղավ ֆինանսական»։ Ինչեւէ։ «Հոկտեմբերի 27»-ի պատճառով Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի վերագործարկումն ուշացավ 1 տարով։ Բայց, համենայն դեպս, այն վերջերս չէ, որ տեղի էր ունեցել, ինչպես տարփողվեց ակնհայտ նախընտրական քարոզչական նպատակներով։ Եվ այս կոմբինատն այս առումով միակը չէ։ Մամուլում հաղորդվել էր Շիրակի մարզի մի դպրոցի մասին, որը Քոչարյանի պատվին վերաբացեցին երրորդ անգամ։ Իսկ Լոռու մարզ նախագահի կատարած այցելության մասին տեսանյութերից ինձ համար զարմանքով պարզեցի, որ Վանաձորի «Պրոմեթեւս-քիմպրոմը», որի սեփականաշնորհման համար անհրաժեշտ նախնական հարկային համաներումը դեռ նախորդ խորհրդարանում էր կատարվել (ի դեպ, նաեւ Ազատ Արշակյանի գործադրած հսկայական ներքին լոբբիստական ջանքերի շնորհիվ) տակավին վերջերս է «վերագործարկվել»։ Եվ իհա՛րկե Ռոբերտ Քոչարյանի տնտեսական հմուտ քաղաքականությա՛ն շնորհիվ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել