«ԿԱՏԱՐՎԱԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԷ» 1999-ի հոկտեմբերի 27-ի գիշերը CNN-ին ասել էր նախագահի խորհրդական Կասյա Աբգարյանը։ Վերջերս նա իր մեկշաբաթյա արձակուրդն անցկացրեց Հայաստանում եւ դարձյալ վերադարձավ ԱՄՆ հոկտեմբերի 28-ի գիշերը։ -Որքան հայտնի է, երկու տարի առաջ Հայաստանից հեռանալու եւ պաշտոնը թողնելու պատճառն այն էր, որ պատրաստվում էիք ունենալ երկրորդ երեխա՞ն։ – Այո։ Միա՛յն։ Երբ ես հեռացա, արդեն 8 ամսվա հղի էի։ Նախապես նոյեմբերի 9-ի համար տոմս էի գնել, հետս դայակիս էի տարել՝ նույնիսկ նրա վիզան եւ տոմսն էին պատրաստ։ Ուղղակի այդպես ստացվեց, որ իմ գնալուց 10-12 օր առաջ եղան այդ տհաճ դեպքերը։ Բայց մեկ է՝ գնալու էի։ Շատ շուտ հետ չվերադարձա եւ այդ պատճառով դա դարձավ խոսելու առիթ։ – Նման մեկնաբանություններ հետո եղան, որ Ձեր հեռանալն առնչվում էր «Հոկտեմբերի 27»-ի իրադարձություններին եւ Ձեզ ուղղակի փախցրին, քանի որ այդ գործով հարցաքննելու անհրաժեշտություն էր առաջացել։ Տեղյա՞կ եք այս մեկնաբանություններին։ – Անկեղծ ասած, գնալուցս հետո շատ քիչ եմ կարողացել հետեւել, թե ինչ է կատարվում այստեղ՝ քանի որ հիվանդանոց, երեխա եւ այլն։ Այդ լուրերն ինձ հասան անուղղակի ձեւով։ Հեռախոսով ինձ մի երկու բառ ասացին այդ մասին, որից շատ չանհանգստացա էլ։ Եթե իրոք հարցաքննելու հարց կար՝ ես այստեղ էի դեռ երկու շաբաթ։ Բայց ոչ մեկն ինձ հետ կապվելու փորձ չարեց։ Իմիջիայլոց, հետո էլ ամուսինս էր այստեղ, բայց նրան էլ որեւէ մեկը չէր ասել, թե այդպիսի բան կա։ Նրան հասել էին լուրերը, որ այդպիսի հարց կա եւ երբ հեռախոսով ինձ ասաց այդ մասին, անդրադարձանք, թե ինչո՞ւ ծանուցագիր չեն ուղարկում, ինչո՞ւ գոնե դեսպանատան կամ հյուպատոսարանի միջոցով չեն կապվում ինձ հետ։ Վստահ չեմ՝ հարցաքննելու անհրաժեշտությունը միայն խոսակցությո՞ւն էր։ Բայց աբսուրդ է, որ հետաքրքրված լինեին եւ չգտնեին ինձ։ Ի վերջո, ես անցյալ տարվա սեպտեմբերին էլ էի եկել այստեղ՝ ներկայացնելու իմ հրաժարականը նախագահին։ Եվ երկու շաբաթ Հայաստանում էի՝ բոլորը գիտեին։ Եթե փախցնելու խնդիր կար՝ ինչո՞ւ այդքան շուտ հետ եկա։ Դեռ հեռախոսով էի ամուսնուս ասել, որ եթե իսկապես այդպիսի բան կա՝ ես պատրաստ եմ գալ։ Եթե կասկած կար, թող ծանուցագիր ուղարկեին եւ ես կգայի հարցաքննության՝ անձնապես ինձ համար շատ կարեւոր է կասկածները վերացնելը։ – Թերեւս հարցաքննելու անհրաժեշտությունը պիտի պայմանավորված լիներ Նաիրի Բադալյանի հետ շփումներով, եթե, իհարկե, չկան այլ տվյալներ եւս։ – Նաիրի Բադալյանին ծանոթացել եմ ընտրարշավի ընթացքում, եւ աշխատել ենք միասին։ Նա ուղղակի հետազոտություններ էր անում, թե առանձին ընտրախավերի ի՞նչ է հետաքրքրում, ի՞նչ տրամադրություններ ունեն։ Միայն այդպիսի աշխատանք ենք արել միասին։ Նախընտրական արշավի ընթացքում, իհարկե, ավելի ակտիվ էին շփումները, իսկ երբ պրն Քոչարյանը նախագահ դարձավ՝ շփվել ենք ավելի քիչ։ Ասենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ նա հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է անցկացրել մեզ համար, բայց շատ ավելի քիչ։ Իհարկե, նա ինձ մոտ բավական շատ է եկել։ Բայց ո՛չ այդ դեպքերից առաջ։ Ես գիտեմ, քանի որ երբ Նաիրիին ձերբակալեցին, ես այստեղ էի։ Դրա համար էլ հիշում եմ, քանի որ նստել, մտածել եմ, թե ինչ, ինչով են կարող… Եվ Նաիրին ինձ մոտ եղել է այդ դեպքերից մեկ ամիս կամ 40 օր շուտ։ Դրանից հետո նրան չեմ տեսել։ – Առավել քննարկվում է CNN-ին Ձեր տված հարցազրույցը, որտեղ ասել էիք, թե խորհրդարան ներխուժած հնգյակը թմրամոլներ են, որոնք գործել են թմրադեղերի ազդեցության ներքո։ – CNN-ին ես իրոք շուրջ 20 րոպեանոց հարցազրույց եմ տվել հենց այդ գիշերը, երբ նախագահը գնացել էր Ազգային ժողով։ Որ ես իբր նման բան եմ ասել այդ հարցազրույցում՝ առաջին անգամ լսեցի երեկ երեկոյան։ Այդպիսի բան չեմ ասել ընդհանրապե՛ս, քանի որ չէի կարող ինձնից նման բան հորինել։ CNN-ին ավելի շատ հետաքրքրում էր, թե Վազգեն Սարգսյանն ով է, ինչ է նրա դերը՝ եւ ոչ միայն որպես վարչապետ, այլեւ քաղաքականորեն ինչ էր ներկայացնում։ Կամ հետաքրքրում էր, թե ինչո՞վ կարելի է բացատրել եղածը։ Բայց այդ ժամանակ դեռ ոչ մի բան հստակ չէր, ոչ մեկս չգիտեր, թե ինչ է կատարվում։ Ինձ ուղղակի մի տեղեկություն էր հասել, որ կատարվածը կապված չէ քաղաքական որեւէ շարժման հետ եւ ընդհանրապես՝ քաղաքական չէ, այլ ավելի շատ՝ անձնական։ Այսինքն՝ ոչ թե Վազգեն Սարգսյանի եւ Նաիրիի միջեւ, այլեւ այնպես՝ ուղղակի տեռորի նման մի բան է։ Եվ ես այդպես էլ բացատրեցի CNN-ին. դա շատ հեշտ է գտնելը։ Այդ բառը՝ թմրամոլ, չեմ ասել, եւ նման տեղեկատվություն չի էլ եղել։ CNN-ին ավելի շատ հուզում էր, թե կարո՞ղ է սա քաղաքական հեղաշրջում է։ Դա՛ էինք փորձում հերքել, դրա առաջն առնել, քանի որ հեղաշրջման պահ չկար։ – Իսկ տեղյա՞կ եք, որ հետագայում նախաքննությունը հենց այդ որակումն էլ տվեց կատարվածին, որ դա պետական հեղաշրջման փորձ էր։ – … – Ինչի՞ վրա էր հիմնված Ձեր այն համոզումը, թե սա քաղաքական հանցագործություն չէ եւ որեւէ քաղաքական ուժ չկա նրանց ետեւում։ Չէ՞ որ սպանություններն իրագործելուց հետո նրանք անմիջապես դիմել էին քաղաքականուժերին օժանդակության խնդրանքով։ – Նկատի ունեք այն, որ դաշնակների՞ն էին զանգել։ Այդ ամբողջը կարող էր միայն ձեւ լինել։ Այդ ամբողջը ոչ մի ապացույց չէ։ Սակայն դատախազության պարտականությունն էր կազմակերպիչների փաստերն առաջ քաշել եւ ցույց տալ։ Այդպիսի բան արե՞լ է դատախազությունը։ Կարողացե՞լ են փաստել, թե այնտեղ ուժեր կան։ – Շարունակում են փորձել բացահայտել կազմակերպիչներին։ – Եթե ժամանակի ընթացքում կարողանան փաստել, թե այստեղ իսկապես ուժեր կան՝ թող ապացույցներ առաջ բերեն եւ ոչ թե այս ամենը փողոցային խոսակցությունների հիման վրա լինի։ – Ե՛վ ապացույցների հիման վրա կազմակերպիչների մասին խոսելու, ե՛ւ շատ այլ առումներով բազմաթիվ զուգահեռներ տարվեցին ԱՄՆ-ում եւ Հայաստանում կատարված ահաբեկչությունների միջեւ։ Դրանցից մեկն էլ այն է, թե ինչպես էր իրեն կատարվածից հետո պահել Քոչարյանը եւ ինչպես պահեց Բուշը… – Ասե՛մ ինչպես պահեց իրեն Բուշը։ Նա ուղղակի 24 ժամով անհետացավ։ Վախենում էին, թե կարող է իրեն մի բան պատահի, քանի որ Պենտագոնի վրա էլ էին հարձակվել։ Նրան նստեցրել էին ինքնաթիռ եւ մի նահանգից մյուսն էին գաղտնի տանում։ 24 ժամ հետո նոր նա վերադարձավ Սպիտակ տուն եւ ուղերձով դիմեց եթերից։ Իսկ նախագահ Քոչարյանը գնաց խորհրդարան եւ 16 ժամ շարունակ անձամբ բանակցեց նրանց հետ։ Սեւը ճերմա՞կ է, լրիվ տարբերվո՞ւմ է այստեղ։ – Բայց Բուշն ուղերձում վճռականություն հայտնեց պատժել ահաբեկիչներին եւ խոսք անգամ չկար նրանց նկատմամբ մահապատիժ չկիրառելու կամ համաներման մասին, ինչպես այս դեպքում։ – ԱՄՆ-ում կիրառվում է մահապատիժ՝ օրենքով թույլատրելի է։ Իսկ Հայաստանում չկա… Ես այստեղ էի, որ Եվրախորհրդին անդամակցելու համար բանակցվում էր մահապատիժը վերացնելու մասին հարցը։ Ինչ վերաբերում է վճռականությանը. ի՞նչ է, նախագահ Քոչարյանը վճռականորեն չասա՞ց, թե պատժվելու են նրանք, ովքեր գործել են այս ոճիրը։ Ես հիշում եմ, որ նախագահն ասաց, թե նրանք օրենքի սահմաններում պիտի ստանան իրենց արժանի պատիժը։ – Ի դեպ, հիշում եմ, թե ինչ նվիրվածությամբ էիք եկել աշխատելու, ինչպես էիք ցանկանում Ձեր ունակություններն ի սպաս դնել Ռոբերտ Քոչարյանին։ Հասկանալի է՝ երկրորդ երեխա եւ այլն։ Բայց ի՞նչը պատճառ դարձավ, որ հետո հրաժարական տվեցիք խորհրդականի պաշտոնից եւ չվերադարձաք Հայաստան։ – Ես հիմա էլ պատրաստ եմ։ Այստեղ բնակարան ունեմ՝ ոչ շատ մեծ։ Իմ ամուսինը շարունակում է այստեղ իր գործունեությունը՝ բիզնես ունենք։ Ընտանիքս եւ իմ շրջապատում բոլորն էլ գիտեն, որ ի վերջո գալու եմ ապրելու Հայաստանում՝ անկախ նրանից, թե ամուսինս հետս հետ կգա՞, թե՞ ոչ։ Նրա համար շատ դժվար էր այստեղ։ Ոչ մի այլ պատճառ չկար։ Ուղղակի մի քիչ երկար մնացի ծնողներիս մոտ։ Իսկ նրանք առաջին օրից ինձ ճնշում էին. «Ինչո՛ւ ես գնացել, այնտեղ դժվար է, մեզնից հեռու ես» եւ այլն։ Եվ երբ այս անգամ գնացի եւ արդեն ունեի երկու երեխա՝ ուղղակի կենցաղային, դրամական պատճառները ստիպեցին մնալ, քանի որ Հայաստանի մեջ ապրելը դեռ մի քիչ դժվար է։ Մանավանդ մեզ նման մարդկանց համար՝ ես այստեղ չունեմ բարեկամներ, ազգականներ եւ այլն։ – Դուք ասում եք, որ Հայաստանում ապրելը դժվար է, իսկ պրն Քոչարյանն իր ամեն ելույթում վստահեցնում է, թե փոփոխությունները շատ նկատելի են՝ անգամ Երեւանի կամ Վանաձորի փողոցներում։ Դուք, ինչ է, չե՞ք զգում այդ փոփոխությունները։ – Ես նախագահի հետ շատ կարճ հանդիպեցի այս անգամ եւ նրան ասացի այդ մասին։ Ում որ տեսնում եմ՝ ասում եմ. շա՛տ նկատելի փոփոխություններ կան իսկապես։ Հավանաբար, քանի որ այստեղ եք միշտ՝ դժվար է ձեզ համար տեսնելը, բայց ինձ համար շատ մեծ տարբերություն կա։ Նախ, ժողովրդի մեջ կայունության զգացում կա։ Վերջին անգամ, երբ եկա այստեղ՝ ժողովրդի մեջ վախի, խուճապի զգացում կար։ Չգիտեին, թե վաղն ինչ կարող է լինի՝ քաղաքական առումով։ Այս անգամ բացարձակ չեմ տեսնում նման բան։ Քաղաքը մաքրված է։ Ժողովուրդը ոնց որ ավելի բարիացել է, այսինքն՝ չկա՛ նախկին ագրեսիվ մոտեցումը, որը կար, երբ այստեղ էի ապրում։ Հիմա ավելի հանդարտ է։ – Գիտեք, չէ՞, անեկդոտն այն մասին, որ հարկավոր է տարբերել տուրիզմն էմիգրացիայից։ – Շատ լավ գիտեմ։ Բայց եթե այսպես շարունակվի՝ ժողովուրդը կկարողանա մտածել իր կենցաղի, ուսման, գիտության եւ մշակույթի մասին։ Եվ ոչ թե ամեն րոպե վախենա, որ քաղաքական դեմքերը փոխվելու են, նորից հեղաշրջում է լինելու։ Դա տապալում է։ – Զարմանալի է. անցած տարվա սեպտեմբերին, երբ այցելել էիք Հայաստան, ամբողջ իշխանությունը դարձյալ Քոչարյանի ձեռքում էր։ Ինչո՞ւ էին Ձեզ հանդիպածներն այդքան վախեցած եւ անվստահ վաղվա օրվա հանդեպ։ Ինչեւէ, ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում։ – 8 տարի չէի զբաղվել իրավաբանությամբ, որ իմ մասնագիտությունն է, այլ զբաղվել եմ միայն քաղաքականությամբ՝ նախընտրական արշավներով՝ լինի ԱՄՆ-ում, թե Հայաստանում։ Բայց այդ գործը շատ ժամանակ է խլում եւ որոշեցի ավելի կայուն աշխատանքով զբաղվել, որ կարողանայի երեխաներիս հետ ժամանակ անցկացնել, մայր ու տանտիկին լինել։ Հիմա քրեական դատապաշտպան եմ։ Հաճախորդներս բանտերում են (ծիծաղում է.- Ա. Ի.)։ – Քոչարյանը հայտարարել է դարձյալ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին. ցանկություն ունե՞ք վերադառնալուց հետո դարձյալ զբաղվել նրա քարոզչության եւ կերպարաստեղծման աշխատանքներով։ – Ցանկություն միշտ ունեմ, բայց կկարողանա՞մ այս անգամ՝ արդեն լրիվ տարբեր հարց է։ Նույնիսկ 1998-ին որ եկա՝ բավական դժվար հարց էր ինձ համար։ Հիմա կասկածում եմ, որ կկարողանամ անձնական, կենցաղային եւ այլ խնդիրները լուծել։ Երբ ես ասում եմ վերադառնալ՝ նկատի ունեմ՝ 10 տարի կամ շատ այլ տարիներ հետոն, ոչ թե հաջորդ կամ եկող տարին։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ