Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքի եւ ընտրական ասֆալտի մասին այս տարվա հոկտեմբերի 21-ին

Հոկտեմբեր 31,2001 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԻԱՅՆ ԱԼՅՈՒՐՈՏ ՀՈՒՇԵՐ Ընտրակաշառքի եւ ընտրական ասֆալտի մասին այս տարվա հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած պատգամավորական թափուր տեղերի համար ընտրություններում կրկին հիշվեց։ Բազմիցս առիթ ունեցել ենք պատմել, թե ինչպես է բնակչության սոցիալապես անապահով խավն առանձնապես ուրախանում որեւէ ընտրությունից առաջ։ Սպասվող օգնությունը՝ ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքի դիմաց, գրեթե չի ուշանում։ Սակայն, ընտրական թոհուբոհից հետո հիմնականում աշխատում են մոռանալ տհաճ հուշերը եւ հաղթողները շնորհավորում են միմյանց։ Ինչը եւ տեղի ունեցավ երեկ, ԿԸՀ-ում։ Թեպետ հանձնաժողովի նիստում խոսվեց ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ինչ-ինչ խախտումների, Արագածոտնի ընտրատարածքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից տրված հետին թվով որոշումների, հանձնաժողովի անդամների անունների, թվերի անհամապատասխանության եւ այլնի մասին, սակայն այս ամենը չխանգարեց, որպեսզի ընտրությունները կայացած համարվեն եւ պատգամավորներին մանդատներ տրվեն։ ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանը երեկ, նորաթուխ պատգամավորներին պատգամավորական մանդատներ հանձնելու պահին արտասանած իր կարճ խոսքում փայլեց ուտոպիստ-սոցիալիստի որոշ ունակությամբ։ Դա արտահայտվեց խիստ դասագրքային նախադասությամբ. «Ես չեմ հավատում, որ մարդ ցանկանա լավ գործ կատարել ու չկարողանա։ Միայն երեք հատկանիշ է պետք՝ սիրի իր հայրենիքը չափազանց շատ, ազնիվ լինի եւ պրոֆեսիոնալ լինի, ձեռքերը վերեւ բարձրացնի եւ աշխատի։ Վերջ»։ Նորաթուխ երկու պատգամավորներից մեկը՝ թիվ 57 ընտրատարածքից ընտրված Դավիթ Երիցյանը կհամալրի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության շարքերը, իսկ 27 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ անդամ Գարեգին Կարապետյանը դեռեւս չի կողմնորոշվել՝ կդառնա՞ «Միասնություն» խմբակցության անդամ, թե՞ անկախ պատգամավոր կլինի։ Դավիթ Երիցյանը ՀՅԴ անդամ է 1992 թվականից, Արագածոտնի շրջանի մարզպետարանի սոցիալական ծառայության ղեկավարն է եղել, մասնագիտությամբ իրավաբան է։ Ակնհայտորեն, նա լրագրողների հետ աշխատելու որոշակի փորձ ուներ, որովհետեւ մանդատը ստանալուց մեկ վայրկյան անց արդեն ասում էր. «Մենք ունենք շատ պատգամներ, շատ հանձնարարություններ մեր ընտրողներից։ Մեզ մնում է միայն աշխատել։ Վաղվանից մեր գործընկերների հետ, որոնք արդեն բավականին փորձ ունեն, կմիանանք եւ մեր գիտելիքները, մեր փորձը կներդնենք, աշխատել-աշխատել մեր ազգաբնակչության, մեր ընտրողների համար»։ Գարեգին Կարապետյանն ազնվորեն խոստովանեց, որ ինքն ընդամենը երեք ամիս է, ինչ Հանրապետական կուսակցության անդամ է, մինչ այդ «բացարձակ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, 10 տարի աշխատել եմ գյուղապետ»։ «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ պրն Կարապետյանը ՀՀԿ անդամ դարձավ ընտրություններից անմիջապես առաջ, նորաթուխ ազգային երեսփոխանը պատասխանեց. «Ցանկացա, դարձա»։ ՀՀԿ-ի ի՞նչն էր պրն Կարապետյանին ավելի դուր եկել. «Ամեն ինչը»։ ՀՀԿ-ն, անշուշտ, որպես գործադիր իշխանություն, աջակցել է իր թեկնածուին։ Պրն Կարապետյանը գտավ պատասխանը. «Չէի ասի, դե, պետք է ժողովուրդն աջակցի, ժողովուրդը պետք է ընտրի»։ Իսկ ինչո՞ւ Գարեգին Կարապետյանը որոշեց պատգամավոր դառնալ. «Ինչո՞ւ որոշեցի, իսկ ինչո՞ւ պետք է չորոշեի, եթե ես տասը տարի աշխատում եմ գյուղապետ, ինձ թվում է, որ պատգամավոր լինելով այս տարիկուկեսում, ինձ թվում է գյուղացուն եւ Չարենցավան քաղաքին ինչ-որ բաներով պիտանի կլինեմ եւ կօգնեմ։ Իսկ ինչո՞ւ պետք է մեկ ուրիշը լիներ եւ ոչ թե ես»։ Երկու նորաթուխ պատգամավորներին «Առավոտը» եւս մեկ հարց ուղղեց՝ ըստ որոշ գնահատականների, խորհրդարանը վարկաբեկված է, ինչպե՞ս պարոնայք համաձայնեցին դառնալ վարկաբեկված կառույցի անդամ։ Կարապետյանը չուզեց այդ հարցին պատասխանել, թեպետ հասցրեց ասել, որ ինքը չգիտի խորհրդարանի վարկաբեկված լինելու մասին։ Իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Երիցյանին հարցը կարծես դուր չեկավ. «Ես գտնում եմ, որ խորհրդարանն ինքը վարկաբեկված չի կարող լինել, գուցե առանձին պատգամավորներ վարկաբեկված լինեն, բայց խորհրդարանը չի կարող»։ Երկու պատգամավորներն էլ հավաստիացրին, որ իրենք չեն գնում խորհրդարան, հերթական պատվեր կատարողը դառնալու եւ հարկավոր կոճակը սեղմելու համար։ Մնում է փաստել միայն, որ այս ընտրությունները 2003-ի ընտրություններից առաջ, կարծես առիթ դարձան ուժի ցուցադրման եւ ստուգման համար։ Թերեւս ամենեւին անսպասելի չէր, որ հաղթեցին գործադիր իշխանությունն իրականացնող կուսակցության ներկայացուցիչը (թեկուզ՝ երեք ամսվա կենսագրությամբ) եւ մոտ տասը տարի շարունակ ՀՅԴ անդամը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել