Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմահարթակի թագուհի- 2001»

Հոկտեմբեր 30,2001 00:00

«Բեմահարթակի թագուհի- 2001» Հոկտեմբերի 28-ի երեկոյան կրկին մարդաշատ էր «Հ. Պարոնյան» թատերասրահը։ Այս անգամ առիթը ոչ թե հերթական ներկայացումն էր, այլ «Մարինա» նորաձեւության կենտրոնի կազմակերպած «Բեմահարթակի թագուհի-2001» մրցույթ- տոնակատարությունը, որի հիմնական եւ գլխավոր նախաձեռնողն ու կազմակերպիչը «Մարինա» կենտրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, մոդելյոր-դիզայներ Մարինա Մելքոնյանն էր։ Մրցույթի ժյուրիի նախագահն էր Համլետ Ղուշչյանը։ Մրցույթ-երեկոն վարում էին top-մոդել Ինգան եւ երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանը։ «Բեմահարթակի թագուհի- 2001» մրցույթը բաղկացած էր մրցութային երեք փուլերից՝ սպորտային ոճ, ազատ ոճ եւ հեքիաթային, երեկոյան զգեստներ։ Երեկոյին մասնակցում էին կենտրոնի 3-22 տարեկան 52 սաները, որոնք ըստ տարիքի բաժանվել էին 4 խմբերի։ Մասնակիցների ելույթները բացվեցին կրտսեր խմբի անդամների «սպորտային ոճ» փուլի ցուցադրումով, այնուհետեւ ըստ տարիքային աճի բեմ դուրս եկան նաեւ մյուս մասնակիցները։ 1-ին փուլին հաջորդեցին 2-րդ եւ 3-րդ մրցութային փուլերը, որոնց ընթացքում բոլոր մասնակիցներն իրենց գեղանի քայլվածքով ու գեղեցիկ զգեստների ցուցադրումով գեղագիտական հաճույք էին պարգեւում ներկաներին։ Ի դեպ, երեկոյի ցուցադրված բոլոր զգեստները պատկանում էին «Մարինա» գեղեցկության կենտրոնին։ Այդ երեկո մրցույթի մասնակիցներին ողջունելու էին եկել սիրված ու ճանաչված երգիչ-երգչուհիներ ու պարային խմբեր, որոնք իրենց կատարողական արվեստով ոգեշնչում եւ բարձր տրամադրություն էին հաղորդում ոչ միայն մասնակիցներին, այլ նաեւ հանդիսատեսին։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց կենտրոնի «կաշվե թեմա» հավաքածուն եւ բեմում իրենց հմայքով մեկ անգամ եւս փայլեցին «Մարինա» մոդա 2000-ի մրցանակակիրներն ու գեղեցկուհիները։ Մինչ ժյուրին կհայտարարեր հաղթողների անունները, «Մարինա» կենտրոնի կողմից բոլոր մասնակիցներին շնորհվեցին մրցանակ-տիտղոսներ՝ «Հեքիաթների թագուհի», «Բեմի արքայազն», «Ժպիտի թագուհի», «Ամենափոքրիկ top model…» եւ հատուկ մրցանակ՝ «Մարինա» մոդել։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը ընտրեց «Հանդիսատեսի համակրանք-թագուհուն»։ Երեկոյի ավարտին ժյուրիի կողմից ընտրվեցին «Բեմահարթակի թագուհի-2001»-ի լավագույնները։ Ժյուրիի որոշմամբ, կրտսեր տարիքային՝ 1-ին եւ 2-րդ խմբերի բոլոր մասնակիցներն արժանացան top-մոդելի տիտղոսին եւ համարվեցին 1-ին մրցանակակիրներ։ Իսկ 3-րդ տարիքային խմբից լավագույն մասնակիցներ եւ հաղթողներ ընտրվեցին Շուշանիկ Նազարեթյանն ու Լուսինե Մարգարյանը, որոնք արժանացան top-մոդելի տիտղոսին։ 4-րդ տարիքային խմբից ժյուրին ընտրել էր 2 top-մոդել եւ 1 ֆոտոմոդել։ Top-մոդելներ ընտրվեցին Սիրան Գրբոյանն ու Նաիրա Մովսիսյանը։ Ֆոտոմոդել ընտրվեց Լիլիթ Սարգսյանը։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել