ՆԱ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ Ձեր թերթի հոկտեմբերի 25-ի համարում «Երազ դարձած «մաղարիչ» վերտառությամբ հրապարակման մեջ խոսք է գնում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կողմից իբր Զեյթունի հանրակացարանների ինչ-որ մասնաշենքեր գնելու եւ Գերմանական համալսարան հիմնադրելու մասին։ Տեղեկացնում եմ Ձեզ, որ Արթուր Բաղդասարյանը որեւէ մասնաշենք գնելու եւ որեւէ Գերմանական համալսարան կառուցելու հետ որեւէ առնչություն չունի։ Հերթական անգամ չճշգրտված կամ դիտավորությամբ սխալ տեղեկությունների տարածմամբ փորձ է արվում ոչ միայն խեղաթյուրել ճշմարտությունը, այլ նաեւ հանիրավի ապատեղեկատվություն տարածելով՝ ստվեր գցել Արթուր Բաղդասարյանի անվան վրա։ Ինչ վերաբերում է այդ մասնաշենքերին, ապա տրամադրում ենք Ձեզ մեր ունեցած տեղեկատվությունը։ Հավանաբար խոսքը գնում է ՀՀ կառավարության 15 հոկտեմբերի 2001թ. որոշմամբ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպության ստեղծման մասին, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի կառավարությունների միջեւ կնքված միջպետական համաձայնագրերի հիման վրա եւ որին էլ տրամադրվել են այդ մասնաշենքերը։ Ծրագրին մասնակցում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Բավարիայի «ՕՎՑ-Բայերն», Իտալիայի Հանրապետության ու Հարավային Տիրոլ երկրամասի «Բոլզանոյի Եվրոպական Ակադեմիա», Ավստրիայի Հանրապետության «Վիեննայի մասնագիտական աջակցման ինստիտուտ», Ֆրանսիայի Հանրապետության «Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատ» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները եւ միջազգային ու եվրոպական կրթական այլ կառույցներ։ Ծրագրի մասնակիցներից մեկը Հայաստանում ֆրանսիական համալսարանն է, որի նախագահն է Արթուր Բաղդասարյանը, որը եւ նշված Ակադեմիայի բաղկացուցիչ մասերից մեկն է։ Քանի որ ստեղծվելիք կառույցը աննախադեպ է ողջ Արեւելյան Եվրոպայի տարածքում եւ կարող է կարեւոր նշանակություն ունենալ տարածաշրջանային համագործակցության զարգացման համար, ուստի լավ կլիներ, որ այն բոլորիս ջանքերով դառնար իրականություն, այլ ոչ թե մի լրագրողի դատական պատասխանատվության կանչելու համար իրավական հիմք, որը խոսում է ինչ-որ երազից՝ համեմված «մաղարիչների» մասին բամբասանքներով։ «Օրինաց երկիր» ԼԾ