Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ո՞վ է մեղավոր

Հոկտեմբեր 30,2001 00:00

Հիմա ո՞վ է մեղավոր Ամեն անգամ, երբ անձրեւ է գալիս, տխրում եմ ու մտամոլոր դառնում։ Հիմա կասեք՝ բնական է, անձրեւից բոլորին էլ մի տեսակ թախիծ է պատում։ Չէ, իմը այդ տեսակի թախիծներից չի եւ ոչ էլ տանիքի կաթելուց է, որովհետեւ մի աման կդնես ու վերջ։ Իմը՝ վարորդների «անկարգությունից» է։ Անձրեւոտ օրերին փողոցն անցնելիս մտածում եմ՝ կցեխոտե՞ն, թե՞ ոչ։ Եթե նկատել եք, հատկապես անձրեւոտ օրերին, ավտոմեքենաներն այնպես են սլանում քաղաքով, կարծես վախենում են թրջվելուց։ Կրկեսի խաչմերուկի անցումում բաց գույնի շորեր հագած մի աղջիկ էր կանգնած, երբ մեքենան կատաղի արագությամբ սլանալով՝ ցեխի շիթն ուղղեց նրա կողմը։ Սպիտակ գույնի հետքն իսկ չմնաց։ Լացակումած ու գլխահակ կանգնել էր, չգիտեր ինչ աներ՝ ժամադրության էր գնում… Այդ խաչմերուկն անցնող մարդիկ բողոքում են՝ գիշերները ոչ մի լույս չի վառվում՝ մութ է, անցումի մոտ մեքենաները չեն դանդաղեցնում ընթացքը, ոմանք էլ չեն կանգնում նույնիսկ այն ժամանակ, երբ ճանապարհը հետիոտնինն է (երբ ՊԱՏ-ի աշխատակիցները կանգնած են՝ շատ լավ էլ դանդաղեցնում են՝ տուգանք վճարելու վախից։ Չնայած, «պուզատի» պապաների տղաների համար դա էլ արգելք չէ)։ Հա, ի՞նչ է եղել որ, դեռ չե՞ք սովորել մթությանը, բա մութ տարիներին ինչպե՞ս էիք յոլա գնում։ Իսկ մեզ մոտ ե՞րբ է կարգ ու կանոն եղել, կասեն ոմանք։ (Կարգ ու կանոն լինելու կամ չլինելու մասին չարժե էլ խոսել, բայց որ հարկավոր է լուսավորել գոնե այդ հատվածը՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար՝ հաստատ)։ Իրենք՝ օրգանի աշխատողները, կարգը պաշտպանո՞ւմ են, որ վարորդները պաշտպանեն, կասեն մյուսները։ Այդ հարցերի պատասխանները գտնելու համար որոշեցի հարցս ուղղել հենց օրգանի աշխատողներից մեկին, իմանալու՝ մարդկանց ցեխոտելու համար վարորդին ինչ տույժ է հասնում, եւ ինչու այդ մասը չի լուսավորվում։ Երբ մոտեցա առաջին իսկ պատահած ՊԱՏ-ի աշխատակցին ու ներկայացա, չհամաձայնեց պատասխանել հարցերիս, առավել եւս ձայնագրվել (առանց լսելու, թե ինչ հարց եմ տալու) ու, պատճառաբանելով, որ ժամանակ չունի, մի ուրիշ անգամ մեծ հաճույքով կպատասխանի, հեռացավ։ Մյուս տեսուչները նույնպես չեմուչում արեցին, սակայն համաձայնեցին ուղղակի զրուցել, քանի որ իրենց չի թույլատրվում հարցազրույց տալ։ Ասացին, որ եթե որեւէ տարածք չի լուսավորվում՝ իրենք տեղյակ են պահում քաղաքապետարանին, եւ դա արդեն նրանց գործն է համարվում։ Իսկ ինչ վերաբերում է ցեխոտելուն, նրանց պատասխանից հասկացա, որ իրենք էլ են ցեխոտվում, բայց կարգազանց վարորդին ոչ մի տույժ էլ չի հասնում։ Ճիշտն ասած, երեւի չարժե, որ բոլոր վարորդներին ու ՊԱՏ-ի աշխատակիցներին մի արշինով չափենք, որովհետեւ նրանցից շատերը հարգում են հետիոտնին եւ ջենթլմենաբար ճանապարհ են տալիս։ Հ. ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել