Լրահոս
Օրվա լրահոսը

Խոր հուզմունքով սեւեռված յուրաքանչյուր կադրին, խոսքին՝ հետեւում ենք Արեւմտյան Հայաստանից բերված նկար

Հոկտեմբեր 30,2001 00:00

Կարոտի հետքերով, կարոտի պահանջով Խոր հուզմունքով սեւեռված յուրաքանչյուր կադրին, խոսքին՝ հետեւում ենք Արեւմտյան Հայաստանից բերված նկարահանումներին ու պատմություններին։ Հատկապես Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի ուխտագնացությունները կորուսյալ հողերի, որբացած հուշարձանների, անչափ հարազատ բնաշխարհի հանդեպ անմեկնելի սիրո ու պարտված պատասխանատվության զարմանալի ապրումներ են պարգեւում։ Այն, ինչ մեր ձեռքից խլել են՝ ինչպիսի վեհությամբ կարող են լցնել մեր մղկտացող սրտերը, վերիրական զգացմունքների ինչ ուժ, մղում ունեն անմար պահած հեռվից եկող ամեն հարազատի համար։ Ուխտավորները ոտքով քայլում են, աչքերով տեսնում են, ռունգերով շնչում են, ձեռքերով հպվում են։ Նրանց երգը զրնգում է մեզնից կարոտ մնացած, մենակ, ուրիշների շնչի կողքին կարծես թե մարդավարի հոգեպես տանջահար եկեղեցիների կամարների տակ, ծանր հիվանդին մտերիմ արյունակցի այցելության նման ցնծություն է այդ քարեղեն գոյություններին հարազատ երգը լսել տալը, փաղաքուշ ձեռքերով վերքոտ պատերը շոյելը։ Կրկին ուխտագնացություն, կրկին ֆիլմ, կրկին կորստի վերապրումներ ու հոգու հիշողությունից հորդացող զգացմունքների հեղեղ։ Մարդիկ որոնում են իրենց նախնիների կարոտը։ Այդ հողը նրանք էին վարում ու ցանում, այդ լեռները նրանց ոտքերի տակ էին փառահեղ հառնում, ջրերում նրանց թիերն էին ճողփում։ Հիմա քրդերն են։ Բայց էկրանին անչափ շատ դատարկ տարածքներ են երեւում։ Գյուղերը՝ խեղճ ու կրակ, հողը՝ անմշակ, եկեղեցիները՝ մենակ ու մոլոր։ Իսկ ուխտագնացները հանգիստ քայլում են, Արածանիում մկրտվում, Աղթամարում հարսանիք անում, հայոց հիմն ու ազգային շատ ու շատ երգեր երգելով կպչում նախնիների հողին, աղոթք ասում։ Տարօրինակ է, որ ոչ ոք նրանց չի խանգարում։ Ուրեմն, ինչ, կարելի՞ է։ Իսկ եթե կարոտաբաղձ ուխտագնացությունների փոխարեն պարզապես մարդիկ վերադառնա՞ն իրենց հայրերի թողած երկիրը։ Ծերունիները երազում էին՝ չմեռնեն, իրենց հայրական տունը վերստին գտնեն։ Նրանց զավակները կարո՞ղ են արդյոք Ամերիկայից ու այլ հանգրվաններից ետ, դեպի տուն դառնալ, նոր շենք կառուցել, գյուղ, քաղաք հիմնել, իրականում տեր լինել կորցրածին՝ վերջապես դուրս գալով ուխտավորի ցավագին կերպարից։ «Կարոտը» ցավի նման մի բան է, եթե հայտնում է իր գոյության մասին, նշանակում է որեւէ կտրուկ ձեռնարկ է պահանջում։ Պիտի գնալ եւ գտնել հայրերի թողած հիշողությունը։ Ապրել ու շարունակել այն։ Չէ որ շատ ենք հալումաշ լինում կորցրածի հանդեպ ժառանգած սիրուց։ Եթե քրդերը կարող են ապրել մեր նախնիների ապրած շեներում ու եկեղեցիների կողքին, մե՞նք ուր ենք։ Սակայն երբ այս մասին բարձրաձայն խոսում ես, անմիջապես հաջորդում է պատասխանը՝ ուրեմն մարդը բարեկեցիկ Ամերիկան կամ Ֆրանսիան պիտի թողնի, գնա անփույթ ու անխնամ ուրիշ երկրո՞ւմ ապրի։ Կամ էլ թե՝ հայերը Հայաստանից ու Արցախից են թողնում-հեռանում, պիտի գնան Թուրքիայո՞ւմ ապրեն։ Դե, գիտեք ինչ, այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կա իզուր զգացմունքներից հոգեմաշ լինել եւ աշխատանքի համար եռանդ չթողնել։ Անհնար է Արեւմտյան Հայաստանին վերաբերող կարոտակեզ նկարահանումները դիտելիս չզուգահեռել մեր ձեռքին մնացածի հանդեպ անփույթ անպատասխանատվության իրողությունը։ Հող ենք ազատագրել՝ չենք վերադառնում բնակեցնենք պապական տները, երկիր ենք անկախացրել՝ գլուխներս առած փախչում ենք ուրիշների երկրները։ Եթե սիրում են, ուրեմն տեր են լինում, գուրգուրում ու փայփայում, շենացնում ու երջանկացնում։ Այս պարզից էլ պարզ ճշմարտությունը կարծես թե ամեն օր շրջանցում է մեզ ու մեր ապրելակերպը։ ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել