Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրակի

Հոկտեմբեր 30,2001 00:00

«ՆՈՐՄԱ». ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԱՅԱՑԱԾ Է Կիրակի օրը ներկայացված Վինչենցո Բելինիի «Նորման» Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի այս տարվա երկրորդ պրեմիերան է: Առաջինի՝ «Կարմենի» հետ համեմատած, այս ներկայացումը, կարծում եմ, որոշակի առաջընթաց էր՝ հենց որպես սինթետիկ /երաժշտությունը, թատրոնը, գեղանկարչությունը զուգակցող/ արվեստի դրսեւորում: Նույն դիրիժորով, հիմնականում նույն մեներգիչներով այս անգամ հաջողվել է ստեղծել ավելի ամբողջական, օրգանական ներկայացում, որտեղ ամեն ինչ մտածված էր. թատերական մեզանսցենները, ֆունկցիոնալ հստակ նշանակություն ունեցող դեկորացիաները, գունային էֆեկտները, նոր, գունագեղ ու մեծ ճաշակով կարված կոստյումները: Թվում է, դրանք մանրուքներ են օպերայի համար, բայց, հավանաբար, բուն ներկայացման տեսակետից հիշյալ «դետալները» նույնպես վճռորոշ դեր ունեն: Փոքր-ինչ տարակուսելի էր ինձ համար միայն առաջին տեսարանի ձեւավորումը, որը երկու վրան էր՝ դրանց գլխին դրված հռոմեացու հսկայական ոտքերով: Զուգահեռը, ըստ իս, չափից դուրս պարզունակ է, եւ ճաշակի տեսակետից փոքր-ինչ վիճելի: Բայց ստրատեգիական առումով օպերայի ղեկավարությունը, կարծես թե, ճիշտ էր վարվել՝ հրավիրելով կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանին՝ «Նորման» բեմադրելու: Ներկայացումը նայվում էր մեկ շնչով, եւ դա նաեւ պրն Հայրապետյանի մի քանի ամսվա ջանքերի արդյունքն է: Ինչպես միշտ, իր վարպետության միջազգային մակարդակով փայլեց Անահիտ Մխիթարյանը /Նորմա/: Բելինիի այս օպերան գրեթե ամբողջությամբ հիմնված է գլխավոր հերոսուհու վրա, ուստի Անահիտի դերակատարումն էր ներկայացման երաժշտական եւ դրամատիկական առանցքը: Երգչուհին կարողացավ հարմարեցնել իր ձայնը Նորմայի դերին, որը պահանջում է ոչ միայն կոլորատուրային սոպրանոյի /բարձր ձայնի/ վիրտուոզություն, այլեւ միջին ռեգիստրում դրամատիկ կերպարի ստեղծում` դրան Անահիտը հասավ համառ աշխատանքի շնորհիվ: Իր երաժշտականությամբ եւ ճաշակով գլխավոր դերակատարուհուն միանգամայն համապատասխանում էր Վարդուհի Խաչատրյանը /Ադալջիզա/: Շատ օրգանական եւ ամբողջական էին հնչում Նորմայի եւ Ադալջիզայի զուգերգերը, որոնք ուղիղ 170 տարի առաջ գրված այս օպերայի գոհարներն են: Այդ երկուսին որոշ չափով զիջում էր «սիրային եռանկյունու» երրորդ հերոսը /դասական օպերաներում դա, որպես օրենք, տենոր է/՝ Պոլիոնը, որի դերում հանդես եկավ Երեւանում ծնված, բայց հիմա Ֆրանսիայում ապրող Արա Ավանյանը: Ի դեպ, «Նորմայի» հայտագրերում այդ դերի հնարավոր կատարողների շարքում նշված է աշխարհահռչակ երգիչ եւ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի անունը: Ենթադրում եմ, որ նոյեմբերի 30-ին եւ 31-ին, երբ կրկնվելու է «Նորմայի» պրեմիերան, նա նորից բեմ չի բարձրանա: Հասկանալի է, որ մեներգչի եւ բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ ունեցող օպերային թատրոնի ղեկավարի պաշտոնները համատեղելը գրեթե անհնար է: Մարդկային ձայնը այնպիսի նուրբ գործիք է, որ «կազմակերպչական» սթրեսները նրա համար հակացուցված են: Երբ պրեմիերայից երկու օր առաջ անջատում են լույսը /պարտքերի համար/, կարող է երգելդ չգալ: Այնուամենայնիվ, երեւանյան հանդիսատեսը շարունակում է սպասել Գեղամ Գրիգորյանին՝ հարազատ օպերայի բեմում: Քանի որ այս երկու տարում բազմաթիվ պարամետրերով մեր օպերայի եւ բալետի թատրոնը իսկապես առաջընթաց է ապրում, կարելի է, երեւի, ուշադրություն դարձնել տարրերի վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար թույլ են՝ խոսքը օպերայի երգչախմբի եւ նվագախմբի պղնձյա փողային խմբի մասին է: Շնորհաշատ դիրիժոր Կարեն Դուրգարյանի հնչեցրած երաժշտական պարտիտուրայի ընդհանուր բարենպաստ ֆոնի վրա այս «թույլ կետերը», ցավոք, առավել ցայտուն են դառնում: Այդուհանդերձ, եթե փորձենք գնահատել «Նորմայի» պրեմիերան նույնիսկ ամենախիստ, միջազգային չափանիշներով, ապա հանգիստ խղճով կարելի է նշանակել «չորս ու խաչ»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել