Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մտադիր ենք դառնալ ժողովրդավարական երկիր, ապա անվերապահորեն պետք է ընդունենք կառավարման խորհրդար

Հոկտեմբեր 30,2001 00:00

Դեմոկրատիա՞ մինչեւ վերջ «Եթե մտադիր ենք դառնալ ժողովրդավարական երկիր, ապա անվերապահորեն պետք է ընդունենք կառավարման խորհրդարանական ձեւը»։ Այսպիսի կարծիք հայտնեց երեկ ԱԺ պատգամավոր, ԱԺԿ անդամ Շավարշ Քոչարյանը, ՄԱԿ-ի «Կառավարում եւ իրազեկ հասարակություն» ծրագրի շրջանակներում կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումները՝ կառավարման համակարգի եւ մարդու իրավունքների տեսակյունից» սեմինարի ժամանակ։ «Իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին»,- գործող Սահմանադրությամբ ամրագրված նորմը «սեփականաշնորհելով»՝ պրն Քոչարյանը ջանասիրաբար սկսեց հակադրել Սահմանադրության նոր՝ իրենց՝ ԱԺԿ-ի նախագծի դրական կողմերը գործող Սահմանադրության բացասական կողմերին։ Եվ եզրակացրեց. «… Ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներին ընդհանրապես հակացուցված է նախագահական համակարգը։ Այսօրվա ճգնաժամը՝ 95-ի Սահմանադրության հետեւանքն է»։ Անկեղծ ասած, եթե Շ. Քոչարյանի ելույթին չհետեւեին մասնագետների բազում հարցադրումները, մնում էր միայն ազգովի ոտքի կանգնեինք ու փոխեինք կառավարման այս համակարգը, որովհետեւ ավելի լավն էլ կա։ Բայց լավից լավն էլ կա ու, եթե որդեգրենք այդ սկզբունքի աշխատաոճ, առնվազն պարզ չէ, թե ուր կգնանք եւ ինչ կկառուցենք։ Լիբերալ-դեմոկրատ Վիգեն Խաչատրյանն իր բաժին խոսքում հստակ ընդգծեց, որ լավ-վատ Սահմանադրության մասին խոսակցությունները մասնագիտական անգրագիտության արդյունք են։ Նախ՝ 95-ի Սահմանադրությամբ հիմնական խնդիր լուծվեց՝ վերջ դնել խորհրդային իշխանությանը։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա՝ «… մինչ այժմ անձնավորվում էր սահմանադրական մեխանիզմների չգործելը, այժմ պարզվում է համակարգը թույլ չի տալիս աշխատել…։ Սահմանադրությունը քաղաքական համաձայնության արդյունք է, իսկ Հայաստանում այդպիսի մթնոլորտ այժմ չկա»։ Միանգամայն հետաքրքիր եւ թերեւս ամենակարեւոր տեսանկյունից իր տեսակետներն արտահայտեց քաղաքագագետ Ստեփան Գրիգորյանը, ընդգծելով, որ «եթե կառավարման համակարգը փոխենք, ապա պետք է սկսեն պետություն կառուցել զրոյական մակարդակից»։ Իսկ առհասարակ փաստեց, որ համակարգը ներկայիս իրականության հետ կապ չունի։ Պարզապես իշխանություններն ու հասարակությունը պետք է համապատասխան մեխանիզմներն աշխատեցնեն։ Եզրափակելով հանդիպումը, ԱԺԿ անդամ Վարդան Պետրոսյանը մնաց այն համոզմանը, որ գործող Սահմանադրությունն արգելակում է երկրում ժողովրդավարության զարգացմանը եւ, որ իրենց «լավ իրավունքն է» փոխել Սահմանադրությունը՝ նախատեսված մեխանիզմներով։ Այնուամենայնիվ, նախագծի հեղինակները «խոստովանեցին», որ «գործող Սահմանադրությունն այնքան էլ վատը չէ, որպեսզի լավ արդյունքի չկարողանա հանգեցնել», եւ, որ իրենք որոշ դրույթներ վերցրել են դրանից։ Ինչեւէ, մարդիկ ժողովրդավարության զարգացման «խթանող ուժ» չեն տեսնում եւ «պայքարում են, որպեսզի իշխանական համակարգը փոխվի»։ «Դա պայքար է նաեւ այս իշխանությունը մարմնավորող անձանց դեմ։ Իշխանությունների առաջարկած փոփոխություններն ընդամենը կամուֆլյաժ են։ Հանրապետության նախագահին ձեռք էլ չի տալիս, որպեսզի իշխանությունը կարդինալ փոփոխության ենթարկվի»։ Այնուամենայնիվ, մարդիկ՝ ԱԺԿ-ն գտնում են, որ եթե «քաղաքական իրադրությունը փոփոխվի՝ այս ԱԺ-ից հրաշքներ էլ կարելի է սպասել» եւ սրտանց ցանկանում են, որ Սահմանադրության իրենց նախագիծը ԱԺ-ն ընդունի, որպեսզի երկրում երկու խնդիր լուծեն. «Այս իշխանությունների դեմ պայքարել՝ անձնավորված առումով եւ համակարգի փոփոխությամբ ժողովրդավարական նախադրյալներ ստեղծել»։ «Ի՞նչ եք ուզում խեղճ ժողովրդից». միանգամայն տեղին, բայց շատ ցածր ձայնով նկատեց ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը։ Պատկերացրեք, եթե ամեն կուսակցություն որոշի, որ Սահմանադրության փոփոխությամբ կառավարման իր համակարգը պետք է հաստատի ու ԱԺԿ-ականների ջանադրությամբ պայքարի իր «ծնունդի» համար, մեր երկիրն ու ժողովուրդը, մեղմ ասած, այնքան էլ նախանձելի վիճակում չեն հայտնվի՝ էլ ուր մնաց ժողովրդավարական։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել