Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոն

Հոկտեմբեր 30,2001 00:00

ՄԱՇՏՈՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է դիմել Ռուբեն Հակոբյանը՝ հեղինակային իրավունքի խախտման փաստի հաստատման, «կրած վնասների, բաց թողնված օգուտի փոխհատուցման» պահանջով։ Այս հայցի քննության ժամանակ իբրեւ պատասխանող հանդես կգա «Էյչ Էս Բի» (HSBC) ՓԲԸ բանկը։ Հայցվորը տեղեկացնում է, որ 1995թ. նոյեմբերի 30-ին ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում գրանցել է իր «Թառումյան» հայկական տառատեսակը։ Իսկ դրանց օգտագործման նկատմամբ Ռ. Հակոբյանի հեղինակային իրավունքը հանդիսանում է նրա բացառիկ իրավունքը։ Ըստ հեղինակային իրավունքի մասին օրենքի, այդ տառատեսակների օգտագործման իրավունքի համար բանկը պարտավոր էր հեղինակ-հիմնադրի համաձայնությունը ստանալ՝ կնքելով համապատասխան պայմանագիր։ HSBC բանկը, ըստ Ռ. Հակոբյանի, օգտագործել է վերոհիշյալ տառատեսակը իր գովազդային վահանակներում եւ գրքույկներում՝ առանց անգամ իր համաձայնության։ «Փաստորեն, HSBC բանկի ապօրինի գործողությունների հետեւանքով ես բաց եմ թողել օգուտ ստանալու հնարավորությունը (օգտագործման իրավունքի վաճառք) եւ հարկ եմ համարում իրավախախտողից կրած վնասի փոխարեն պահանջել խախտման հետեւանքով ստացված եկամտի իմ մասնաբաժինը»,- հայցադիմումում գրել էր Ռ. Հակոբյանը։ Դժվար թե պատասխանող բանկը չիմանար հեղինակային իրավունքի տեսակների մասին, որոնք սահմանված են օրենսդրությամբ։ Հիշեցման կարգով նշենք, որ դրանք են՝ գրական-գեղարվեստական, գիտական, գեղանկարչական, դեկորատիվ-կիրառական, բեմական գրաֆիկայի, ճարտարապետական, քաղաքաշինական… ստեղծագործությունները, «բոլոր տեսակի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ծրագրերը՝ ներառյալ կիրառական ծրագրերը եւ գործառնական համակարգերը» եւ տառատեսակները։ Մեսրոպ Մաշտոցի ժամանակ կարգավորված չէր (պատմագիրները այդ մասին մեզ ոչինչ չեն հուշել) հեղինակային իրավունքի պաշտպանության մեխանիզմները եւ, բնականաբար, խախտումներն անխուսափելի էին։ Նույնը հիմա չպետք է լիներ։ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, աշխարհի շատ երկրներում անգամ գովազդային բիզնեսով զբաղվողների համար սահմանվել են գովազդի լեգալացման կանոններ, որոնք բացառում են հեղինակային որեւիցե իրավունքի խախտում։ Հեղինակային իրավունքի տերը, պարզ ասած, իր իրավունքները կարող է փոխանցել այլ անձի՝ «համապարփակ իրավահաջորդության կարգով»։ Տառատեսակների օգտագործման ժամանակ բանկը, փաստորեն, չի ունեցել այս իրավունքը եւս։ Ըստ օրենքի, «ստեղծագործությունն օգտագործելու յուրաքանչյուր եղանակի համար պահանջվում է իրավատիրոջ հատուկ թույլտվություն», որը չի եղել: Բանկի հասցեում տեղադրված վահանակի գրառումները (կատարված են «հարված» տառատեսակով) դարձյալ իրենն են եւ, փաստորեն, օգտագործվել են առանց հայցվորի գիտության։ Ի դեպ, բանկին տեղեկացնենք նաեւ, որ հեղինակային իրավունքը գործում է հեղինակի կյանքի ընթացքում եւ, Աստված մի արասցե, հեղինակի մահվան հաջորդող 50 տարվա ընթացքում։ Ասել կուզենք, որ պատասխանողը ծանր փորձության առաջ է կանգնել։ Տեղեկացնենք նաեւ, որ պատասխանողից տառատեսակի հեղինակը պահանջում է փոխհատուցում՝ 10 հազար դոլարին համարժեք դրամ։ Մեզ հաջողվեց տեղեկանալ, որ սույն հայցի քննությունը կլսի դատավոր Գայանե Կարախանյանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել