Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեսկզբին

Հոկտեմբեր 30,2001 00:00

Ինչպես է կառավարությունը պայքարելու աղքատության դեմ Տարեսկզբին ՀՀ կառավարությունը հանրությանն էր ներկայացրել, այսպես կոչված, «Աղքատության նվազեցման միջանկյալ ռազմավարական ծրագիրը» (ԱՆՌԾ)՝ իհարկե միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Այժմ էլ պետական ատյաններում, հասարակական կազմակերպություններում, բուհերում եւ այլուր, ծրագրի շուրջ «բուռն» քննարկումներ են տեղի ունենում, առաջարկներ են ուղարկվում կառավարություն, որպեսզի դրանց հիման վրա մինչեւ տարեվերջ կազմվի «ԱՆՌԾ ամփոփ փաստաթուղթը»: Դրանից հետո էլ վերջապես կսկսվի պայքարը աղքատության դեմ: Սակայն ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ԱՆՌԾ-ն: Առաջին հայացքից թվում է, որ ԱՆՌԾ-ն բազմակողմանի փաստաթուղթ է՝ հագեցած թվային տվյալներով եւ միջոցառումների ցանկով: Ծրագրում կառավարությունը կարծես թե փորձում է ներկայացնել օբյեկտիվ տնտեսական տվյալներ: Սակայն իրականում ծրագրի բաժինները ծանրաբեռնված են ավելորդ թվային տվյալներով եւ տեղեկատվությամբ, միաժամանակ տեքստում բացակայում են որոշ անհրաժեշտ թվեր, առանձին կետեր շարադրված են մակերեսային, լոզունգային ոճով: Ծրագիրը խորությամբ ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ կառավարության նախորդ ծրագրերը եւ ընթացիկ աշխատանքային գործունեության ժամանակացույցը ընդամենը հարմարեցվել են խնդրո առարկային, առանց ինքնուրույն մշակման: Ասվածը առարկայական դարձնելու համար փորձենք վերլուծել ծրագիրը ըստ առանձին հիմնական բաժինների: Ներածության մեջ, որպես տնտեսական անկման հիմնական պատճառ, բերվում են հանրապետության համար ծանր մեկնարկային պայմանները (երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, Ղարաբաղի խնդիրը եւ շրջափակում), ինչը, վաղուց կորցրել է արդիականությունը՝ թվարկված գործոնների ազդեցության նվազման պատճառով: Ներածության մեջ եւ «Աղքատության նկարագիրը» բաժնում բերված են թվային տվյալներ, որոնք հստակորեն ցույց են տալիս, որ տնտեսական աճը չի բերում բնակչության եկամուտների թեկուզ քիչ բարձրացմանը: Հակառակը՝ եթե 1994-թ. սնունդը կազմում էր բնակչության միջին ծախսերի 65%-ը, ապա 1998-99թթ.՝ 67%: Իրական գործազրկությունը հասնում է 25%-ի (իսկ անկախ մասնագետների կարծիքով՝ ավելին է): Միաժամանակ Հայաստանը բոլոր ցուցանիշներով էապես հետ է մնում ԱՊՀ եւ անցումային փուլում գտնվող երկրների միջին տվյալներից: Սակայն ծրագրում արված չէ կարծես թե ակնհայտ եզրակացությունը՝ որ տնտեսական աճի տեմպերը բոլորովին բավարար չեն եւ որ կառավարությունը առաջին հերթին պետք է մտածի տնտեսության զարգացման մեջ բեկում մտցնելու, այլ ոչ թե առկա միտումները պահպանելու մասին: Պետք է նաեւ հաշվի առնել, որ վերջին տարիներին ՀՆԱ աճը ապահովվում է առաջին հերթին ոսկերչության եւ համակարգչային ծրագրավորման հաշվին՝ ոլորտներ, որտեղ զբաղված է ընդամենը մի քանի հազար մարդ: Շարունակում է ընկնել ՀՆԱ-ում արտադրության տեսակարար կշիռը: Մինչեւ 1994թ. տնտեսական անկումը այն աստիճան մեծ էր, որ հետագա աճի տվյալները նախորդ տարվա նկատմամբ սքողում են իրական պատկերը: Եթե վերահաշվարկենք տնտեսական աճը 1989թ. նկատմամբ, ապա դրանք կկազմեն ոչ թե հինգ-վեց, այլ 1,5-2,5%: Չպետք է մոռանալ նաեւ զուգահեռ ընթացող գների աճի մասին: Զարմացնում է նաեւ, որ ներկայացնելով բնակչության ծախսերի կառուցվածքը, ծրագրի հեղինակները չեն նշում կոմունալ ծախսերի դինամիկայի տվյալները, ինչը չափազանց կարեւոր կլիներ աղքատության հիմնախնդրի ճիշտ պատկերացման եւ լուծման համար: Ըստ հեղինակի մոտավոր հաշվարկների, կոմունալ ծախսերը ՀՀ-ում տեսականորեն պետք է կազմեն միջին ընտանեկան բյուջեի առնվազն մեկ քառորդը, ինչը հակասում է ԱՆՌԾ-ում բերված ծախսերի կառուցվածքին: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել