Լրահոս
Օրվա լրահոսը

Որ «Հոկտեմբերի 27»-ը դատապարտված է չբացահայտված մնալու, համենայն դեպս այն իշխանությունների օրոք, որո

Հոկտեմբեր 30,2001 00:00

Բացահայտման շղթայի մի օղա՞կ Որ «Հոկտեմբերի 27»-ը դատապարտված է չբացահայտված մնալու, համենայն դեպս այն իշխանությունների օրոք, որոնց ժամանակ հնարավոր էր եղել այն իրականացնել, հիմա, թերեւս, կասկած չի հարուցում: Առկա կասկածները առավել խորացան 2000-ի մայիսի հերթական պալատական իշխանափոխությունից հետո, երբ, ըստ էության, «իրադրության փոփոխությունը» նորից պատճառ հանդիսացավ գործով առանձին ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ կայացնելու համար: Այդուհանդերձ, հայտնի իրավաբաններից մեկը, որը «27»-ի նյութերը կարդում է, ինչպես ինքն է ասում՝ գեղարվեստական գրքի նման, ասաց. «Ինձ թվում է, թե գործի նյութերը բավարար են ոճրագործության պատկերն ամբողջացնելու, նույնիսկ կազմակերպիչներին, պատվիրատուներին ի հայտ բերելու համար: Գործն ինքնին, կարծես, կոդավորված լինի. պետք է գտնել միայն դրա բանալին ու ամեն ինչ պարզ կլինի»: Ի դեպ, հիշյալ իրավաբանն այս ասելով հատուկ ուշադրություն հրավիրեց հատկապես «27»-ի գործի կարճված մասերին: Այսօր, երբ «27»-ի թեման կրկին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ դրա կազմակերպման մեջ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ բարձրաձայնվող կասկածների համատեքստում, կարծում ենք, իմաստ ունի անդրադառնալ գործի նախաքննական փուլում տրված այն ցուցմունքներին, որոնք, թերեւս, այլեւս դատաքննության ընթացքում չեն հնչի, քանզի վերաբերում են գործի կարճված մասերին: Դրանք ամենեւին էլ չեն կորցրել իրենց հետաքրքրությունն ու արդիականությունը, առավել եւս, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դատաքննության ընթացքում երբեմն իշխանություններին, թերեւս, շանտաժի ենթարկելու համար, երբեմն՝ անզգուշությամբ, բայց ցուցմունքներ է տալիս, որոնք անմիջականորեն առնչվում են հենց կարճված մասերին: Ասպես, նախաքննության որոշակի փուլում, նաեւ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը պնդել է, թե ինքն ու իր հանցախումբը մտադիր չեն եղել սպանել վարչապետ Վազգեն Սարգսյանին: Այդ են վկայել իրենց ցուցմունքներում նաեւ նրա հանցախմբի մյուս անդամները: Ընդունենք, թե այս հավաստիացումները ճշմարիտ են ու դրանց հավելենք նաեւ նախաքննությամբ ձեռքբերված որոշակի ապացույցներ, ըստ որոնց, Հունանյանը նույնիսկ նախատեսել էր, որ ԱԺ դահլիճ մտնելուց եւ վարչապետին ներկայացվող պահանջներից հետո Վ.Սարգսյանը նաեւ ելույթ պետք է ունենար: Սակայն վերջերս, դատաքննության ժամանակ, պետական մեղադրողը հարց էր ուղղել ամբաստանյալ Ն.Հունանյանին, թե 99-ի հոկտեմբերի 27-ին նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանին ԱԺ մուտքի մոտ հանդիպելով, որին, ի դեպ, Հունանյանը նախաքննական փուլում բնութագրել էր իբրեւ ոճրագործության նախապատրաստմանն անտեղյակ ու վախկոտ մարդ /այդ ցուցմունքից նա չի հրաժարվել/, ինչու չէր փորձել ազատվել նրանից, կամ մինչեւ ԱԺ դահլիճ տանող ճանապարհն ու դահլիճ մտնելը քայլել էր հենց Ն.Բադալյանի ուղեկցությամբ եւ ոչ թե իր հանցախմբի անդամների, որոնց հետ իրականացնելու էր ոճրագործությունը. արդո՞ք նա վերջիններիս հետ քննարկելու որեւէ բան չուներ: Ն.Հունանյանն այդ հարցին պատասխանել էր, թե այդ ընթացքում ծրագիրը փոխվել էր: Հաշվի առնելով, որ ծրագրի էությունը նախնական փուլում սահմանափակվում էր առանց զոհերի իրականացվելիք գործողության ու վարչապետին վախեցնելու շրջանակներում, պետք է եզրակացնել, որ «ծրագիրը փոխվել» էր դահլիճ մտնելուց քիչ առաջ: Ետ դառնանք նախաքննական փուլում Ն.Հունանյանի տված այն ցուցմունքներին, որոնք վերաբերում էին նախկին մեղադրյալներ Նաիրի Բադալյանին ու Ալեքսան Հարությունյանին: Անշուշտ, հարկ է հիշեցնել եւս մեկ անգամ, որ դրանցից Ն.Հունանյանը հրաժարվել էր իբր ֆիզիկական ճնշման տակ տված ցուցմունքներ, ինչն, ի դեպ, պաշտոնապես այդպես էլ չի հաստատվել: Իսկ Ն.Հունանյանը նույնիսկ Ն.Բադալյանի հետ առերեսման ժամանակ ցուցմունք էր տվել եւ պնդել, թե ինքը Ն.Բադալյանին տեղյակ չի պահել «27»-ի գործողության մասին, բայց դեպքից որոշ ժամանակ առաջ իրեն է զանգել Ալ.Հարությունյանն ու ասել, որ Ն.Բադալյանը կդիմավորի իրեն եւ տեղեկություններ կտա, որոնցով ինքը պետք է առաջնորդվի: Իսկ տեղեկությունն, ըստ Ն.Հունանյանի ցուցմունքի, եղել է՝ «Հիշիր, եթե չխփեք, ոչինչ չի լինի, ոչ մի օգնություն, բան չի հետեւի»: Ասել է թե, Ն.Հունանյանի պլանները փոխվել էին հատկապես Ն.Բադալյանի այդ լրացուցիչ տեղեկությունից հետո՞: Սա հարց է, որը, կարծում ենք, դատաքննությունը բացահայտելու խնդիր ունի: Ի վերջո, չի բացառվում, որ հենց այստեղ է թաքնված գործի ամբողջական բացահայտման բանալին ու, թերեւս, պատահական չէ, որ 2000-ի մայիսի նախաշեմին իր դիրքերը ամրապնդած նախագահն ու նրա գլխավորած արդարադատության համակարգը շտապեցին ազատ արձակել Ալ.Հարությունյանին, նաեւ Ն.Բադալյանին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել եւ գործը կարճվել է ապացույցների անբավարարության եւ Ն.Հունանյանի կողմից վերջինիս դեմ տված ցուցմունքներից հրաժարվելու պատճառով: Ի դեպ, Ն.Բադալյանին, ըստ էության, միայն երկու մարդ կարող էր մեղադրել ոճրագործությանը մասնակից լինելու մեջ՝ Ալ.Հարությունյանը, ումից նա, ըստ Ն.Հունանյանի նախնական ցուցմունքների, հանձնարարություն էր ստացել, եւ Ն.Հունանյանը՝ ում հանձնարարականը, դարձյալ ամբաստանյալի նախնական ցուցմունքների համաձայն, փոխանցվել էր: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել