Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնություն»

Հոկտեմբեր 30,2001 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՔ ԵՆ, Ո՞ՒՄ ԴԵՄ ԲՈՂՈՔԵՆ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը առանց հումորի հայտարարեց, որ հանրապետականները դեռ մի տասը տարի էլ կկառավարեն երկրի գործադիր մարմինը, եւ Անդրանիկ Մարգարյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը դեռ այդքան էլ կպտտվեն եւ՝ անհիմն։ Գալուստ Սահակյանը այն կարծիքին է, որ բոլոր վարչապետների գլխին էլ նման խոսակցություններ պտտվել են, եւ մեղավորը Սահմանադրությունն է, որը հնարավոր է դարձնում վարչապետին ամեն րոպե պաշտոնանկ անելը. «Նոր խմբագրված Սահմանադրության մեջ կլինեն հոդվածներ, որոնք ե՛ւ պատասխանատվության, ե՛ւ իրավունքների առումով կմեծացնի վարչապետի ինստիտուտը»։ «Միասնություն» խմբակցության ղեկավարի հետ զրույցում շոշափվեց նաեւ եռյակի հրավիրած հանրահավաքը։ Ըստ պրն Սահակյանի՝ «Երեք կուսակցությունները տարբեր արմատներ ունեն եւ հենց դա է պատճառը, որ խնդիրը ոչ թե սկզբունքներին վերաբերեց, այլ, միայնումիայն նախագահին։ Իմ տեսակետն է, որ չի կարելի անձնավորել, նախագահի գործոնը օգտագործել հաշվեկշիռ բարձրացնելու համար։ Նախ, մեկ տարի է մնացել նախագահական հերթական ընտրություններին, ժողովուրդը ընտրել է, ժողովուրդն էլ կորոշի, թե հետագան ինչպիսին պիտի լինի։ Եվ բացի այս, երեք կուսակցությունները սկզբունքային կամ գաղափարախոսական որեւէ խնդիր դեռեւս չեն դրել հասարակության առջեւ։ Պարզապես պահանջներ ունեն։ Իսկ այն, ինչ որ պիտի տրամադրեն հասարակությանը, իրենցից տան, այդ խնդիրների մասին խոսք չի գնում։ Դրա համար շատ խիստ կասկածում եմ, որ հանրահավաքներից արդյունքներ պիտի լինեն։ Մի բան էլ ասեմ, որ երբ հանրության առջեւ հայհոյում ես, դու հենց այդ հանրության արժանապատվությունն ես վիրավորում։ Ավելի շատ կողմ եմ կոռեկտ արտահայտությունների»։ Այնուամենայնիվ, Գալուստ Սահակյանը չի ժխտում, որ երկրի վիճակն այնպիսին է, որ կարելի է ե՛ւ իշխանություններին քննադատել, ե՛ւ նախագահին, նույնիսկ՝ պահանջել։ Սակայն դա պիտի կատարվի «քաղաքական լեքսիկոնով»։ Հետաքրքիր է պարզապես՝ քաղաքական բառապաշարով ուրիշ ինչպես է ասվում՝ պահանջում են նախագահի պաշտոնանկությունը։ Մտածել է հարկավոր։ Իսկ Գալուստ Սահակյանը պատասխանն ունի. «Այդպես գոռոցով, բղավոցով, ինքնակոչ հայտարարություններով» շարունակելու դեպքում «ժողովուրդը կհոգնի դրանից»։ Որպես «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության տուժած պատգամավոր եւ ՀՀ քաղաքացի, «Միասնություն» խմբակցության ղեկավարը նույնպես համարում է, որ երեք քաղաքական ուժերը համախմբվել են չարության շուրջը, ինչպես կարծում է հանրապետության նախագահը։ Պրն Սահակյանի պատասխանն այսպիսին էր. «Ես նրանցից շատերին եմ ճանաչում, լիդերներին եմ ճանաչում, նրանք նաեւ իմ քաղաքական ընկերներն են։ Ոչ թե կասեի՝ էստեղ չարության խնդիր կա, այլ՝ պարզապես, նոր ձեւավորվող որեւէ քաղաքական թիմ-ուժ, միշտ այդպես երերացող ճանապարհով պիտի գնա։ Շատերին թվում է, թե կուսակցություն ստեղծելը, կուսակցական լինելը, սովորական նախարարության գրանցումն է եւ վերջ։ Դա բավականին լուրջ ճանապարհ է։ Սա ես ասում եմ, նկատի ունենալով նաեւ մեզ։ Այս առիթով էլ պիտի ասեմ, որ Հանրապետականներն էլ բավականին զգոն են նման երեւույթների նկատմամբ, որովհետեւ, նախ մեր հիմքերն են պինդ, ակունքները շատ զորեղ են»։ Այնուհետեւ, պրն Սահակյանը հանդես եկավ անձնական նախաձեռնություն-առաջարկով (պարզապես մի փոքր ուշացած)։ Նա ասաց, որ Արկադի Վարդանյանը եւս նախագահի հրաժարական էր պահանջում եւ բավականին էլ մեծ ժողովուրդ էր հավաքվել. «Հայաստանյան քաղաքական ուժերը եթե այդպիսի խնդիր ունեին, ինչո՞ւ չմիացան։ Եթե ամեն ինչի պատճառը նախագահն էր, կարելի էր միանալ հենց Արկադի Վարդանյանին եւ խնդիրներ լուծել։ Բայց այստեղ հարցը մի քիչ անձնավորվում է։ Վերջին հաշվով նաեւ շահարկվում է՝ «բա հետո»-ն, այդ «հետոն» չգտնելով ժողովուրդը սկսել է խոսել՝ ո՞ր մեկը կդառնա նախագահ։ Ենթադրենք պաշտոնանկության գործընթացը կայացավ»։ Ըստ Գալուստ Սահակյանի, ավելի շատ այդ հարցն է շահարկվում եւ ոչ թե ծրագրերը. «Կարծում եմ, այս ձեւավորված, չասեմ քաղաքական ուժի, այլ՝ միջոցառման տեսքով այս ամենը ժամանակի խնդիր է, որովհետեւ ճանաչելով ե՛ւ լիդերներին, ե՛ւ կուսակցությունների քաղաքական խորհուրդների անդամներին, գիտեմ, որ այնտեղ շատ սթափ մարդիկ կան եւ վերջին հաշվով խնդիրները կլուծվեն միայն ծրագրի պայմաններում»։ Որպես խորհրդարանական ամենամեծաթիվ խմբակցության անդամ, ի՞նչ տեղեկություն ունի Գ. Սահակյանը՝ իրո՞ք ԱԺ-ում սկսվել է նախագահի պաշտոնանկությունը պահանջող ստորագրահավաքը, եւ առաջարկվել է Հանրապետականներին միանալ ստորագրահավաքին. «Այդպիսի փաստեր ինձ դեռ հայտնի չեն։ Մեզ չեն դիմի, որովհետեւ դա մեզ համար քննարկելի էլ չի։ Եթե դատողությամբ վերցնենք, որ մենք իշխանամետ ենք, այդ տեսակետից կարելի էր մտածել նաեւ այդ ուղղությամբ, բայց մենք իշխանամետ չենք, հենց իշխանությունը մենք ենք։ Այսինքն, եթե ստորագրություն հավաքեն, մեր զենքերը ինքներս վայր կդնենք։ Մենք մեզ համար ստորագրությո՞ւն ենք հավաքելու»։ Եթե միտքը ճիշտ հասկացանք, պրն Սահակյանը կարծես թե նույնացրեց Հանրապետականին եւ ՀՀ նախագահին։ Սակայն մի՞թե «Միասնություն» դաշինքը ժամանակին ստեղծվեց որպես նախագահի հենարան. «ՀՀԿ-ն երբեք մասնավորեցման ճանապարհով չի գնում՝ մեր նախագահն է, մեր պրեզիդենտն է։ Պարզապես մենք նախագահի հետ համագործակցում ենք, եւ հասարակությունը այդ խնդիրներին ավելի կիրազեկվի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել