Արկադի Վարդանյանի վերջին հանրահավաքից անցել է մեկ տարի BBC ռադիոկայանը, առաջարկելով իր ինտերնետային ընթերցողներին կարծիք արտահայտել դրա համար հատուկ նախատեսված էջում /այն կոչվում է «ֆորում»/, զգուշացնում է բանավեճի մասնակիցներին. «Փաստարկեք ձեր կարծիքը՝ առանց անձերի վրա սեւեռվելու, չընդգծելով այլ մասնակիցների ազգությունը, սեռը, սոցիալական պատկանելությունը եւ այլ անձնական հատկանիշներ»: Այս խորհուրդը միանգամայն կիրառելի է այսօրվա Հայաստանի քաղաքական եւ լրատվական դաշտի հանդեպ: Ավելին՝ կենտրոնանալով անձերի վրա եւ ուշադրություն չդարձնելով այն ինստիտուտներին, որոնց գործունեության հետեւանքով շատ դեպքերում անձերը դրսեւորում են այս կամ այն վարքագիծը, մեր գործիչներն ակնհայտորեն էժանացնում են իրենց ասելիքը:
Վերջին օրինակը ուրբաթ օրը կայացած հանրահավաքում ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի անձնական վիրավորանքներն են Հանրային հեռուստատեսության ղեկավարության հասցեին: Դա անարդյունավետ, փակուղային ճանապարհ է: Այլ բան է, եթե պրն Գեղամյանը հասարակության ցավը հայտներ առ այն, որ 10 տարի գործում է այնպիսի մի ինստիտուտ /այն կարող է կոչվել պետական, ազգային թե հանրային հեռուստատեսություն/, որը հարկադրված է փառաբանել գործող նախագահին եւ խարազանել ցանկացած ընդդիմությանը: Բայց ո՞վ է ընդունել Հանրային հեռուստատեսության մասին վերջին օրենքը: Ազգային ժողովը, որի պատգամավորն է պրն Գեղամյանը:
Անձի եւ ինստիտուտի /հաստատություն/ նշանակության մասին ստիպեց հիշել այսօրվա յուրահատուկ հոբելյանը՝ ուղիղ մեկ տարի առաջ Արկադի Վարդանյանն անցկացրեց իր վերջին հանրահավաքը: Չի կարելի ասել, որ պրն Վարդանյանը պայծառ դեմք էր, որը պատրաստվում էր իրոք բարեփոխել մեր հասարակությունը: Այսօր, երբ հայտնի է հոկտեմբերի 30-ից հետո նրա հետագա վարքը, հասկանալի է դառնում, որ եթե նրանից ինչ-որ սպասելիքներ կային, ապա՝ անհիմն: Նա ուներ փող, իսկ դա այսօր քաղաքական գործունեություն ծավալելու հիմնական միջոցն է: Դրանով կարող ես գնալ շրջաններ եւ քարոզչություն ծավալել, դրանով հնարավոր է նաեւ Երեւանում բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպել: Այդպիսին էր 2000 թվականի հոկտեմբերի 30-ի հանրահավաքը, որը Ա.Վարդանյանի համար վերջինը դարձավ: Որտեղից էր եկել /կամ ում կողմից էր ուղարկվել/ Արկադի Վարդանյանը եւ ինչ էր նրա ուզածը՝ Աստված գիտի: Համենայն դեպս, այն փաստը, որ նա ԱԱՆ մեկուսարանում թեթեւ մշակում անցնելուց հետո, անհետացավ հասարակության աչքից, փախավ Հայաստանից եւ մեկ տարվա ընթացքում որեւէ ծպտուն չի հանում, ինքնին կասկածների տեղիք է տալիս: Բացառված չէ, որ նա Ռուսաստանի հատուկ ծառայությունների ինչ-ինչ ծրագրեր էր իրականացնում: Հնարավոր է, որ նա կապ ուներ իշխանության ինչ-որ թեւի /ասենք, Սերժ Սարգսյանի/ հետ եւ «գոլորշին բաց թողնելու» խնդիր էր իրականացնում: Առավել հավանական է, սակայն, այն վարկածը, որ իշխանությունները նրա վրա լուրջ «կամպրամատ» ունեին, եւ սպառնացել էին այն օգտագործել, եթե պրն Վարդանյանը չլռեր: Նա էլ, բնականաբար, լռեց:
Բայց մեկ տարի առաջվա դասը Արկադի Վարդանյանի անձի հետ կապված չէ: Շատ ավելի կարեւոր է, թե ինչպես էին հոկտեմբերի 30-ի հանրահավաքից հետո գործում պետական ինստիտուտները: Նրանք իրականացնում էին հանրահավաքի մասնակիցների ապօրինի ձերբակալություններ, խուզարկություններ: Ողջ գիշեր նախագահի գրպանում գտնվող դատարանները «դակում էին» կալանքի մասին որոշումները: Փաստորեն, իրավապահ կառույցները հերթական անգամ կատարեցին իշխանության պատվերը, որի վերջնական նպատակը՝ ցանկացած հասարակական ակտիվությանը բիրտ ուժ հակադրելով, մարդկանց վախեցնելն էր: Այդ ձեւով գործող ինստիտուտները շատ ավելի վտանգավոր են, քան ցանկացած Արկադի Վարդանյան:
Կարդացեք նաև
Երեկ խմբագրություն էր եկել հիշյալ հանրահավաքում ելույթ ունեցած Անահիտ Քնարյանը: Նա աշխատում էր Սարդարապատի հուշահամալիր-թանգարանում որպես հեռուստալրագրող: Հանրահավաքի հաջորդ իսկ օրը նրան ազատեցին աշխատանքից: Տեղեկանքը /հենց տեղեկանքը, ոչ թե հրամանը, որում պետք է բացատրվեր ազատելու պատճառը/ ստորագրել է թանգարանի տնօրեն Վլ.Դարբինյանը՝ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարը: Հարցն այն է, որ Սարդարապատի հուշահամալիրը գտնվում է պաշտպանության նախարարության /այսինքն՝ Սերժ Սարգսյանի/ համակարգում: Փաստ, որը, ի դեպ, շատ բան է բացատրում Կոմկուսի վարքագծում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ