ԿԱՏԱԿԸՆԴՄԵՋ Իշխանության են ձգտում այն գրողներն ու արվեստագետները, որոնք թերարժեքության զգացողություն ունեն իրենց ստեղծագործությունների կապակցությամբ եւ գնահատանք են ակնկալում քծնանքի եւ միամիտ հիացմունքի գերարժեքավորումներով։ Գնամ մեռնեմ, այն աշխարհից հիշեմ, սիրեմ։ Զարմանալի չէ, որ մխիթարողը նաեւ ինքն իրեն է համոզում, ինչպես գրողը, որը նաեւ ինքն իր համար է գրում։ Ո՞վ կհաղթեր Հովհաննես Շիրազին, եթե չլիներ Մովսես Արազին։ Մշտական շեքսպիրախաղությունից Վահրամ Փափազյանը մշակեց իր գրական ոճը։ Նույնը վերաբերում է մյուս թատերագիրների շնորհիվ մի շարք դերասանների գրողունակությանը։ Հայրենալքության տեմպերը դանդաղ են։ Մտավորականների գործազրկությունը կարելի է էլ ավելի թեթեւացնել՝ ֆիզիկապես վերացնելով մտավոր աշխատուժը, մանավանդ որ առատ գործ կբացվի թաղման գրասենյակների համար։ Արվեստագետները մուրացիկ են դառնում, որովհետեւ մուրացիկներն արվեստագետներ են որպես խեղճության դերասաններ, խնդրողական տեքստի սեփական մշակմամբ։ Մուրացիկների հարստությունը զուգորդված է լինում անմիտ ժլատությամբ։ Մուրացկանությունը ուրիշի ողորմածության լծակն է։ Ողորմածությունը մարդկայնորեն բազմաշերտ է՝ ինքնագերագնահատմանը բավարարություն տալուց, քմահաճույքից, ցուցամոլությունից, կողմնակի համակրանք նվաճելու ռազմավարությունից մինչեւ այդպիսի մուրացիկ դառնալու ահաբեկված ինքնախղճահարությունը… ու նաեւ, իհարկե, ճշմարիտ կարեկցանքից։ Իշխանության հասնելուց հետո էլ ինչո՞ւ նորից դառնալ «ազատ» արվեստագետ։ Մի՛ ուրախացիր քո տաղանդի բարգավաճումից, ոչ էլ տխրիր նվազումից։ Առաջին դեպքում շատանում են թշնամիներդ ու նրանց պատճառած գլխացավանքը։ Երկրորդ դեպքում քեզ նույնիսկ սիրում են… առաջին հերթին քո գործընկերները։ Հաշվի մեջ են ընթերցողի վրա ներգործելու պատասխանատվությունը, ծուլության կոմֆորտից զրկվելը, գոռոզության գայթակղությունից ձերբազատվելը, տաղանդավորի իմիջը։ Ուժեղ լինելու գինը հետագա թուլության մեջ է, անշուշտ, սպառվելուց։ Նախադասությունը դասակարգվում է ըստ իր ծագումնաբանական ազնվության։ Ժամանակը մաշում է ավելորդությունները, որ տարածությունը սփռել էր սնապարծորեն։ Ուրիշի խոսքը հնչյունների կամ տառերի հոսք է, որ շարժում է քո մտածելու կարողության էլեկտրաաղացը։ Դանդաղեցնում կամ անջատում ես, բայց մնում է աղմուկի եւ անհանգստության հուշահամալիրը, որն ակամա ծամում ես՝ մարսելու հավանականությամբ, որպեսզի ինքդ էլ հոսես այլոց էլեկտրաաղացների մեջ։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ