Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 27,2001 00:00

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Նա, ինչպես բոլորը, ծնվեց իր առաքելությամբ… Ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ, երբ սովորական մի օր Անահիտ Անանյանը նկարելու պահանջ զգաց։ Դժվար է պատկերացնել մարդու զգացումները, երբ նա չի հասկանում եւ չի էլ կարող բացատրել, թե ինչ է նկարում… Հոկտեմբերի 23-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկի սրահում ցուցահանդես էր՝ ոչ սովորական մի ցուցահանդես։ ԵՊՀ միացյալ արհկոմիտեի, «Միհր» արվեստաբանների ակումբի եւ «Էություն» միաբանության նախաձեռնությամբ ներկայացվել էին Անահիտ Անանյանի 25 նկարները։ Բացման արարողությանը ներկա էին հայտնի արվեստաբաններ եւ մշակութային այլ գործիչներ։ Նկարների հեղինակը մասնագիտությամբ կինոտեխնիկ է եւ այժմ էլ աշխատում է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի ասիստենտ։ Անահիտ Անանյանը երբեւէ չէր կարծել, որ կարող է նկարել (նա չի սովորել որեւէ նկարչական դպրոցում). դա տեղի ունեցավ ինչ-որ «երկնային» ուժերի ազդեցությամբ։ Նրա ստեղծագործություններում արտահայտված է հոգեւոր թեման աբստրակցիայի մեջ։ Բոլոր նկարներն անվերնագիր են, եւ ոչ մեկի վրա չկա նույնիսկ հեղինակի ստորագրությունը։ Այս փաստն Անահիտ Անանյանը բացատրում է նրանով, որ ինքն իրեն ընդամենը միջնորդ է համարում Տիեզերքի եւ Երկրի միջեւ։ Նա ինքն էլ չի կարողանում բացատրել իր նկարների բովանդակությունը, քանի որ սոսկ «կատարող» է հանդիսանում։ Բացառիկ ընդունակություններով օժտված այս «նկարչին» բանաստեղծուհի Ռուզան Ասատրյանը համարում է «Նարեկացու ստվեր, Խորենացու էություն»… Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 30-ը։ ՍԵԴԱ ՊԱՊՈՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՍՄԲԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել