Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդիկ միշտ էլ ձգտել են միավորվել։

Հոկտեմբեր 27,2001 00:00

Արվեստով զբաղվողն այսօր հերոս է Ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդիկ միշտ էլ ձգտել են միավորվել։ Թատերական գործիչների միության նախատիպերն ասպարեզ եկան թերեւս անտիկ դարերում, երբ կազմակերպվեցին առաջին «սինոդոսները»՝ թատերախմբերը։ Այդ հնագույն ժամանակներից մինչեւ օրս, նմանօրինակ միավորումներն, իհարկե, բազմիցս ձեւափոխվեցին եւ վերակազմավորվեցին, սակայն նրանց բնույթը՝ գործունեության հիմնական շարժառիթը, նույնը մնաց. սատար լինել գործընկեր արվեստագետներին ոչ միայն բարոյապես, այլեւ նյութապես։ Բավական է հիշել Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվող բենեֆիսները։ Սակայն վերադառնանք մերօրյա հոգսերին։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի անկողմնակալ բնորոշմամբ, «թատրոնը մեզանում հոգեվարք է ապրում» եւ «այսօր թատրոնում աշխատող մարդիկ իսկական հերոսներ են»։ Զրույցի մեջ ճանաչված արվեստագետը հստակ նշեց, որ ինքը տրտնջալ չի սիրում եւ բնավ չի ենթադրում, թե դպրոցում կամ հիվանդանոցում աշխատողների վիճակն ավելի բարվոք է։ Սակայն, ինչ խոսք, որ թատերական գործունեությունն անհամեմատ ավելի ծանր է եւ անբարենպաստ սովորական գոյատեւման համար։ Իսկ ի՞նչ է անում Միությունը։ Ի՞նչ խնդիրներ է փորձում հաղթահարել։ – Ես կարծում եմ, որ հատկապես հիմա Միության առաքելությունը շատ էական է։ Երբ պետական կառույցները եւ, մասնավորապես, համապատասխան նախարարությունն անկարող են բավարար չափով օգտակար լինել արվեստագետներին թե՛ բարոյապես եւ թե՛ ֆինանսապես, ստեղծագործական միությունների դերն անփոխարինելի է դառնում։ Ի՞նչ ենք անում կոնկրետ մենք։ Անց ենք կացրել եւ դեռ պատրաստվում ենք անցկացնել մի շարք փառատոներ, ստեղծագործական երեկոներ ու նաեւ հուշ երեկոներ՝ նվիրված մեր անվանի արտիստներին, թատերական գործիչներին։ Ինձ անսահման ցավ է պատճառում այն հանգամանքը, որ ներկայումս գրեթե չեն հիշվում հայ բեմի երախտավորների անունները՝ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Վաղարշ Վաղարշյանի եւ ուրիշ շատ-շատերի, որոնք ավելի քան կես դար պահել են հայ թատրոնը։ Բացի այդ, սարսափելի ծանր վիճակում են մեր թոշակառուները, որոնց նույնպես օգնում ենք ինչով կարող ենք։ – Իսկ ի՞նչ ֆինանսական լծակներ ունի այսօր Միությունը։ – Ոչ մի։ Մենք բյուջետային չենք, դժբախտաբար։ Մինչդեռ Ուկրաինայի, Բելառուսի, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրների նմանատիպ միությունները վաղուց արդեն բյուջետային կազմակերպություններ են։ Եվ ոչ միայն աշխատավարձ են ստանում, այլեւ ֆինանսավորվում են զանազան միջոցառումներ կազմակերպելու համար։ Այս ամենը լսելիս անկեղծորեն սկսում ես տխրել։ Ոչ շատ վաղուց միության գործունեությունն իրապես մթնոլորտ էր ստեղծում հանրապետության թատերական միջավայրում։ Շաբաթ չկար, որ նշանավոր մի իրադարձության նախաձեռնողներից նա չլիներ. եւ հյուրախաղային ներկայացումներ, եւ գիտական կոնֆերանսներ, եւ հոբելյանական օրեր, եւ թատերական քննարկումներ… – Քաղցր հուշ են դարձել այն ժամանակները,- ավելացրեց իմ զրուցակիցը,- երբ մշակույթի նախարարության կոլեգիայի կազմում ընդգրկված էին ոչ միայն բոլոր ստեղծագործական միությունների նախագահները, այլեւ արվեստի բնագավառում ստեղծագործող անվանի դեմքեր, որոնց կարծիքը որոշումներ կայացնելիս պարտադիր հաշվի էր առնվում։ Ներկայումս այդ կարեւորագույն գործընթացին մենք մասնակից չենք։ Դեռ երեկ անհամբեր սպասում էինք, որ մշակույթին վերաբերող օրենսդրական նախաձեռնումները վերջապես բարեբեր ալիք կառաջացնեն երկրի գեղարվեստական կյանքում։ Օրենքի նախագիծը հրապարակ եկավ եւ ի՞նչ։ Ահավասիկ, թե ինչ ենք կարդում. Ստեղծագործական աշխատողների միությունը ստեղծագործական աշխատողների կամավոր միավորում է, «որն ունի հասարակական միավորման կարգավիճակ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել է ստեղծագործական աշխատողների շահերի ընդհանրության հիման վրա՝ հոգեւոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու համար» (գլ. 1, հ. 4)։ Իսկ ի՞նչ անել, երբ ներկայումս ստեղծագործական աշխատողներն առաջին հերթին հենց իրենց նյութական պահանջմունքները բավարարելու կարիք ունեն։ Մի՞թե լրացուցիչ հիմնավորելու անհրաժեշտություն կա, որ արդի շուկայական տնտեսության պայմաններում քայլ չես գցի առանց նյութականդ ապահովելու՝ լինի դա սովորական բիզնես, թե գեղարվեստական ստեղծագործություն։ ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ Պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել