Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի

Հոկտեմբեր 27,2001 00:00

«ՈՆՑ ՈՐ ՏԱՆԸ ԼԻՆԵՄ» Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեկ համերգով հանդես կգա Շվեյցարիայից ժամանած երիտասարդ դիրիժոր, մեր հայրենակից Լյուք Բաղդասարյանը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիպեցինք դիրիժորին եւ թարգմանչի օգնությամբ զրուցեցինք։ – Կխնդրեինք ներկայացնել Լյուք Բաղդասարյան դիրիժորին։ – Ավարտել եմ Ժնեւի Conservatorie Superieur de Musigue-ը։ Դիրիժորության դասեր եմ առել Արփադ Գերեզից (Ժնեւ) եւ Կառլ Օստերռայխերից (Վիեննա)։ Շվեդ դիրիժորների մրցույթի (Բեռն) հաղթող եմ։ Ճանաչվել եմ Ռումինիայի թիվ 1 երիտասարդ դիրիժոր։ Աշխարհահռչակ մաեստրո Մարիա Ջուլինիի կողմից հաճախ հրավիրվում եմ Միլան եւ Ֆլորենցիա։ Հիմնական աշխատավայրս գտնվում է Ժնեւից 60 կմ հեռավորությամբ՝ Լոզանում, ուր ղեկավարում եմ երկու նվագախումբ եւ երգչախումբ։ Համառոտ այսքանը։ – Փաստորեն, աշխատում եք մեծագույն ծանրաբեռնվածությամբ։ – Գիտեք, ես երիտասարդ եմ եւ հիմա պետք է աշխատել, թեկուզ ծանրաբեռնված, իսկ հասուն տարիքում կարելի է դասավանդել, անցկացնել վարպետության դասընթացներ, թեպետ վերջիններս կարելի է հիմա էլ համատեղել համերգային գործունեության հետ։ Ի դեպ, մեկ անգամ ղեկավարել եմ Երեւանի կոնսերվատորիայի երգչախումբը եւ նվագախումբը։ Սա էլ ասեմ՝ բարձր կարծիքի եմ ձեր կոնսերվատորիայի մասին… – Եթե հրավեր լիներ, կհամաձայնեի՞ք աշխատել կոնսերվատորիայում։ – Օ՜, իհա՛րկե այո… – Պատմեք, խնդրեմ, ձեր ընտանիքի մասին։ – Ապրում եմ ծնողներիս հետ։ Հայրս հայ է, մայրս՝ շվեյցարուհի։ Շատ գոհ է, որ հայ ամուսին ունի։ Իսկ հորս ծնողները գաղթել են Մուշից։ Մեր տանը հաճախ մայրս պատրաստում է հայկական կերակուրներ, որ սովորել է տատիկիցս։ Գիտեք երեւի, որ Ժնեւում կա հայ համայնք, եւ նրանք ինձ ասում են՝ քո մայրը ավելի շատ հայ է, քան շվեյցարուհի… – Մի խոսքով, «հայկական էլեմենտներ» ձեր տանը պահպանվում են։ Դա էլ գովելի է։ Հետաքրքիր է, ծնողներդ կհամաձայնե՞ն, որ ամուսնանաք հայուհու հետ։ – Իհարկե, իհարկե… Սա էլ ասեմ՝ սիրում եմ շփվել հայրենակիցներիս հետ։ Ինձ գրավում է այս միջավայրը։ Հավատացեք, ոնց որ տանը լինեմ։ Արդեն 7-րդ անգամն է Երեւանում եմ։ Սա, կարծում եմ, հաստատում է վերջին միտքս… – Փոխվե՞լ է Երեւանը։ – Իհա՛րկե այո։ Ավելացել են վայելքի վայրերը, բայց ինչքան շփվում եմ մարդկանց, հասկանում եմ, որ դրամի պրոբլեմը մեծ է։ Այս առիթով, որպես արվեստագետ, ասեմ, որ աշխարհում բարձր վարձատրվող խավը արվեստագետներն են։ Իսկ դուք ունեք հիանալի ֆիլհարմոնիկ նվագախումբ, բարձրակարգ երաժիշտներ։ Արվեստագետը պետք է ապահով կյանքով ապրի։ – Շվեյցարիայում դուք կարիք ունե՞ք հովանավորի։ – Ասեմ ձեզ՝ արվեստը նախ պետք է պետական հոգածություն ունենա, որն ունենք։ Ունենք նաեւ հովանավոր։ – Կարծում եմ, արդեն լավ ծանոթ եք հայ ունկնդրին։ – Այո, ջերմ ունկնդիր է հայ ունկնդիրը։ Այս առումով շատ եմ նմանեցնում իտալացիներին։ Երիտասարդ տարիքում մեր հայրենակիցը ղեկավարել է մի շարք հեղինակավոր նվագախմբեր, երգչախմբեր՝ Orchestre de la Suisse Romande (Շվեյցարիա), Philharmonia of lasi (Ռումինիա), «J Vocalisti» (Ֆլորենցիա), Ռադիոյի եւ հեռուստատեսության կամերային նվագախումբ (Բուխարեստ)։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել