Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՇՏՈՒՄ ԵՆ «ՀԱՄԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԱՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 27,2001 00:00

ՃՇՏՈՒՄ ԵՆ «ՀԱՄԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԱՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Շողակն» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցրել էր Կարինե Հովհաննիսյանի հետ կնքած իր աշխատանքային պայմանագիրը։ Կ. Հովհաննիսյանը դիմել էր դատարան՝ աշխատանքում վերականգնվելու եւ հարկադրական պարապուրդի դիմաց էլ վճարվելու պահանջով։ Դատարանը հայցը բավարարել էր եւ «պարտավորեցրել» «Շողակնի» տնօրինությանը՝ Կ. Հովհաննիսյանին վերականգնել նախկին աշխատանքում կամ «նշանակել համարժեք այլ աշխատանքի»։ «Շողակնը» նախկին հսկիչի համար «համարժեք» աշխատանք էր առաջարկել հավաքարարի աշխատանքը՝ «նախկին աշխատանքին հավասար վարձատրության կարգով» (40 հազար դրամ)։ Կ. Հովհաննիսյանը հրաժարվել էր «համարժեքից», իսկ Կոտայքի մարզի հարկադիրներն էլ դիմել էին դատարան՝ պարզաբանելու «համարժեք աշխատանք» հասկացությունը։ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը «համարժեք աշխատանքը» վերծանել էր այսպես. «որպես հսկիչի աշխատանքի բնույթին համապատասխան եւ նույն չափով վարձատրվող մեկ այլ աշխատանք, ինչպիսիք, օրինակ, կարող են լինել «ստուգող», «վերահսկող» (OTK), սակայն ոչ «հավաքարար», քանի որ «հավաքարարի» եւ «հսկիչի» աշխատանքներն իրենց բնույթով էապես եւ որակապես խիստ տարբեր են»։ Դատարանը գտնում էր, որ հավաքարարի աշխատանքը հսկողական ֆունկցիա չի պարունակում (թեեւ մաքրություն պահպանելը ներառում է հսկողականության տարր)։ Մինչեւ երեկ Կ. Հովհաննիսյանը «օդում» էր, վերականգնված չէր իր աշխատանքում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել