Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջազգային

Հոկտեմբեր 27,2001 00:00

Սենատորը «քաշեց» կառավարությանը Միջազգային իրավունքի հայկական ընկերակցությունը շնորհակալ գործ է անում. հայ հանրությանը հաճախակի լուսավորելու նպատակով մատուցելով մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Ու դա պատահական չէ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանում իրենց իրավունքները ոտնահարված համարող քաղաքացիները կդիմեն ԵԴ եւ երանի՜ նրանց, ովքեր շահելու են դատը եւ վա՜յ Հայաստան պետությանը, որը տանուլ է տալու այն։ Հայրենի կառավարությանը քննադատելը դարձել է առօրյա, իսկ այս կամ այն հանցագործության մեջ կասկածելը՝ սովորույթ։ Սակայն նրանք չեն սիրում առարկել, չեն պատասխանում եւ, մեր տպավորությամբ, իրենց լռությամբ հաստատում են ասվածը։ Դժվար թե Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարությունում գտնվի մեկը, որն իմանար Կաստելլսի գործի մասին. Բասկերի շարժման կողմից սենատոր ընտրված Կաստելլսը հանդգնել էր «Պունտո ի Օրա Եուսկալխերիա» թերթում տպագրել մի հոդված, որը հասարակության ուշադրությունն էր հրավիրում բասկերի դեմ զինված խմբավորումների կողմից կատարած սպանությունների եւ հարձակումների վրա։ Սենատորը (պատգամավորը) գտել էր, որ զինված ահաբեկիչների եւ խմբերի հետեւում կառավարությունն ու կառավարող կուսակցություններն են կանգնած։ Կառավարությանը հասցրած վիրավորանքի համար Իսպանիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրեց, իսկ Իսպանիայի ԳԴ քրեական գործերով պալատը սենատորին դատապարտեց 1 տարվա ազատազրկման, բնականաբար, նրան զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից (ուշադրություն դարձրեք, որ մամուլը պատասխանատվություն չի կրել, իսկ կառավարամետ քարոզչամիջոց չի գտնվել այն ժամանակ՝ ընդդիմադիր թերթին քարկոծելու համար)։ Կաստելլսը, հասկանալի է, չհայտնվեց Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում կամ 5-րդում, որտեղ ստիպում են քարերին անգամ խոսել։ Նա դիմեց Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան։ Սենատորը գտնում էր, որ ինքն ազատորեն իր կարծիքն է հայտնել, պնդել եւ օգտվել է իր այդ իրավունքից։ Կառավարությունը գտնում էր, որ սենատորը խախտել է Սենատի կանոնակարգը, որով սահմանված է կառավարությանը քննադատելու չափաբաժինը (մեզ մոտ, փառք Աստծո, նման կանոնակարգ չկա, թե չէ տակից հաստատ դուրս չենք գա)։ Կաստելլսը գրում է, որ իր հոդվածը «դասվում է քաղաքական քննադատության բնագավառներին, որով զբաղվելը խորհրդարանի ցանկացած անդամի պարտքն է»։ Խոսք էր գնում «անհարմար դրության մեջ ընկած կառավարության մասին», բայց եւ այն մասին, որ «հոդվածը համապատասխանել է հասարակական շահերին»։ Դատարանը (նրանց «Կենտրոն եւ Նորք-Մարաշի») կառավարությանը սիրաշահելու ձեւը գտել էր, մեղադրելով սենատորին, թե նա «անցել է քաղաքական բանավեճի սովորական սահմանները՝ վիրավորել է ժողովրդավարական կառավարությանը»։ Սենատորը իրեն համարում էր խտրականության զոհ, քանի որ, ըստ նրա, շատերն էին նույնպիսի հայացքներ արտահայտել, սակայն քրեական հետապնդման չէին ենթարկվել։ Սենատորը 4 փաստաբան ուներ եւ դատական ծախսերի համար պահանջեց 2181476 պեսետ: Նա պահանջում էր փոխհատուցում եւ անգամ 20 հազար գերմանական մարկ՝ պատվավճար։ Ստրասբուրգի դատարանը Իսպանիայի թագավորությանը պարտավորեցրեց 3 ամսվա ընթացքում 3 մլն գումար տալ, դիտելով այն «բարոյական վնասի բավականաչափ արդարացի բավարարում»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել