Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոկտեմբեր 27,2001 00:00

«Առավոտի» խմբագրականը

1999թ. հոկտեմբերի 27-ին սկսվեց այսպես. «Հանրապետության 15 շիկացած կետերին, հատկապես Երեւանին (Ավան-Առինջ, Էրեբունի), Վանաձորին, Աբովյանին, Գավառին, Սիսիանին, Վաղարշապատին, Մեծամորին կցված են ՆԳ համակարգի պաշտոնատար աշխատակիցներ։ Ներգրավված են պահուստային ուժեր։ Հոկտեմբերի 21-ից ուժեղացված է աշխատանքային ռեժիմը, հոկտեմբերի 23-24-ը զորանոցային ռեժիմ է մտցված։ Պատշաճ կարգուկանոնի եւ անվտանգության պահպանման նպատակով ներգրավված են նաեւ ՆԳՆ-ի կենտրոնական ապարատի հատուկ կազմը՝ 300-ական մարդ օպերատիվ քննչական խմբից եւ քննչական ապարատից, պետանվտանգության պահեստային զորամասերը, ՆԶ զորամասերը եւ պետավտոտեսչությունը։ Ուժեղացված է կառավարական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների, նրանց կից տարածքների եւ պատմամշակութային օբյեկտների հսկողությունը»։

Ի դեպ, այդ մասին հայտարարել էր ՆԳ այն ժամանակվա նախարար Սուրեն Աբրահամյանը։ «Երբ նման միջոցառումների մասին հրապարակայնորեն եւ պաշտոնապես հայտարարում է հանրապետության ՆԳ նախարարը,- շարունակվում էր խմբագրականում,- առաջինը միտքդ է գալիս, որ ինչ-որ արտակարգ բան է պատահել։ Ասենք՝ տարերային աղետ, կառավարական հեղաշրջում, արտակարգ իրավիճակ»։

Մենք արձանագրել էինք նաեւ. «Ուղղակի ոստիկաններն այս անգամ շատ էին»։ Այդ ամենը կապվում էր, ըստ ՆԳ էքսնախարարի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ։

Նկատենք, որ Ն. Հունանյանը թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական ցուցմունքների ժամանակ իրենց ԱԺ գնալու հանգամանքը (անգամ անցաթուղթ ձեռք բերելը) բացատրել էր նրանով, թե ԱԺ իր այդ օրվա «այցը» կապված էր տեղական ինքնակառավարման ընտրությունների (Մարտունիում) հետ։ Հետաքրքիր է, որ ՆԳ էքսնախարարը հայտնի ճեպազրույցում նմանօրինակ կարգուկանոնի պահպանման ուժեղացումը չէր կապել կաթողիկոսական սպասվելիք ընտրությունների հետ։

Նույն օրվա «Առավոտում» մենք տեղեկացրել էինք նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ ԱՊՀ գծով տեղակալ Սթիվըն Թելբոթի Հայաստան այցելության մասին։ Նա նախատեսել էր հանդիպել ՀՀ նախագահի հետ։ «Ադրբեջանի ներքին անկայուն իրավիճակը» փոխել էր նրա Ադրբեջան գնալու մտադրությունը։

Հոկտեմբերի 26-ին «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակիցը, արտահայտելով ԼՂՀ քաղաքական շրջանակների տեսակետը, տեղեկացրել էր, թե Բաքվում ներքաղաքական լարվածությունն այնքան սուր չէ, որքան ի ցույց է դրվում. «Հավանական է, նախագահ Ալիեւն ինքն է արհեստականորեն կառավարական ճգնաժամի տպավորություն ստեղծում, որ այդ ձեւով չեզոքացնի միջնորդ երկրների կողմից իր վարչակարգի վրա գործադրվող դիվանագիտական ճնշումները»։ Ադրբեջանում, տեղեկացնենք, անվտանգության խորհրդի նիստից հետո հրաժարական տալու մասին Ալիեւին զգուշացրել էին ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը, պետական խորհրդականներ Ախունդովն ու Օբուջեւը։ Հրաժարական էր տվել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Թոֆիկ Ջուլֆուգարովը։ Ըստ երեւույթին, իբրեւ համարժեք քայլ՝ հարկավոր էր ներքաղաքական լարվածություն ստեղծել նաեւ… Հայաստանում։

Դժվար էր կանխատեսել, որ նույն օրը ժամը 17-ից հետո ԱԺ-ում կրակոցներ կլսվեին։ ԱԺ-ում, որը նույնպես պետք է ուժեղացված լիներ, եւ ուր «անվտանգության պահպանման նպատակով ներգրավված» օպերատիվ քննչական խմբից, «պետանվտանգության պահեստային զորամասերից» էլ պիտի լինեին։

ՀՀ նախագահի ցավակցական խոսքը գնահատականի առաջին տարրն է պարունակում. «ԱԺ շենքում տեղի ունեցած իրադարձությունները…», ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի եւ վարչապետի հայտարարությունը այսպիսին էր. «ԼՂՀ իշխանությունները տագնապով ու վրդովմունքով տեղեկացան ՀՀ բարձրագույն ղեկավարների, կառավարության անդամների եւ պատգամավորների դեմ ուղղված աննախադեպ ահաբեկչական ձեռնարկի մասին»…

Բերենք նաեւ գիշերվա ժամը 22-ից մինչեւ առավոտյան ժամը 5-ի մեր ժամանակագրությունը («Առավոտ», 28 հոկտեմբերի), երբ մենք գտնվում էինք ԱԺ մուտքի մոտ. 22։00. փակված էին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների երկու հատվածները։

22։20. տարածվեց անդրանիկ լուրն այն մասին, որ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Լեոնարդ Պետրոսյանի դիակները դուրս են բերվում ԱԺ շենքից։

23։00. լրացուցիչ զինտեխնիկայով «լցվեց» ողջ Բաղրամյանը։ Նկատելի ավելացավ ՆԳ, ԱԱՆ ստորաբաժանումների թիվը։ Քաղաքացիները կարող էին Բաղրամյան պողոտայի դիմացի մայթեզրով անարգել շարժվել։ Հայտնի էր ԱԺ գրոհածների թիվը՝ 5։

00։30. Դեմիրճյան փողոցի մուտքն ազատ էր։ Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից այդ պահին հանդիպեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, որը խուսափեց գնահատական տալ կատարվածին, չմոռանալով խորհուրդ տալ մեզ՝ նորից ընթերցել «Առավոտում» տպագրված (4 ամիս առաջ) իր «Կպահանջվի՞ արդյոք զինված հեղաշրջում» հրապարակումը, ուր որպես հեղաշրջման 4-րդ տարբերակ կանխատեսվել էր «մոբիլ փոքր խմբով» սցենարը։

1։15. ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, դուրս գալով շենքից, հայտնեց, որ գրոհայինները դեռ պահանջում են հանրապետության նախագահին։

1։30. ճշտվեց, որ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը եւս սպանված է։ Ըստ ականատես պատգամավորի՝ Արմենակյանը սպանվել է ավելի ուշ, քան նախորդները՝ ընդդիմանալու ժամանակ։

2։15. սեւ բերետավորները մտան ԱԺ տարածք։

2։20. տարածք մտավ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան (30.10.99-ին «Առավոտը» ճշտեց, որ լուրի թյուրիմացության պատճառն այն է եղել, որ Հայաստանի առաջին նախագահին սպասարկող «Լինկոլն» ավտոմեքենայից նույն գույնի կա նաեւ Ազգային անվտանգության նախարարությունում)։

3։00. ԱԺ պատգամավոր Հրանտ Ոսկանյանը դուրս գալով ԱԺ տարածքից հայտնեց, որ բանակցությունները շարունակվում են, ներսում կան նախարարներ եւ «ԱԺ ողջ կորպուսը»։ Հարցին, թե իրո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը մտել է ԱԺ, նա պատասխանեց. «Ըստեղ Լեւոնը չի երեւացել»։ Դարպասներից դուրս եկավ հերթական շտապօգնության մեքենան՝ տանելով գյուղնախարար Գ. Շահբազյանին։

3։30. ԱԺ պատգամավոր Վրեժ Շահգելդյանը խորհրդարան է մտնում սննդով (ներսում գտնվողների համար)։

4։15. հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի մեքենան մտավ ԱԺ։ 4։20. վարչապետի խորհրդականներ Արմեն Եղիազարյանը, Լեւոն Մկրտչյանը, նախարար Ռոլանդ Շառոյանը, փոխնախարար Իշխան Զաքարյանը բանակցեցին ԱԺ մուտքը հսկող զինվորականների հետ՝ ներս մտնելու համար։ Չթույլատրվեց։ Լրագրողներին խնդրում են հեռանալ մուտքից, մեր գործընկերներից մեկի տեսախցիկն են վերցնում։ Նույն պահին շենքում գտնվող Անդրանիկ Մարգարյանը հեռախոսով հայտնեց, որ բանակցությունները շարունակվում են՝ կապված ՀՀ նախագահի ԱԺ մտնել-չմտնելու հետ։

5։00. ուղիղ եթեր դուրս գալու զինյալների պահանջը բավարարվեց։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031