Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամեն

Հոկտեմբեր 27,2001 00:00

Ոջիլը թանկ հաճույք է Ամեն տարի սեպտեմբերի գալուն ծնողները սրտի թրթիռով են սպասում՝ ոչ լավ իմաստով։ Մտածում են, թե այս տարի դպրոցը ինչ նոր բան կհորինի փող կորզելու ու երեխաներին դպրոց չթողնելու համար։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ոջիլը որքան է տարածված դպրոցներում։ Ամեն անգամ երեխաների գլուխը մաքրում են, ուղարկում դպրոց ու՝ նորից նույնը։ Այն, որ ծնողները բավական փող են ծախսում դեղեր գնելու համար, դա բոլորս էլ գիտենք, քանի որ այնպիսի ընտանիք չկա, ուր երեխան դպրոցից ոջիլ «բերած չլինի»։ Բայց ամենավատն այն է, որ խաթարվում է երեխայի հոգեկան աշխարհը, երեխան ճնշվում է եւ քաշվում մի անկյուն, որովհետեւ երբ դասարանցիներն իմանում են, որ մեկի գլխին ոջիլ կա, այդ երեխան փրկություն չունի։ Նրա հետ չեն խաղում, ոջլոտ են անվանում։ Կոնկրետ օրինակ բերեմ. քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցներից մեկի 6-րդ դասարանցի մի աղջկա գլխին ոջիլ են հայտնաբերել եւ դրա մասին բարձրաձայն ասել։ Դրանից հետո դասարանցիները նրան անընդհատ ոջլոտ էին անվանել։ Երեխան դրանից այնքան էր ընկճվել, որ ծնողները նրան տեղափոխել էին մեկ այլ դպրոց։ Իսկ մեկ այլ դպրոցում հայտարարել են, որ ոջիլ կամ անիծ գտնելու դեպքում ծնողները կտուգանվեն 5 հազար դրամ։ Իսկ երբ սանէպիդկայանը աշակերտների գլխին ոջիլ, իսկ ոմանց մոտ էլ «ֆՑպՐՏոՌՏջ +» ճիճու է հայտնաբերել, դպրոցի տնօրենին գրավոր նկատողություն է տվել, իսկ բուժքրոջը՝ տուգանել։ Նրանց կարծիքով, մինչեւ մարդկանց գրպանին «չխփեն»՝ ոչ մեկը չի մտածի ոջիլը վերացնելու մասին։ Սա իբր քիչ էր, իբր, նույն այդ սանէպիդկայանի «հրամանով», երեխաներին դասի չեն թողնում՝ ասելով, որ այդ ճիճուն վարակիչ է։ Ծնողների համար սա արդեն չափն անցնել էր նշանակում ու նրանք բորբոքված բողոքում էին. «Ես ոչ դպրոցի տնօրենից, ոչ էլ բուժքրոջից եմ բողոքում, քանի որ խեղճ բուժքույրն ամբողջ օրը վազքի մեջ է, ամբողջ օրը երեխաների գլուխներն է նայում, հետեւում մաքրությանը, զանգում է աշակերտների տները՝ հետաքրքրվում։ Բայց իմ մեղքը ո՞րն է։ Ես տանջվեմ, նավթ քսեմ, քացախ քսեմ, երեխայի գլուխը մաքրեմ, հետո էլ տանեմ տնօրենին 5 հազար դրամ մուծե՞մ։ Ո՞վ է մեղավոր։ Թող դեղ բերեն բաժանեն, միջոցներ ձեռնարկեն, որ գալիս են տուգանում կամ նկատողություն են տալիս դպրոցին, դա հարցի լուծո՞ւմ է։ Հո ծնո՛ղը ոջիլը չի բերում-գցում դպրոց։ Ես երեխայիս մաքուր, եղունգները կտրած, թաշկինակը գրպանը դրած, առանց ոջիլ տանում եմ դպրոց, իսկ տուն գալիս համ ոջիլ է բերում, համ ճիճու։ Օրենքով ե՛ս պետք է բողոքեմ։ Ինչի՞ համար պետք է 500 դրամ տամ անալիզ անեմ, գոնե դա անվճար լինի։ Անցյալ տարի ոջիլի դեմ դեղ էին տալիս, այս տարի՝ ոչ մի բան։ Ասում են մինչեւ տեղեկանք չլինի, որ երեխան լավ վիճակում է, դպրոց չբերեք։ Դպրոցը բացվելուն պես ներվային վիճակի մեջ ենք»։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ Հ. Գ. Սանէպիդկայանից զանգում են աշակերտներից մեկի տուն եւ մորը ասում, որ գալու են օջախի ստուգում անեն։ Երբ ծնողը հարցնում է, թե օջախի ստուգումը ո՞րն է, ասում են՝ «ձեր երեխան ճիճու ունի եւ տան անդամները կարող են վարակված լինել։ Պետք է գանք ընտանիքի բոլոր անդամներից անալիզ վերցնենք»։ Ծնողն էլ պատասխանում է, թե ինքը հասուն մարդ է եւ ճիճու ունենալու դեպքում ինքը կզգար եւ, որ ոչ մի օջախի ստուգում էլ իրեն պետք չէ։ Աշխատակիցն էլ թե՝ դե լավ, աղջիկ ջան, մենք էլ գլխավորի տեր ենք եւ եթե մեր գլխավորը զանգի՝ կասեք, որ եկել ենք ու ձեր եղունգների տակից անալիզ վերցրել, թե չէ ձեր տունը շատ հեռու է ու քարքարոտ՝ չեմ կարող գալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել