Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջերս (20.10.01) «Առավոտում» հրապարկվեց «ՀՀ Քրեական իրավունք չդասագիրքը» հոդվածը, որի հեղինակ Սերգ

Հոկտեմբեր 27,2001 00:00

«ՀՈԴՎԱԾԱԳԻՐԸ ՇՓՈԹՄՈՒՆՔԻ ՄԵՋ Է» Վերջերս (20.10.01) «Առավոտում» հրապարկվեց «ՀՀ Քրեական իրավունք չդասագիրքը» հոդվածը, որի հեղինակ Սերգեյ Պողոսյանը քննադատում է «Հայաստանի Հանրապետության Քրեական իրավունք. ընդհանուր մաս» բուհական դասագիրքը։ Հոդվածագիրը գրում է, թե բուհերի համար օրենքի նախագծի հիման վրա գրված դասագիրք շրջանառության մեջ դնելն արդեն խոսում է դրա մեկանգամյա օգտագործման մասին եւ, որ դրանով ուսուցանել անձանց, որոնք մի քանի տարի հետո են սկսելու մասնագիտական աշխատանքը՝ անլուրջ է եւ վնասակար։ Նախ, պրն Պողոսյանը երեւի տեղյակ չէ, որ դասագիրքը գրվել է Ազգային ժողովում արդեն երեք ընթերցում անցած նախագծի հիման վրա, որը, փաստորեն, արդեն օրենք է։ Բացի այդ, հոդվածագիրն ընդհանրապես չգիտի, որ գործող Քրեական օրենսգրքի եւ նախագծի ընդհանուր մասի դրույթներն էականորեն չեն տարբերվում եւ հիմնվում են քրեական իրավունքի հանրահայտ սկզբունքների վրա։ Հոդվածի հեղինակը գրում է, թե դասագրքի առանձին գլուխներ մենագրությունների, հոդվածների տպավորություն են թողնում։ Քրեական օրենքը, ինչպիսին էլ այն լինի, դոգմա չէ, իսկ դասագիրք գրող գիտնականներն էլ զրկված չեն իրենց տեսակետն արտահայտելու իրավունքից։ Բացի այդ, դասագիրքն աչքի է ընկնում խորը տեսական վերլուծություններով, քրեական իրավունքի տեսության մեջ առկա տարբեր տեսակետների ներկայացմամբ ու քննարկումով։ Երեւի հոդվածագիրն ունակ չէ ըմբռնելու քրեաիրավական բարդ հիմնախնդիրների վերլուծությունները։ Քննադատելով դասագրքի այն դրույթը, թե ցմահ ազատազրկումից պայմանական վաղաժամկետ ազատելիս պատժի չկրած մասը 8 տարի է, հեղինակը գրում է. «…աչքաթող է արվել, որ ցմահ դատապարտվածը պայմանական վաղակետ է ազատվում ներում ստանալու հետեւանքով»։ Ակնհայտ կամայական, անհեթեթ ու սխալ դատողություն։ Ցմահ դատապարտվածը պայմանական վաղաժամկետ ազատվում է նախագծի հոդված 80-ի 5-րդ մասում ձեւակերպված նորմի ուժով եւ ոչ թե ներման հետեւանքով։ Պրն Պողոսյանը չգիտի, որ պատժից պայմանական վաղակետ ազատելն ու ներումը տարբեր ինստիտուտներ են։ Հոդվածի հեղինակը գրում է, թե ցմահ ազատազրկումից պայմանական վաղաժամկետ ազատելիս պատժի չկրած մասի ինչ-որ ժամկետ չի կարող գոյություն ունենալ, եւ, որ սխալ է դասագրքում արտահայտված այն միտքը, թե ցմահ ազատազրկումից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում պատժի չկրած մաս պետք է համարել դատվածության մարման ժամկետը (8 տարին)։ Հոդվածագիրը, ենթադրում ենք, տեղյակ չէ, որ դատավճիռների համակցության դեպքում դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը։ Քրեական իրավունքի տեսության մեջ ընդունված է պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում պատժի չկրած մասը դատապարտյալի համար փորձաշրջան համարել։ Եթե ցմահ ազատազրկումից վաղաժամկետ ազատելիս պատժի չկրած մասը չորոշվի, ապա կստացվի, որ անձն իր ողջ կյանքի ընթացքում փորձաշրջան է անցնում։ Մինչդեռ այդպես չէ։ Այս դեպքում փորձաշրջանի եւ պատժի չկրած ժամկետի դեր պետք է կատարի դատվածության մարման ժամկետը։ Հոդվածի հեղինակը գրում է, թե «դասագրքում առկա է հասկացությունների շփոթ՝ օրինակ, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելը ուսանողին հրամցվում է որպես պատժից ազատելու ձեւ»։ Բայց հոդվածագիրն ինքն է շփոթմունքի մեջ։ Քրեական օրենսգրքի նախագծում պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը նախատեսված է «Պատժից ազատելը» գլխում՝ որպես պատժից ազատելու ինքնուրույն տեսակ։ Հոդվածագիրը գրում է, թե ըստ դասագրքի հեղինակների ծանր եւ առավելապես ծանր հանցագործությունների (հոդվածագիրը սխալ է օգտագործում քրեաիրավական տերմինները՝ «առավելապես ծանր հանցագործություններ» հասկացություն չկա, կան առանձնապես ծանր հանցագործություններ) դեպքում պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինել չի թույլատրվում, ինչն, իր կարծիքով, քրեական օրենսգրքի նախագծի սխալ եւ կամայական մեկնաբանություն է։ Սակայն դասագրքի հեղինակները չեն, որ գտնում են, թե ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինել չի թույլատրվում, այդպես է օրենքի ձեւակերպումը։ Նույնիսկ քրեական իրավունքից անտեղյակ մարդու համար պարզ է, որ քրեական օրենսգրքի նախագծում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասին ոչ մի խոսք չկա։ Հոդվածագիրը գրում է, թե հոդված 73-ի առաջին մասը կարգավորում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը, իսկ հետո նշում, որ երկրորդ մասում խոսքը ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին է վերաբերում։ Սակայն սա ստախոսություն է, օրենքի նախագծի տեքստի աղավաղում։ Հոդված 73-ի 2-րդ մասում ուղղակի գրված է. «Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը կրելուց հետո»։ Ի՞նչ է կարծում պրն «ընդդիմախոսը», եթե հոդվածի առաջին մասում գրվում է, թե ինչպիսի հանցանք կատարած անձի պատժի չկրած մասը կարող է ավելի մեղմ պատժով փոխարինվել եւ ինչ պայմաններում, իսկ երկրորդ մասում գրվում է, թե նշանակված պատժի որքան ժամանակահատվածը կրելուց հետո է, որ պատժի չկրած մասը կարող է ավելի մեղմ պատժով փոխարինվել, ապա երկրորդ մասի դրույթը ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերագրելն արդյո՞ք հիվանդագին երեւակայության արդյունք չէ։ ԱՐԱ ԳԱԲՈՒԶՅԱՆ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ«Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք.ընդհանուր մաս» դասագրքի հեղինակային խմբի անունից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել