Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մթերային առանձնահատկություններ

Հոկտեմբեր 27,2001 00:00

Մթերային առանձնահատկություններ «1991թ. ագրարային բարեփոխումների արդյունքում սկսված անասունների գլխաքանակի կտրուկ նվազումը ձգվեց մինչեւ 90-ականների կեսերը եւ կայունացավ միայն 1997թ.»,- կարծում է գյուղնախարարության Անասնաբուծության զարգացման վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։ Եթե մինչեւ 1991թ. Հայաստանում շուրջ 33 հազար տոննա թռչնամիս էր արտադրվում եւ մեր հանրապետության թռչնաբուծական պոտենցիալը ԽՍՀՄ-ում 3-4-րդ տեղն էր զբաղեցնում, ապա 93-94-ից ամեն ինչ իսպառ հողին հավասարեցվեց եւ միայն 95-96թթ. թռչնաբուծարանները կրկին վերագործարկվեցին՝ որպես մասնավոր կառույցներ, ստեղծվեցին նաեւ նորերը։ Այժմ գործում են 5-6 խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաներ, որոնք տարեկան արտադրում են 400 մլն ձու։ Գյուղնախարարությունից տեղեկացանք նաեւ, որ ներմուծվող հավի բդիկները շուկայից դուրս մղելու նպատակով այս տարվանից սկսվել է նաեւ մսատու թռչնաբուծության գործարկումը, որի արդյունքում Երեւանի (Շահումյանի), Ջրառատի եւ Շիրակի թռչնաբուծարաններից ակնկալվում է 1-2 հազար տոննա թռչնամիս, ինչը ուրախություն կպատճառի մեր վճարունակ մսակեր հայրենակիցներին։ Սակայն առայժմ հորմոնացված բդիկները եւ տեղական թռչնամիսը դեռեւս նույն գինն ունեն։ Թեեւ գյուղնախարարության մի պատասխանատու աշխատակից հավաստիացնում էր, որ Հայաստանում նկատելի է թռչնամսի գերարտադրություն եւ ավելցուկն էլ արտահանվում է հարեւան երկրներ ու հետագայում էլ նախատեսվում է Ռուսաստանին եւս «լիացնել», սակայն պարզեցինք, որ իրականում արտահանվում է 100 տոննա թռչնամիս եւ 2-3 մլն ձու։ Ներկայումս արտադրվում է 400 մլն ձու, որից 40 մլն-ն արտահանվում է, 360 մլն-ը՝ սպառվում ներքին շուկայում։ Գյուղնախարարության Անասնաբուծության զարգացման վարչության մոտավոր հաշվարկներով, 2001թ. կարտադրվի 464 հազար տոննա կաթ (90-ականներին այդ ցուցանիշը 458 հազ. էր) եւ 103 հազ. տոննա միս (88-ին արտադրվում էր 170 հազ. տոննա)՝ այդ թվում եւ 20-25 հազար տոննա թռչնի միս։ Բավականին հետաքրքիր է կաթի վերամշակման ոլորտը, որտեղ զբաղված են հանրապետության տարբեր մարզերում սփռված շուրջ 50 միջին եւ խոշոր ձեռնարկություններ։ Դրանք պանիր եւ կաթնամթերք ստանալու համար օգտագործում են թե մթերված կաթ, թե կաթի փոշի։ Պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի ղեկավարը եւս մի առիթով խոստովանեց, թե շատերի հիմնական հումքն է կաթի փոշին, իսկ թարմ կաթի օգտագործման մասին խոսելը միայն գովազդի նպատակ է հետապնդում։ Ի դեպ, ներքին շուկան խիստ հագեցած է ոչ միայն կաթնամթերքով, այլեւ պանրի զանազան տեսակներով ու որակներով։ Վերջինիս հարցում գնորդների ճաշակին ընկեր չկա, քանի որ պանրի գինը մեզ մոտ սկսվում է 300 դրամից (իհարկե, որակը հանած)։ Պարզվում է, որ մեր հանրապետությունում արտադրվում է մոտ 15 հազար տոննա պանիր, որից 500-ը հիմնականում Վրաստան է արտահանվում։ Ա. Հովհաննիսյանի տվյալներով՝ Հայաստանում նաեւ կարագ է արտադրվում, սակայն այնքան փոքր ծավալներով, որ ներքին շուկայում հնարավոր չէ տեսնել։ Ի դեպ, գյուղնախարարության մի այլ պատասխանատու աշխատակից խոստովանում է, որ շատ գործարարների քանիցս առաջարկվել է սկսել կարագի արտադրություն, սակայն վերջիններս «աչքաթող» են արել առաջարկությունը՝ գերադասելով ավելի «օպտիմալ» տարբերակ՝ դրսից ներկրված էժանագին մարգարինը «խփել տեղական թանով» եւ հայ բազմաչարչար սպառողին ներկայացնել իբրեւ «անարատ» կարագ։ Սակայն կան վերամշակող ձեռնարկություններ, որոնք, այնուամենայնիվ, կարագ արտադրում են, բայց ոչ թե լայն սպառման, այլ ընտրյալների համար, նաեւ հանձնում են ռեստորաններին։ Նույն կերպ են վարվում նաեւ որոշ մասնավոր թռչնաբույծներ՝ ամսական աճեցնելով 5-6 հազար բարձրորակ մսատու թռչուն։ Նրանց ընդամենը 450 գրամանոց թռչնամսի համար ռեստորանները սիրով վճարում են 700 դրամ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել