Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Հոկտեմբեր 27,2001 00:00

ՍԱԿԱԳՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ Երեկ Միջազգային գործադիր ծառայության կորպուսը (IESC) ի դեմս Armenia Information (AI)-ի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացումը խթանելու նպատակով սեմինար էր կազմակերպել։ AI-ն մասնակիցներին ընտրել էր ամենայն մանրակրկիտ կերպով՝ հրավիրելով տուրօպերատորների, հյուրանոցների, տրանսպորտային, անգամ հուշանվերների պատրաստմամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաեւ արդյունաբերության եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչների։ Սեմինարի կազմակերպիչները նպատակ ունեին տուրիզմի ոլորտի հայաստանյան ընկերությունների միջոցով մի ծրագիր կամ դրա օրինակը կազմել, որով կարելի է գրավել մեր երկիր եկողներին։ Մինչ այդ, IESC-ի ներկայացուցիչը դասախոսում էր՝ տուրօպերատորին բացատրելով, որ այդ ոլորտի զարգացման համար փողն ամենեւին էլ ամենակարեւորը չէ եւ, որ զբոսաշրջության կենտրոն կարելի է դարձնել անգամ լեռներ, լճեր չունեցող, անհետաքրքիր տնտեսություն ունեցող երկիրը կամ քաղաքը։ Տարբեր դեպքերի համար առաջարկվում էին տարբեր «դեղատոմսեր»։ Իհարկե, բանախոսն իրեն թույլ է տալիս բացատրել նաեւ խիստ տարրական օրինաչափություններ (օրինակ, թե տուրիզմի արդյունքում քաղաք «եկած» փողն ինչպես է շրջանառվում. «Հյուրանոցում վճարում են, դրա աշխատակիցը փողը ծախսում է պարենային խանութում, վճարում է զանազան ծառայությունների համար (վարսավիրանոց), սա էլ իր հերթին տաքսու վարորդին է վճարում…»), բայց, ընդհանուր առմամբ, սեմինարն իր ձեւով հետաքրքիր էր, որովհետեւ հագեցած էր զանազան տեստերով ու խաղերով։ ՀՀ արդյունաբերության ու առեւտրի նախարարության Զբոսաշրջության զարգացման վարչության պետ Արթուր Զաքարյանը ներկայացրեց տուրիզմի ոլորտի այսօրվա վիճակը. «Մեկ տարվա ընթացքում 5 բարձրակարգ հյուրանոց բացվեց։ Միկրոավտոբուսային պարկ ունեցող մի քանի տրանսպորտային ընկերություն «ուղղվեցին» դեպի տուրիզմի ոլորտ, որ նորություն է՝ ունեցանք ուղղաթիռային տուրիզմ»։ Նրա գնահատմամբ, ռեստորանային շղթայում մի քանիսն առկա են, որոնք պատրաստ են սպասարկել արտասահմանցի հյուրերին։ Նրա տեղեկություններով, թեեւ հարկային դաշտից դուրս է, բայց մեծ եկամուտներ ապահովեց մասնավոր բնակարանային հատվածը։ Սակայն Ա. Զաքարյանը դժգոհում է, որ վիճակագրական տվյալներ են ստանում ոչ թե ուղղակի մասնավոր հատվածից, այլ Վիճակագրական (պետական) ծառայությունից։ Ըստ նրա, աշխարհին ու տուրիստներին պատշաճ ներկայանալու առումով «Զվարթնոցը» վերանորոգման կարիք ունի։ Պրն Զաքարյանի վերլուծությամբ, թեեւ օդային փոխադրումների աճ է ապահովվել, «որը պայմանավորված է ոչ թե ավիաընկերությունների աշխատանքով, այլ տարվա՝ հոբելյանական լինելով», բայց ավիաընկերությունները պետք է վերանայեն իրենց սակագնային քաղաքականությունը։ Բանն այն է, որ տոմսերի խմբակային գնումների դեպքում զեղչեր նախատեսված չեն, եւ տարբերությունը մեծ չէ։ Բացի այդ, թանկ են ավիատոմսերի գներն ընդհանրապես, տուրգործակալություններն՝ աշխատելով ավիատոմսերի վաճառքի համակարգում, չեն օգտվում արտոնություններից, օրինակ, ԱՄՆ-ից Հայաստան «խմբակային» սակագներ ոչ մի ընկերություն չի տրամադրում։ Այս խնդիրն, ըստ պրն Զաքարյանի. «Ոչ միայն մեզ պետք է մտահոգի, այլ նաեւ ավիաընկերություններին»։ Ի դեպ, սեմինարը (որի լուսաբանման բացառիկ իրավունքը թերթերից տրվել էր «Առավոտին») կազմակերպված էր «Մետրոպոլ» շքեղ հյուրանոցում, որի բացմանն «Առավոտը» հնարավորություն չէր ունեցել մասնակցելու, որովհետեւ հանրապետության նախագահն էր կտրում ժապավենը, իսկ որտեղ նա՝ այնտեղ արգելված է «Առավոտի» ներկայությունը. հանկարծ մի սխալ բան կասի, ու ասվածը կտիրաժավորվի։ Փոխարենն, այս անգամ հնարավորություն ընձեռվեց 5 աստղանի հյուրանոցին ծանոթանալու, այն էլ՝ «Մետրոպոլի» եւ ֆրանսիական «Լե Մերիդիան» հյուրանոցային ցանցի «Կոնֆերանս» հյուրանոցի գլխավոր մենեջերների ուղեկցությամբ։ Ինչպես հայտնեց Մհեր Մելքոնյանը. «Հյուրանոցը դեռեւս չի ավարտել գովազդային արշավը, բայց երկու օր առաջվա դրությամբ հյուրանոցում որեւէ ազատ սենյակ չկար»։ Եվ, որ հետաքրքիր է, «Մետրոպոլի» հյուրերի մեջ 1700-ամյակի «հովերով» Հայաստան եկածները չնչին տոկոսն են կազմում։ «Մետրոպոլում» էին իջեւանել Ռուսաստանում մի շարք երկրների դեսպաններ, որոնք մեր երկիր էին ժամանել տոնակատարությունների առիթով։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել