Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ պատվիրակության վերջերս Բաքու կատարած այցի հետքերով

Հոկտեմբեր 27,2001 00:00

ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ ԼՂՀ պատվիրակության վերջերս Բաքու կատարած այցի հետքերով Նա դուրս եկավ վագոնից, մի պահ կանգնեց կառամատույցում եւ անվստահ մոտեցավ արեւածաղիկ չրթող միլիցիոներին: «Ես ադրբեջանցի եմ»,- ասաց ցածր ձայնով: Միլիցիոները պապանձվեց եւ կլորացրեց աչքերը: 8220«Ես ադրբեջանցի եմ,- կրկնեց նա,- ամբողջ կյանքս ապրել եւ աշխատել եմ Ղափանում: Թոշակը ձեւակերպելու կապակցությամբ ինձ հարկավոր եղան որոշ փաստաթղթեր: Բաքվից դրանց վերաբերյալ ոչ մի բան պարզել չհաջողվեց, եւ ես եկել եմ այստեղ: Օգնեք ինձ գտնել համապատասխան արխիվը»:8221 ՆԳՆ ներկայացուցիչը ավտոմեքենայով տարավ նրան Կենտրոնական, ապա Կուսակցական փաստաթղթերի արխիվները, հետո եւս ինչ-որ տեղ, օգնեց ստանալ ու վավերացնել անհրաժեշտ պատճենները, իսկ երեկոյան բերեց կայարան եւ նստեցրեց Թբիլիսիի գնացքը: – Անունդ ի՞նչ է,- հարցրեց թոշակառուն: – Ի՞նչ կարեւոր է,- պատասխանեց միլիցիոները,- բարի ճանապարհ եւ Աստված քեզ պահապան: Մարդկային ցեղի մի ներկայացուցիչը օժանդակեց մյուսին՝ դա բնական է եւ ուրախալի, սակայն չուզեց ասել իր անունը, քանի որ համոզված չէր, որ ազգակիցները իրեն կհասկանան, եւ դա տխրեցնում է: Վերջերս հայտնի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ Բաքու ժամանեց ԼՂՀ-ի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը: Նպատակը՝ ոչ կառավարական կազմակերպությունների մերձեցման ուղղությունների որոնումը եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկումը: Հատկանշական է, որ դա առաջին հանդիպումն էր առանց միջնորդների: Այդ հանդիպման գաղափարը ներկայացվեց Սորոսի հիմնադրամի Բաց հասարակության ինստիտուտի Հայկական բաժանմունքին՝ ֆինանսավորելու առաջարկով: Բաժանմունքի ղեկավարությունը հրաժարվեց նույնիսկ քննարկել այդ նախագիծը, մինչդեռ Ադրբեջանի բաժանմունքին առաջարկությունը հետաքրքիր թվաց, եւ նրանք կարողացան ստանալ դրա ֆինանսավորման իրավունքը: Բաքվում ադրբեջանցիների մարտականորեն տրամադրված խումբը, որի առաջնորդն էր առայժմ երիտասարդ եւ գեղեցիկ երգչուհի Ֆլորա Քարիմովան, խափանեց մի քանի հանդիպում՝ կազմակերպելով ցույցեր եւ պիկետներ՝ 8220«Մեզ տվեք ղարաբաղցիներին, մենք նրանց ճարը կտեսնենք»8217 կարգախոսներով: Այնուհանդերձ հանդիպումները կայացան: Պատվիրակությունը հանդիպեց ադրբեջանական ընդդիմության երեք այն կուսակցությունների առաջնորդների հետ, որոնք ստորագրել են «Համազգային հռչակագիրը»: Ինքնավստահ մի երիտասարդ, արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Ջուլֆուգարովը ասաց մեզ, որ այն ծնվել է որպես «հասարակական տրամադրությունների արտահայտություն՝ ի պատասխան ԼՂՀ-ի անզիջողական դիրքորոշման» եւ փաստաթղթի իմաստը Ադրբեջանի միասնության անխախտելիության մեջ է: Այնուհետեւ նա խրատական տոնով պատվիրակներին բացատրեց, որ «լավագույն դեպքում նրանք միամիտ են եւ խաղալիք են հանդես գալիս հայկական պաշտոնական դիվանագիտության ձեռքերում»: Հարկ է նշել, որ խոսակցության ժամանակ սրահում ներկա էին մոտ հինգ տասնյակ լրագրողներ, եւ մեր մեջ ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ զրուցակիցները խոսում են ոչ թե մեզ հետ, այլ առիթ են օգտագործում եւս մեկ անգամ հայտարարելու իրենց «անկաշառելիության» եւ «զգոնության» մասին: «Քաղաքագետները, որոնք աճել են ղարաբաղյան հակադրության ալիքի վրա,- ասում է նույն Մ. Իսմայիլ-օղլին,- չեն կարող դավաճանել պատերազմի գաղափարին, քանի որ դա կնշանակի նրանց համար հեղինակության կորուստ»: Հերթական մի հանդիպման ընթացքում ծնվեց, իմ կարծիքով, առողջ գաղափար՝ ստեղծել ռեգիոնում երիտասարդական միասնական ԶԼՄ մարմին, որպեսզի մեր երեխաների մտավորական զարգացումը չշրջանցի մարդկության հիմնադիր արժեքները: Ոգեւորվելով սկսեցինք քննարկել հնարավորությունները եւ, իհարկե, շոշափեցինք ժուռնալիստական բարոյագիտության ու պատասխանատվության հարցերը: «Հայելի» օրաթերթի բաժնի վարիչ Քարիմ Ալին հայտարարեց, որ լրագրողը իրավունք ունի եւ պարտավոր է տպագրել այն բոլորը, ինչ ցանկանում է՝ բացարձակապես չմտահոգվելով տեղեկությունների փաստերի համապատասխանությամբ: Այդ դիրքորոշումը շուտով իր հաստատումը գտավ թերթի հերթական համարում, որտեղ Սումգայիթի ավարառուների արժանի զավակներից մեկը հանդես եկավ 8220բոլոր ժամանած ստեփանակերտցիների եւ նրանց դիմավորողների ականջները կտրելու8221 կոչով: Միշտ չէ, որ Ղարաբաղի պատվիրակներին հաջողվում էր շրջանցել 8220վիճելի տարածքների8221 հետ կապված քննարկումները: Մասնավորապես Նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալի Հասանովը եւ իրավական մարմինների բաժնի պետ Ֆուադ Ալեքպերովը խոսում էին՝ ԼՂՀ-ին գոյություն ունեցող մեծագույն ինքնավարություն տրամադրելու պատրաստակամության մասին: Մեր առաջարկությունը՝ ելնելով իրավիճակի յուրահատկությունից, փնտրել հարցի լուծման նոր մոդելներ, նրանք կտրականապես մերժեցին: «Աշխարհում բոլոր հնարավոր մոդելները մշակված են,- ասաց Ֆ. Ալեքպերովը,- եւ նորերը լինել չեն կարող»: Սրընթաց զարգացող աշխարհում ակնհայտ է նման հայտարարության սահմանափակությունը: Շուտ թե ուշ մենք ստիպված կլինենք ընդունել ինչ-որ «իքս-ժամ», որից հետո բոլոր խոսակցություններն այն մասին, թե ով է ավելի շուտ բնակեցրել վիճելի տարածքը, պետք է դադարեցվեն: Ինչո՞ւ տեւական առճակատման փոխարեն չփորձել գտնել պրոբլեմի լուծման բոլորովին նոր տարբերակ: Չէ՞ որ աշխարհում ինքնավարության տարբեր մակարդակների կարգավիճակներ ունեցող պետությունները ձեռք են բերել անկախություն, եւ յուրաքանչյուրը հասել է դրան յուրովի: Լեռնային Ղարաբաղի պատվիրակության ընդունումը Նախագահական պալատում խոսում է այն մասին, որ ինքը՝ Ադրբեջանի նախագահը, պատրաստ է փնտրել հարցի ոչ ավանդական լուծումներ: Իսկ այցելության վերջին օրը պատվիրակությունը հանդիպեց Բաքվի մտավորականների հետ: Կողքից կարող էր թվալ, որ հավաքվել են հին բարեկամներ: Իսկ գուցե դա իրո՞ք այսպես է: Հիրավի, եթե մարդկային շփումը ազատվում է 8220ֆիզիոլոգիական պատրիոտիզմի8221 ճնշումից, սահմանների, ինչպես նաեւ՝ ժողովրդական ավանդույթների ու հավատքի վերաբերյալ հարցերը ստանում են մտահայեցողական, սոսկ տեսական բնույթ եւ դադարում են ագրեսիա հրահրել: Եվ դա լավատեսություն է ներշնչում: Այժմ ղարաբաղցիները մտադիր են կազմակերպել ադրբեջանցիների պատասխան այցը Ստեփանակերտ: Հուսով եմ, դա կհաջողվի: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է որոշի, թե ինչ գին է պատրաստ վճարել «չպատերազմելու» համար: ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել