ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ընտրության տասնամյակի առիթով Բնական ընտրությամբ «Ղարաբաղ» կոմիտեն, նաեւ ՀՀՇ վարչությունը առաջին ամիսներին չունեին ֆորմալ նախագահ կամ ղեկավար: Առավել եւս որեւէ մեկը երբեք չհավակնեց իրեն Շարժման առաջնորդի կամ ղեկավարի դեր վերագրել: Սակայն չէր կարող տեղի չունենալ բնական ընտրություն, բոլոր կարգի ընտրությունների մեջ ամենահավաստին, ամենաօրինականն ու ամենաանկողմնակալը: Եվ այդ ընտրության հիմքում ընկած էր բերած նպաստի, դրսեւորած արժանիքների եւ ունեցած կարողությունների յուրաքանչյուրի տված իրական գնահատականը: Թող տարօրինակ չհնչի, սակայն բնական ընտրությունն առաջինը կատարեց Շարժման հակառակորդների ճամբարը՝ որպես թիրախ ընտրելով Շարժման ղեկավարներից իրենց համար ամենավտանգավորին: Յուրատեսակ այդ ընտրության անաչառությանը անհնար է կասկածել: 1989թ. ամռանից ի վեր, ամբողջ մի տարի, իսկ ավելի հաճախակի՝ ընտրությունների նախորդ ամիսներին Շարժման ղեկավարներից Լեւոն Տեր-Պետրոսյանն էր Սփյուռքում ՀՅԴ մամուլի, Հայաստանում՝ «ազգային մտավորականության» քննադատության միակ թիրախը: 1990-ի մայիսի 19-ին՝ ԳԽ-ի ընտրության նախորդ օրը, իշխանությունը հրապարակ հանեց իր ծանր հրետանին՝ վնասազերծելու երկու ամենամեծ վտանգները. հրապարակվեց երկու ընդարձակ հոդված՝ Լ. Խուրշուդյանը՝ ընդդեմ «ապազգային» ՀՀՇ-ի, եւ Ս. Կապուտիկյանը՝ ընդդեմ «ապազգային» Լեւոն Տեր-Պետրոսյանի: Հիշենք, որ հաջորդ օրը՝ մայիսի 20-ին անհնար էր այդ հարձակումներին պատասխանել, քանի որ քվեարկության օրը քարոզչությունն օրենքով արգելված էր: Բնական իր ընտրությունը կատարեց նաեւ ժողովուրդը: Չնայած կոմունիստական իշխանության, նրա սպասարկուների եւ «ազգային մտավորականության» գործադրած համառ ջանքերին, Շարժումը ընտրություններում հաղթեց եւ խորհրդարանում հարաբերական մեծամասնություն ստացավ: Հաղթանակը վերջնական կլիներ, եթե Շարժման ներկայացուցիչը ընտրվեր Գերագույն խորհրդի նախագահ: Թեկնածության առաջադրման նախօրյակին հրավիրված բազմամարդ հանրահավաքում պետք է ներկայացվեր այդ հարցով «Ղարաբաղ» կոմիտեի ու ՀՀՇ վարչության որոշումը: Մինչ բանախոսը կսկսեր խոսել այդ հարցով, հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ կանխեցին նրան՝ միաբերան ու հաստատակամ «Լեւոն» վանկարկելով: Եթե հրապարակվեր այլ անուն, առաջին անգամը կլիներ երկուսուկես տարվա մեջ, երբ «հարթակը» եւ ժողովուրդը միմյանց չէին հասկանա: Սակայն դա տեղի չունեցավ. Կոմիտեն եւ ՀՀՇ վարչութունը նույնպես որոշել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Առաջին դժվարին քննությունը Հաղթանակը դյուրություններ չէր բերելու: Այն նախ բազմակի դժվարացնելու էր եղած խնդիրները, ավելացնելու էր նորերը, մեծացնելու էր պատասխանատվությունը: Իշխանությունը կորցրած ուժը չհաշտվելով կատարված փաստի հետ՝ երկրորդ գծում պայքարի նոր ձեւեր ու մեթոդներ էր մշակում՝ իշխանության միջին եւ ներքեւի օղակներում դիմելով ընդհուպ սաբոտաժի: Անկախության դեմ պայքարող մյուս ուժերը, փոքր-ինչ փոխելով իրենց կարգախոսները, դրել էին նոր իշխանությանը եւ առաջին հերթին նրա ղեկավարին օր առաջ վարկաբեկելու խնդիրը՝ դրա համար խտրություն չդնելով միջոցների մեջ: ՀՀՇ-ի օգնությամբ խորհրդարան մտած մի քանի մանր կազմակերպություններ իրենց ինքնահաստատման պահանջը բավարարելու համար «արմատական» լուծումներ էին պահանջում ինչպես անկախության հռչակման, այնպես էլ Ղարաբաղի հարցերում: Անկախության սկսված գործընթացում Լեւոն Տեր-Պետրոսյանը զիջումներ չարեց, զիջումներ չարեց նաեւ նրանց, ովքեր պահանջում էին դուրս գալ սահմանադրական ճանապարհից եւ անկախություն հռչակել՝ հաշվի չառնելով խորհրդային օրենքները: Գերագույն խորհրդի նախագահի համար թերեւս ամենապատասխանատու բնագավառը հարաբերություններն էին Խորհրդային կենտրոնի հետ: Վերջինս ավելի ուժեղացրեց իր տնտեսական եւ ուժային լծակներով իրականացվող ճնշումների փորձերը: Դրանց մի մասը քաղաքական ճանապարհով հնարավոր եղավ հաջողությամբ չեզոքացնել կամ շրջանցել: Մի կողմից վճռական ու կոշտ դիրքորոշման, մյուս կողմից Կենտրոնի հետ բանակցությունների շնորհիվ հնարավոր եղավ կանխել ԽՍՀՄ պրեզիդենտի՝ «ապօրինի զինված կազմավորումների զինաթափման» մասին հրամանագրի կատարումը Հայաստանում: Կարճ ժամանակում այդ խնդիրն իրականացվեց սեփական միջոցներով: Շուտով Լեւոն Տեր-Պետրոսյանը հեղինակություն էր հանրապետությունների ղեկավարների մեջ: Մերձբալթյան հանրապետությունների համար ծանր օրերին նրա միջնորդական ջանքերը կանխեցին արյունահեղության հետագա խորացումը Լիտվայում եւ ցույց տվեցին Կենտրոնի դեմ միասնական ճակատ կազմելու արդյունավետությունը: Հավատարիմ մնալով սահմանադրական ճանապարհով անկախության ձեռքբերման իր որդեգրած ուղուն, Հայաստանը չմասնակցեց 1991-ի մարտին կազմակերպված ԽՍՀՄ հանրաքվեին եւ նշանակեց իր հանրաքվեն: Սրան ի պատասխան, կենտրոնը եւ Ադրբեջանը բացահայտ ագրեսիայի դիմեցին: 1991-ի գարնանը կորսվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, Լեռնային Ղարաբաղում դատարկվեցին գյուղեր, եղան տասնյակ մարդկային զոհեր: Գործադրելով ինքնապաշտպանական բոլոր միջոցառումները, բայց նաեւ առաջին տեղում դնելով ակտիվ եւ եռանդուն քաղաքական պայքարը, հնարավոր եղավ խուսափել Կենտրոնի հետ բացահայտ առճակատումից: Փաստորեն կանխվեց, Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման մշակված ծրագիրը: Կորուստների մի մասը հետագայում հետ բերվեցին: Մոսկվայի հետ հարաբերությունները հետեւողականորեն որակական փոփոխություններ էին կրում եւ ենթակայի վիճակից վերաճում գործընկերայինի: Ժողովրդավարական նորմերի հաստատման, տնտեսությունը ազատ շուկայական հարաբերությունների հիմքի վրա տեղափոխելու, ինքնիշխանության հաստատման հետեւողական եւ տպավորիչ քայլերը հնարավորություն էին տալիս նաեւ արդյունավետ արտաքին քաղաքականության, միջազգային ասպարեզ դուրս գալու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի իրականացրած եռանդուն արտաքին քաղաքականությամբ Հայաստանը որպես պետական լուրջ միավոր քայլ առ քայլ ընդունվում էր Արեւմուտքի կողմից, աճում էր նրա ղեկավարի քաղաքական կշիռը: Եվրոպական երկրներ եւ ԱՄՆ կատարած այցելությունների, տարբեր երկրների դեսպանների, ղեկավարների, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հետ հանդիպումների ժամանակ որպես հիմնական գաղափար մատուցվում էր այն, որ ԽՍՀՄ-ը դատապարտված է, եւ Արեւմուտքը, բացի Խորհրդային կենտրոնից, պետք է գործընկերային հարաբերություններ սկսի հաստատել նաեւ անկախության ուղին բռնած հանրապետությունների հետ: Մի քանի ամիս հետո Արեւմուտքն ըստ էության այդպես էլ անում էր: Հոկտեմբերի 16-ի ընտրությունը կանխորոշված էր Խորհրդային Միությունից անջատված եւ նրա փլուզմամբ առաջացած անկախ պետությունները ըստ իշխանության եկած ուժերի կարելի էր բաժանել երեք խմբի: Մի մասում տեղական կոմունիստական կուսակցությունները կարողացան պահել իշխանությունը (Միջին Ասիա): Մի մասում ժողովրդավարական ուժերն ստիպված էին իշխանությունը կիսել կոմունիստների հետ (Մերձբալթիկա, Ռուսաստան): Մի մասում էլ ժողովրդավարական ուժերը անվերապահ հաղթանակ տարան եւ անցան իշխանության գլուխ (Վրաստան, Ադրբեջան): Առաջին տարիներին բոլոր հանրապետությունները բախվեցին ընդհանուր դժվարությունների ու խնդիրների: Տարբեր հանրապետություններ ունեին նաեւ լրացուցիչ յուրահատուկ խնդիրներ: Հայաստանի այդ յուրահատուկ խնդիրներն իրենց եւ քանակով, եւ դժվարության աստիճանով ամենամեծն էին: Բոլոր դեպքերում հետխորհրդային իշխանություններին ծանր քննություն էր սպասվում: Նրանց էր վիճակված դիմակայել առաջին մեծ դժվարությունները, հաղթահարել առաջին խոչընդոտները, նոր ճանապարհ հարթել, բախվել ոչ ստանդարտ իրավիճակների հետ եւ այլն: Իշխանությունը ժողովրդական զանգվածների աչքում այնուամենայնիվ անձնավորված էր եւ ներկայանում էր երկրի առաջին դեմքով: Որքան նախապես մեծ էր նրանցից սպասելիքները, բնականաբար նույնքան մեծ էր որոշ ժամանակ անց նրանցից հիասթափվելու հնարավորությունը: Այսինքն՝ անձնավորված էր լինելու նաեւ հիասթափությունը: Եվ, իրոք, մի շարք հանրապետություններում նոր իշխանություններն իրենց առաջնորդներով հանդերձ կարողացան դիմակայել 1-2 տարի, նրանք արագորեն հեղինակազրկվում էին, նրանց դեմ աճում էր դժգոհությունը, եւ իշխանության էին գալիս հիմնականում կոմունիստական նախկին գործիչները: Այս ֆոնի վրա Հայաստանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծես թե միակ բացառությունն են: Դժվարագույն խնդիրներով հագեցած առաջին տարում իշխանության թիվ մեկ պատասխանատուն լինելով հանդերձ՝ նրա հեղինակությունը ոչ միայն անկում չապրեց, ավելին՝ բարձրացավ: Արդեն մեկ տարուց ավելի, որպես երկրի ղեկավար, Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանում եւ մամուլում քննադատվում էր «արմատական» անկախականների կողմից՝ անմիջապես անկախություն չհռչակելու եւ Կենտրոնի հետ քաղաքական հարաբերություններ պահելու համար, քննադատվում էր հակաանկախականների կողմից՝ միութենական պայմանագիրը մերժելու համար, ՀՅԴ-ածին ուժերի եւ «ազգային» մտավորականության կողմից քննադատվում էր «պանթուրքիզմի վտանգն» անտեսելու, «պրոթուրքական դիրքորոշման» համար, ղարաբաղցիների կողմից քննադատվում էր քաղաքական բոլոր խնդիրներն առաջին հերթին Ղարաբաղի հարցից չբխեցնելու համար: Լեռնային Ղարաբաղում ապրիլ-մայիս ամիսներին ունեցած կորուստները այդ քննադատությունների համար ավելի նպաստավոր իրավիճակ էին ստեղծել: Մյուս կողմից՝ նկատելի արագությամբ էր իջնում բնակչության կենսամակարդակը: Եվ ահա այս «ամենանպաստավոր» պահին ԳԽ-ում առաջարկվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ անվստահության հարցի քվեարկություն: Այն հավաքեց ընդամենը 3 ձայն, այն դեպքում, երբ ՀՀՇ խմբակցությունը չէր գերազանցում պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը: Այսինքն՝ չնայած արմատական եւ տոտալ ընդդիմության հետեւողական պայքարին, մամուլում ու խորհրդարանում հնչող սուր քննադատական ելույթներին ու մեղադրանքներին, իրականում նրա նկատմամբ վստահությունը աճում էր նույնիսկ խորհրդարանում, եւ դա էր նրա վարած քաղաքական կուրսի իրական գնահատականը: Սեպտեմբերի 21-ին իրականացված անկախության հանրաքվեի արդյունքներն արդեն իսկ դրա կողմնակի ապացույցն էին: Իսկ հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունները այդ փաստն արձանագրեց բացահայտեցին եւ անվիճելի: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց մասնակցել 1991-ի նախագահական ընտրությունների նախընտրական արշավին: Դա արհամարհանք չէր նախագահության մյուս թեկնածուների նկատմամբ, ընդհակառակը՝ յուրատեսակ քաղաքական մեծահոգություն էր: Դա վստահություն էր իր ունեցած վաստակի եւ Շարժման քաղաքական եռամյա դպրոցն անցած ժողովրդի իմաստնության նկատմամբ: Մինչ այդ նրա դեմ ծավալված հակաքարոզչությունը նախընտրական ամիսներին բնականաբար բազմապատկվեց, դրա վրա ծախսվեցին հսկայական միջոցներ: Բազմապատկվեց եւ էստ էության մնաց անպատասխան: Այն իրականացնում էր ԱԻՄ-ը, որի թեկնածուն էր Պ. Հայրիկյանը, Դաշնակցությունը, որի թեկնածուն էր հայտնի դերասան Սոս Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը, որի թեկնածուն էր Ա. Նավասարդյանը, «ազգային մտավորականությունը» եւ ղարաբաղցիները՝ որոնց թեկնածուն էր Զ. Բալայանը: Վերջին հաշվով որոշակի բացասական ազդեցություն չէր կարող չունենալ վարչապետ Վ. Մանուկյանի հրաժարվելը վարչապետի պաշտոնից, նախագահության թեկնածու առաջադրվելը, ապա հրաժարվելը եւ այլն: Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ միասնական ճակատ էին կազմել հնարավոր բոլոր ուժերը: Եվ, այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքեց մոտ 84% ձայն: Երկրորդ տեղ զբաղեցնող Պ. Հայրիկյանը՝ 7%, Սոս Սարգսյանը սիրված դերասանի իր համարումով, դաշնակցության համբավով եւ նյութական հսկայական օժանդակությամբ հանդերձ՝ Հայրիկյանին զիջեց երկու անգամ: Ընտրության արդյունքներն ու օրինականությունը որեւէ կերպ եւ որեւէ մեկի կողմից չվիճարկվեց: Անգամ Պ. Հայրիկյանը այն յուրօրինակ ձեւով վավերացրեց՝ սեւ դրոշներով կազմակերպած սգո ցույցով: Ճիշտ չի լինի ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ այդ վստահությունը Շարժման տարիներից եկած իներցիայի արդյունքն էր: Ընդհակառակը՝ արդեն շուրջ 14 ամիս նա հանրապետության ղեկավարն էր, կատարված ամեն ինչի պատասխանատուն: Փաստորեն, հենց այն միջին ժամանակամիջոցն էր, որ այլ հանրապետություններում բավարար էր եղել նոր իշխանությունների ղեկավարների վարկաբեկման եւ քաղաքական ասպարեզից դուրս մղման համար: Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն էր: Այդ վստահությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը վաստակել էր ոչ թե որպես ընդդիմության առաջնորդ եւ ժողովրդական տրիբուն, այլ որպես երկրի ղեկավար, պետական գործիչ՝ իր մոտ մեկ տարվա իրական գործնական աշխատանքով: ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Շարունակելի