Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վստահեցնում

Հոկտեմբեր 27,2001 00:00

ՇՈՒՏՈՎ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ, ԹԵ ՈՎՔԵՐ ԷԻՆ ՈՒՂՂՈՐԴՈՂՆԵՐԸ Վստահեցնում է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը – Եթե առիթ ունեցել եք երկու տարիների հեռվից վերլուծել այն գործողությունները, որ ձեռնարկեց զինդատախազությունը, երբ «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունը վստահվեց ձեզ, ի՞նչ բացթողումներ կամ սխալներ եք գտել ինքներդ։ Ի՞նչ պետք է անեիք, որ չեք արել կամ ի՞նչ է արվել, որ այժմ չէիք ցանկանա, որ արված լիներ։ – Իհարկե, երկու տարի անց ներքաղաքական իրավիճակը եւ մթնոլորտն այլ է։ Եվ դեպքին հաջորդած առաջին օրերին քննչական խմբի գործողությունների հանդեպ գուցե թե զգայական վերաբերմունքը քիչ այլ է։ Բայց ես կարծում եմ, այն բոլոր որոշումները, որոնք մինչեւ այժմ կայացվել են քննչական խմբի եւ իմ կողմից՝ գործում առկա ապացույցների, փաստական տվյալների հիման վրա էին կայացվել: Բոլո՛ր որոշումների համար պատասխանատու եմ, բազմիցս նշել եմ։ Մեր պատկերացումները Նաիրի Հունանյանի կերպարի, անձի եւ «երեւույթի» վերաբերյալ, իհարկե, էապես փոխվել են։ Ի սկզբանե նրան մի քիչ ավելի պարզունակ էինք պատկերացնում եւ կարծում, թե շատ մեծ բարդություն չի ներկայացնի վերհանել հանցագործության ամբողջ մեխանիզմը՝ պատճառները, նախապատրաստությունից սկսած։ Թե՛ մեղադրական եզրակացության մեջ նրա նկարագիրը, թե՛ դատաքննության ընթացքում նրա հարցաքննությունը, որը բացի գործի փաստական հանգամանքներից, միտված էր նաեւ վեր հանել նրա հոգեբանական ու մարդկային կերպարանքը՝ կարծում եմ, էապես փոխեցին մեր պատկերացումները Նաիրի Հունանյանի մասին իբրեւ «ֆենոմենի»։ Այս տեսակետից, կարծում եմ, այժմ որոշ ճշգրտումներ ունենք մեր գնահատականներում։ Եվ եթե հիմա ձեռնարկեինք սկզբնական քննչական գործողությունները՝ երեւի թե ավելի շրջահայաց գտնվեինք, քան այն ժամանակ, երբ ամեն ինչ տեղի էր ունենում մի քիչ ավելի հախուռն։ Չեմ ուզում անընդհատ վկայակոչել ներքաղաքական լարվածությունը, բայց երեւի թե բոլորի համար ակնհայտ է՝ ինչ պայմաններում էր աշխատում քննչական խումբը։ – Իսկ որոշակիորեն ինչպե՞ս պիտի դրսեւորվեր այդ շրջահայացությունը։ – Մենք Նաիրի Հունանյանի ոչ բոլոր խոստովանանքներին կամ ցուցմունքներին կվերաբերվեինք այնպես, ինչպես վերաբերվել ենք ժամանակին։ – ԱՄՆ-ում կատարված ահաբեկչության եւ «Հոկտեմբերի 27»-ի միջեւ հետո տարվեցին բազմաթիվ զուգահեռներ։ Վերջինն էլ այն է, թե գուցե արժեր գնալ նույն ճանապարհով, որով գնաց ԱՄՆ-ն։ Այն է՝ ոչնչացնել ոճրագործներին, առաջնորդվել ներքին համոզմունքով եւ չսպասել դատաքննության արդյունքներին, որը կարող է ձգձգվել կամ փակուղի մտնել։ Նույնիսկ ԼՂՀ նախագահի դեմ իրականացված մահափորձը հիշեցին, երբ նախ ձերբակալվեցին բոլոր այն անձինք, որոնք կասկածելի էին, կարող էին շահագրգիռ լինել կատարվածի մեջ, հետո նոր հաստատեցին նրանցից ոմանց մեղսակցությունը։ ԼՂՀ գլխավոր դատախազն այս առնչությամբ ասաց, որ եթե նման ահաբեկչություններն անմիջապես չեն բացահայտվում, հետո շատ դժվար է լինում կամ անհնար։ – ԱՄՆ-ի դեպքերի հետ զուգահեռներ անցկացնելն այս պարագայում չգիտեմ, թե որքանով է տեղին։ Ողջ իշխանության անունից չեմ կարող ասել, բայց իբրեւ դատախազ այն կարծիքին եմ, որ Նաիրի Հունանյանի եւ մյուսների կատարած արարքն օրենքով արժանի է մահապատժի։ Եվ որպես մեղադրանքի կողմ մեր դիրքորոշումը կհայտնենք դատաքննության ավարտական փուլում։ Մարտի 22-ի ահաբեկչության հետ հնարավոր է որոշ զուգահեռներ անցկացնել։ Եվ այն ժամանակ էլ կային մարդիկ, որոնք խորհուրդ էին տալիս՝ «հավաքել աջուձախ՝ հետո կտեսնենք»։ Բայց մենք չգնացինք այդ ճանապարհով, որ հավաքենք՝ այնուհետեւ ջոկենք, թե ո՛վ է մեղավոր, ո՛վ արդար։ Կարծում եմ, ճի՛շտ արեցինք։ Եթե տեսականորեն քննենք, թե ինչ կտար Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի անդամների վերացումը՝ կարծում եմ, բացի անվստահության, կասկածների խորացումից որեւէ դրական բան չէր լինի։ Իսկ դա լավագույն լուծումը չէր։ – Ուղղորդումների մասին. ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ քննչական խումբը մեղադրվում է ուղղորդված գործելու մեջ։ Ուղղակի, եթե այն ժամանակ ուղղորդման մեջ կասկածվում էին մշտապես Ձեր հանգստի սենյակում նստած երկրապահները, ապա այժմ համարվում է, թե ամբողջապես անցել եք նախագահական ճամբար։ Ինչպե՞ս եք ընդունում այն մեղադրանքը, թե երկու դարպասների վրա եք խաղացել։ – Իրականում այդպես չի եղել։ Բոլորը գիտեն, թե ո՛ր երկրապահներն են նստած եղել իմ սենյակում։ Այդ մարդիկ նստել են ոչ թե ինձ ուղղորդելու, այլ անվտանգությունս ապահովելու համար։ Եվ նրանք ոչ միայն նստել են իմ սենյակում, այլեւ ինձ հետ եկել են խորհրդարան, կառավարություն, նախագահի մոտ եւ այլն։ Այդ օրերին, ամիսներին իմ աշխատասենյակում եղել են մեր քաղաքական վերնախավի բազմաթի՛վ ներկայացուցիչներ եւ ոչ միայն մի թեւից։ Ընդհակառա՛կն։ «27»-ի դեպքերն այնպիսին էին, որ բոլոր քաղաքական ուժերն էին ցանկանում ստեղծել նաեւ մարդկային կապեր։ Ոչ իրենց ապահովագրելու համար՝ դա՛ չեմ ուզում ասել, այլ, որպեսզի զինդատախազին հավաստեին, որ պատրաստ են աջակցել։ Չեմ ցանկանում քաղաքական կուսակցությունների կամ դրանց ղեկավարների անուններն ասել, բայց շատ-շատերն են իսկապես աջակցել մեզ, նյութեր տրամադրել, տեղեկատվություն փոխանցել։ Եվ ոչ մի դեպքում այդ ուժերի հանդիպումներն ինձ հետ չեմ դիտում որպես քննության ուղղորդում։ Այն ընթացել է իր բնական հունով, հենվել ձեռքբերված ապացույցների, գործում առկա փաստական տվյալների վրա։ Թե ինչ արդյունքների ենք եկել յուրաքանչյուր փուլում՝ դա էլ է ակնհայտ։ – Ասացիք, որ այդ խումբը Ձեզ ուղեկցում էր նաեւ նախագահի մոտ։ Այժմ նաեւ դա է մեղադրանք դարձել՝ ինչո՞ւ պիտի զինդատախազը գործով վկա Ռոբերտ Քոչարյանին զեկուցի նախաքննության ընթացքի մասին։ Կա՞ օրենսդրության որեւէ դրույթ, որ կթույլատրեր դատախազին տեղեկացնել նախագահին քրգործի ընթացքի մասին։ – Օրենսդրական որեւէ դրույթ չկա, որ դատախազին կարգելե՛ր տեղեկատվութուն հայտնել, այդ թվում եւ՝ նախագահին կամ մամուլին։ Դատախազը կամ գործը քննող քննիչը դատախազի թույլտվությամբ իրենք են որոշում ինչ ծավալով եւ ինչ տեղեկատվություն հրապարակել։ Ես բազմիցս նշել եմ, որ գործի նյութերի եւ քննության ընթացքի մասին նախագահին տեղեկացրել եմ այն չափով, որքանով տեղեկացվել է մամուլը։ Ոչ ոք, այդ թվում՝ նաեւ իմ հանգստի սենյակում նստածները, առավել տեղեկացված չեն եղել։ Բոլորը տեղեկացվել են հավասարաչափ։ Իսկ այն, ինչ ես ասել եմ ասուլիսներում, հարցազրույցներում եւ այլն՝ դատախազի լիազորությունների շրջանակում է։ Այն տեղեկատվությունը, որ հրապարակվել է՝ այդ ընթացքում նպատակահարմար է դիտվել հրապարակել։ Ո՛չ ավելին։ Գործի նյութերին, մինչեւ նախաքննության ավարտը, ոչ մի պաշտոնատար անձ կամ քաղաքական ուժ ծանոթացված չի եղել։ Իհարկե, միշտ զեկուցել եւ տեղեկացրել եմ գլխավոր դատախազին, նա իրավասու էր պահանջել ցանկացած տեղեկատվություն։ – Մինչեւ այսօր էլ քննչական խումբը մեղադրվում է «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մեջ «նախագահական հետք» որոնելու փորձերի մեջ, ինչը միշտ հերքել եք։ Մեղադրանքներից մեկն էլ այն է, թե փորձ է արվել այս գործը դարձնել իշխանափոխության պատրվակ։ Եթե իրոք այդպես է, եւ Ռոբերտ Քոչարյանը գիտի այդ մասին, ի՞նչն է պատճառը, որ մնում եք Ձեր պաշտոնում՝ անգամ զինդատախազության գործունեությունից բազմաթիվ բողոքների եւ դժգոհությունների պայմաններում։ – Այդ բողոքները, կարծում եմ, կազմակերպվում, ստեղծագործվում եւ ուղղորդվում են։ Կարող եմ ասել, որ վերջին 4 տարվա ընթացքում ընդամենը 5 մահվան ելքով չբացահայտված դեպքեր ենք ունեցել, որոնցով այսօր էլ շարունակվում է նախաքննությունը։ Իսկ մահվան ելքով գործերի գերակշիռ մեծամասնության դատավճիռները մտել են օրինական ուժի մեջ, այսինքն՝ անցել են նաեւ վճռաբեկ ատյանները։ Այդ դժգոհությունների պատճառը երեւի այն է, որ պատեհ ժամանակ է իրենց համար, ինձ համար՝ անպատեհ։ Կամ հակառակը։ Կարեւոր է, թե ովքե՞ր են բողոքում։ Ինձնից, համենայն դեպս, չեն բողոքում զոհվածների ծնողները։ Կամ եթե բողոքում են՝ միայն տասներորդական խնդիրներով։ Ասենք, որ մի հետախուզվողի չենք կարողացել բռնել եւ բերել, որը զինդատախազի խնդիրը չէ։ Կամ բողոքում են, թե իրենց զավակին սպանողին ինչո՞ւ են 14 տարի դատապարտել եւ ոչ թե մահապատժի։ Թերություններն այս են մատնանշվում եւ ոչ թե, որ չենք բացահայտել, մեղավորները մնացել են անպատիժ։ Բողոքողները մեղադրյալների եւ անգամ դատապարտյալների ծնողներն են, որոնք ցույցեր են անում, պաստառներով նստում ԱԺ-ի դարպասների մոտ։ Իսկ դատապարտյալների ծնողները, խնդրե՜մ, եթե դատավճիռները օրինական ու հիմնավոր են՝ թող ինձնից դժգոհեն ու բողոքեն։ – Այնուամենայնիվ, ինչո՞վ եք այդքան թանկ նախագահ Քոչարյանի համար, որ այդպես էլ չի հրաժարվում Ձեզնից։ – Չգիտեմ, թե ինչքանով եմ թանկ։ Բայց ես իմ ընտրությունը նաեւ նախաքննության ժամանակ եմ արել եւ նախագահին ներկայացրել հրաժարականի դիմում։ Երեւի պետք է հարցնել նախագահին, թե ինչու ինձ չի ազատում պաշտոնից, եթե վստահ է, որ ես քննությունն ուղղորդել եմ դեպի նախագահը։ Իմ տեղեկությունների համաձայն, հիմա որոշ գործեր են քննվում, սկսվել են որոշ ընթացակարգեր, որոնք երեւի թե մոտ ապագայում որոշակի ճշգրտումներ կմտցնեն, թե ո՛վ եւ ի՛նչ ուղղությամբ էր փորձում ուղղորդել։ Կարծում եմ, այդ ամենը կբացահայտվի, բայց չեմ ուզում այժմ որեւէ բան հաստատապես պնդել։ Կհստակվեն այդ խնդիրները եւ ինձ համար գուցե շատ ավելի հեշտ լինի այս հարցերին պատասխանելը։ – Ի դեպ, գործի նյութերի որոշ մասին ծանոթանալուց հետո տպավորությունս այն է, թե քննությունն առավել հանգամանալից տարվել է Սամվել Բաբայանի կամ Վանո Սիրադեղյանի մեղսակցությունն ապահովելու ուղղությամբ, քան Ռոբերտ Քոչարյանի։ Նրա մասին, ասենք, պոլիգրաֆ հետազոտման հարցումների ժամանակ երբեք որեւէ հարց չեն տվել մեղադրյալներին՝ ի տարբերություն թվարկածս գործիչների։ – Մենք բոլո՛ր ուղղություններով, բազմակողմանի քննություն ենք տարել։ Եվ մենք պարտավոր էինք ստուգել բոլո՛ր վարկածները։ Եթե փորձեինք քննությունն ուղղորդել այս կամ այն ուղղությամբ՝ լավ հիշում եք այդ ժամանակվա քաղաքական իրավիճակը՝ կարիք չէր լինի երկար-բարակ քննչական գործողությունների, ապացույցների եւ այլն։ Բազմիցս եւ անգամ ԱԺ-ի ամբիոնից հայտարարել եմ, որ թույլ չեմ տա ու նաեւ իմ ընկերոջ հիշատակի առջեւ եմ պարտական՝ Վազգեն Սարգսյանի արյունը շահարկման առարկա չե՛մ դարձնի։ – Մուշեղ Սաղաթելյանը, որն իր ասելով՝ մեկն է եղել այն անձանցից, ովքեր «Հոկտեմբերի 27»-ին հաջորդած ամիսներին նստում էին Ձեր առանձնասենյակում, այժմ մեղադրում է նախաքննական մարմնին… – Կներեք, նա իմ առանձնասենյակում չի նստել։ Կարող եք հարցնել նաեւ այն մարդկանց, որոնք եղել են այդ օրերին այստեղ։ Նա երբեք ինձ հետ մտերիմ հարաբերություններ չի ունեցել։ – Այնուամենայնիվ, արժանահավա՞տ եք համարում նրա այն պնդումները, թե գոյություն ունեն ձայներիզներ, որոնցից մեկում ահաբեկչության նախապատրաստման շրջանում կայացած մի հավաքի ձայնագրությունն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի հանդիպման գաղտնալսումը։ – «Հոկտեմբերի 27»-ից որոշ ժամանակ անց ես էլ եմ լսել նախապատրաստման փուլում արված այդ ձայնագրության մասին։ Բայց կարծում եմ, որ դա գեղեցիկ հորինված խայծ է։ Իսկ ի՞նչն էր խանգարում Մուշեղ Սաղաթելյանին ձեռք բերել, հայթայթել այդ ձայներիզը, եթե այն գոյություն ունի։ Այն ժամանակ էլ չեմ հավատացել, հիմա էլ չեմ հավատում։ Մյուս ձայներիզի մասին նախաքննական մարմինը պաշտոնական հարցումներ է կատարել ԱԱՆ եւ ՆԳՆ, որոնք օպերատիվ միջոցառումներ էին կատարել առաջին օրերին։ Ստացել ենք պաշտոնական պատասխաններ, որ չեն կատարվել նման տեսանկարահանումներ կամ ձայնագրություններ։ – Անդրադառնանք դատավարությանը։ Նաիրի Հունանյանի հարցաքննության ընթացքում, փաստաբանների պնդմամբ, դարձյալ ամրապնդվեցին կասկածները նախկին մեղադրյալներից մեկի նկատմամբ, որի գործը կարճվել էր ապացույցների անբավարար լինելու հիմքով։ Ուրեմն, դարձյալ կարճման որոշումների հիմնավորվածության խնդի՞ր է առաջանալու։ – Այո, Նաիրի Հունանյանը որոշակի նոր ցուցմունքներ տվեց Նաիրի Բադալյանի առնչությամբ։ Իհարկե, նրա վերաբերյալ գործը կարճվել էր մեղադրական ապացույցների անբավարարության հիմքով։ Բայց Նաիրի Բադալյանը դեռ չի հարցաքննվել դատարանում։ Երբ հասնենք այդ փուլին, լսենք այլ վկաների, որոնք այդ կապակցությամբ ցուցմունքներ էին տվել նախաքննության ժամանակ՝ կանդրադառնանք կայացված որոշմանը։ – Ուշագրավ էին նաեւ այն տվյալները, որ «Ռոտարի» ակումբի առնչությամբ համադրել էր փաստաբան Աշոտ Սարգսյանը։ Անջատված մասով այդ վարկածի շուրջ տարվո՞ւմ է քննություն։ – Անշուշտ։ Անջատված մասով թե՛ քննչական գործողություններ ենք կատարել եւ թե՛ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ տվել։ Այդ տվյալները մեզ համար նորություն չէին։ – Ճի՞շտ է, որ Սերոբ Տեր-Պողոսյանին վերջերս նորից եք հարցաքննել։ – Դա էլ է ճիշտ։ – Ամփոփենք. երկու տարի անց կհամաձայնե՞ք «Հոկտեմբերի 27»-ից օրեր անց տրված այն գնահատականին, որ թաղայինի մակարդակի գործ էր կատարվածը բացահայտելը։ – Ես մինչեւ հիմա էլ այն կարծիքին եմ, որ Նաիրի Հունանյանի թիկունքին եղել են եւ կան ուժեր։ Այլ խնդիր է՝ մեզ կհաջողվի՞ բացահայտել նրանց, թե՞ ոչ, բայց որ այդպիսիք կան՝ ինձ համար կասկածից վեր է։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ Նաիրի Հունանյանը չէր կարող ինքնուրույն, մենակ գործել։ Սա բարդագույն գործ է։ Եվ անջատված մասով մենք հսկայական աշխատանք ենք կատարել։ Քննչական խումբը վերջերս է վերադարձել արտերկիր գործուղումից։ Մի ամբողջ հատոր կատարված աշխատանքի արդյունք է մեզ ներկայացվել, որը շատ հետաքրքիր է։ Թե ինչ արդյունքի կհասնենք՝ հիմա չեմ կարող ասել, բայց շարունակելու ենք մինչեւ մեր բոլոր կասկածների փարատվելը, մինչեւ բոլոր վարկածների հաստատվելը կամ հերքելը։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել