Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրենակիցնե՛ր Ռ. Քոչարյանի վարչախումբը հանրապետությունը տանում

Հոկտեմբեր 27,2001 00:00

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ Հայրենակիցնե՛ր Ռ. Քոչարյանի վարչախումբը հանրապետությունը տանում է կործանման։ Իշխանությունները, նրանց հետ սերտաճած կլանները Հայաստանը դարձրել են անօրինականությունների, ահաբեկչությունների, աղքատության եւ արտագաղթի երկիր։ Ապօրինությունների եւ ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը զավթած նախագահը իր վարած հակաժողովրդավարական քաղաքականությամբ օրեցօր խորացնում է երկրում տիրող համընդհանուր ճգնաժամը։ Այժմ, երբ լրանում է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության երկու տարին, միանգամայն ակնհայտ է, որ իշխանությունները հովանավորում են մարդասպաններին, որ ստեղծված ամենաթողության, վախի եւ անպատժելիության մթնոլորտը նոր ողբերգություններ է ծնում։ Իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականությունը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Հակառակ նախագահի սին խոստումներին, տնտեսական աճ չի ապահովվում եւ նոր աշխատատեղեր չեն ստեղծվում։ Դրան հակառակ, ժողովրդին կերակրում են քոչարյանական քարոզչության ձեռնածություններով ու կեղծիքներով։ Վարչախումբը առիթը բաց չի թողնում աղմկոտ ու թանկ միջոցառումներ կազմակերպելու համար՝ փորձելով ստեղծել բարվոքության պատրանք եւ երկարաձգել իր գոյությունը։ Ժամանակն է վերջ դնել Ռ. Քոչարյանի հակաիրավական եւ հակաժողովրդական պաշտոնավարմանը։ Մեր խնդիրն է՝ հասարակության գործուն մասնակցությամբ իշխանությունը վերադարձնել իր միակ օրինական տիրոջը՝ ժողովրդին։ Երեք կուսակցությունների պատգամավորները Ազգային ժողովին ներկայացրել են Ռ. Քոչարյանին պաշտոնանկ անելու մասին հիմնավոր որոշման նախագիծ։ Հանրահավաքը դիմում է հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ տեղերում կազմակերպել հանրահավաքներ, հանդիպումներ պատգամավորների հետ եւ պահանջել նրանցից միանալ Ռ. Քոչարյանի պաշտոնանկության նախաձեռնությանը։ Համոզված ենք, որ հայ ժողովուրդը տեր կկանգնի իր իրավունքներին եւ ակտիվորեն կմասնակցի երկրում արդարության վերականգնմանն ու օրինականության հաստատմանը։ Հոգեվարքի մեջ գտնվող վարչախումբը անկարող է դիմակայել հասարակության վճռական գործողություններին։ Հայրենակիցնե՛ր, լինենք միասնական, դրսեւորենք քաղաքական կամք եւ ձեւավորենք մեր ժողովրդին արժանի իշխանություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել