Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես եւ սպասվում էր, նախագահ Քոչարյանն ու նրա ռեժիմին սպասարկող իրավապահ համակարգը երեկ իր ողջ կար

Հոկտեմբեր 27,2001 00:00

Անհամեմատելի համեմատություն Ինչպես եւ սպասվում էր, նախագահ Քոչարյանն ու նրա ռեժիմին սպասարկող իրավապահ համակարգը երեկ իր ողջ կարողություններով լծվել էր «վերեւներից» ստացված հերթական ապօրինի հրահանգները հավուր պատշաճի իրականացնելուն: Այն, ինչ կատարվում էր մարզերից մայրաքաղաք Երեւան տանող գլխավոր մայրուղիներում, մարզկենտրոններում ու գյուղավաններից Երեւան տանող խճուղիներում, իրոք հիշեցնում էր 88-90-ական թվերը: Ճիշտ նույն մեթոդներով խորհրդային միլիցիան էր արգելում ժողովրդին գալ ու մասնակցել «Ազատության» հրապարակում տեղի ունեցող ազգահավաքներին: Փորձը ցույց տվեց սակայն, որ մարզերից Երեւան եկող ու հանրահավաքին մասնակցել ցանկացողների ճանապարհը փակելով, ավտոբուսներն առգրավելով ու տուգանային հրապարակ տանելով, նաեւ վարորդներին վախեցնելով՝ Խորհրդային կայսրությանն անգամ չհաջողվեց, ո՞ւր մնաց, ոչ լեգիտիմ նախագահին հաջողվի: Երեկ Մատենադարանում հանրահավաք հրավիրած երեք՝ «Հանրապետություն», ՀԺԿ, «Ազգային միաբանություն» կուսակցություններում ահազանգեր էին ստացվում մարզերից: Բովանդակությունը նույնն էր՝ ոստիկանությունը շանտաժի է ենթարկում ժողովրդին մայրաքաղաք տեղափոխող վարորդներին, վախեցնում, վերցնում են նրանց վարորդական իրավունքի վկայականները ու ավտոբուսները՝ ուղիղ տուգանային հրապարակ: Մենք գնացինք այդ ահազանգերի հետքերով: Եղանք Արարատի մարզում՝ Արարատ շրջկենտրոնում ու Վեդիում: Արարատ շրջկենտրոնում հավաքվածները, որ մոտ հարյուր հոգի էին, թեեւ տեղյակ էին ընդհանուր իրավիճակից, բայց արդեն մի քանի ժամ սպասում էին, որ նախնական պայմանավորվածության համաձայն ավտոբուսներն, այնուամենայնիվ, կգան: Նրանց մի չնչին հատվածին էր հաջողվել Երեւան տեղափոխել: Մարզի միլպետ, արարատցիների պնդմամբ՝ նախարար Դավիթ Զադոյանի «պրոտեժե» Վ.Թորոսյանը մեր հարցին ի պատասխան հավաստիացրեց, թե մարդկանց հանրահավաքին մասնակցելու համար Երեւան բերող ընդամենը 3 ավտոբուս է տուգանային հրապարակ բերվել, այն էլ՝ վարորդի փաստաթղթերը թերի լինելու պատճառով: Պարզվեց, որ իրականում կալանավորվել է 5-6 ավտոբուս: Նրանց վարորդներից միայն մեկին մեզ ներկայացրին, որը համապատասխան փաստաթղթեր չուներ: Մենք, թերեւս, հավատայինք պարոն Թորոսյանի միամիտ արդարացումներին, եթե միայն իրավիճակը նույնը չլիներ ողջ հանրապետությունում: Երեկ իրավապահներն ու մասնավորապես պետավտոտեսուչները, թերեւս, գերակատարեցին ավտոբուսներ կալանելու իրենց տարեկան պլանը: «Հանրապետություն» կուսակցության մարզային կառույցների ղեկավարների պնդմամբ, նույն իրավիճակն է եղել Գյումրիում, Վանաձորում, Թալինում, Արմավիրում, Աշտարակում եւ այլուր: Բրավո, պարոն Հայկ Հարությունյան: Չենք զարմանա, եթե այսպես շարունակելու դեպքում պարոն նախարարը պետությանը կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, նախագահ Քոչարյանին մատուցած ծառայությունների համար արժանանա պետական որեւէ պարգեւի: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել