Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժամանակ առ ժամանակ Հայաստանի (եւ ցանկացած այլ երկրի) իշխանությունները դիմում են իրենց հպատակների հայ

Հոկտեմբեր 27,2001 00:00

ԺԱՄՆ Է ՄԵՐ ՕՐՀԱՍԱԿԱՆ Ժամանակ առ ժամանակ Հայաստանի (եւ ցանկացած այլ երկրի) իշխանությունները դիմում են իրենց հպատակների հայրենասիրական զգացմունքներին՝ կոչ անելով համախմբվել իրենց շուրջը: Տեքստը մոտավորապես հետեւյալն է. «Այս օրհասական պահին, երբ մեր երկրին բազում վտանգներ են սպառնում, ազգը պետք է միակամ լինի, համախմբվի ղեկավարության շուրջ՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար»: Նման կոչերն ինչ-որ իմաստ ունեն, երբ «օրհասական պահի» պատճառ է դարձել ցունամին, երկրաշարժը կամ ահաբեկիչների ոճրագործությունը: Բայց երբ «արտաքին մարտահրավերները» առաջանում են հենց իր՝ իշխանության անսահման ինքնահավանության եւ անգրագետ արտաքին քաղաքականության պատճառով, հիմքեր կան ենթադրելու, որ բազմիցս վկայակոչվող սպառնալիքների աղբյուրը հենց այդ իշխանությունն է: Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները տարբեր ձեւով են մեկնաբանվում: Կան նաեւ էկզոտիկ վարկածներ. իբր, Ալիեւը պայմանավորվել է Քոչարյանի հետ, որ իր սպառնալիքներով կսաստի հայաստանյան ընդդիմությանը: Կամ, ինչպես Քոչարյանն է փորձում ներկայացնել, Ալիեւը հայտարարություններ է անում հենց այն պատճառով, որ Երեւանում ընդդիմությունն ուզում է հանրահավաք անել: Բայց արժե՞ արդյոք խնդիրն այդքան բարդացնել: Ավելի տրամաբանական չէ՞ պարզ բացատրությունը. պատերազմի վտանգն իրոք մեծացել է: Եվ քանի որ դա այդպես է, ապա կարելի է վստահաբար ասել, թե ով է դրա համար պատասխանատու, ով է ստեղծել այդ «օրհասական պահը», որը, իբր, պետք է մղի ժողովրդին իշխանության գիրկը: Երբ 1997 թվականի սեպտեմբերի 26-ի ասուլիսի ժամանակ Հայաստանի առաջին նախագահը զգուշացրեց, որ «ստատուս քվոն» պահպանելու, ձգձգելու փորձերը եւ պատերազմ վերսկսելը, ըստ էության, նույն բանն են, Քոչարյանն ու իր կողմնակիցները (այդ թվում, ի դեպ, երեկվա հանրահավաք անողները) դա որակեցին որպես «պարտվողական քաղաքականություն»: Երբ Տեր-Պետրոսյանն իր հոդվածում փորձեց ապացուցել, որ ղարաբաղյան կոնֆլիկտի պարագայում կարող է լինել միայն երկու կարգավիճակ՝ կամ պատերազմ, կամ խաղաղություն, եւ որեւէ այլ լուծում, ցավոք, անհնարին է, նույն շրջանակը դա անվանեց դավաճանություն: Հետագա 4 տարվա ընթացքում այդպես էլ խաղաղություն չհաստատվեց: Աստված մի արասցե, որ մենք մինչեւ վերջ ստիպված լինենք համոզվելու նախկին նախագահի կանխատեսումների ճշմարտացիության մեջ: Այո, մենք հաղթելու ենք, բայց պատերազմը, որի գլխավոր պատճառը Քոչարյանի եւ նրա քաղաքական թիմի անհեռատեսությունն է լինելու, եւս մի փորձություն է դառնալու մեր ժողովրդի եւ պետության համար: Փորձություն, որից հնարավոր է խուսափել: … 92-94 թվականներին, երբ ոչ թե պատերազմի վտանգ կար, այլ հենց պատերազմ էր ընթանում, Քոչարյանի այսօրվա զինակիցները (ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն, Կոմկուսը) գրեթե ամեն օր ցույցեր էին անում եւ նախագահի (զինված ուժերի հրամանատարի) հրաժարականը պահանջում: Դժվար է ասել՝ նման պահանջները բարձրացնո՞ւմ էին պատերազմ վարող բանակի մարտունակությունը, թե՞ ոչ: Դատելով արդյունքներից, հակված եմ կարծել, որ բարձրացնում էին: Հավանաբար, հրաժարական պահանջողներն էին չափից դուրս հեղինակավոր: Բայց այսօր խնդիրը դա չէ: Հարցն այն է, որ այժմ հիշյալ քաղաքական ուժերն, իհարկե, լիակատար բարոյական իրավունք ունեն ընդդիմությանը խրատելու, պետականամետ եւ կայունամետ ելույթներ ունենալու: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել