Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսուհետեւ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան հյուրերը, ինչպես նաեւ՝ Ծաղկաձորի, Հրազդանի եւ շրջակ

Հոկտեմբեր 26,2001 00:00

Ինտերնետային բում Հայաստան կղզում Այսուհետեւ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան հյուրերը, ինչպես նաեւ՝ Ծաղկաձորի, Հրազդանի եւ շրջակա բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան անվճար օգտվել ինտերնետային կապից, աշխատել համակարգիչներով։ Երեկ Գրողների ստեղծագործական տանը IREX կազմակերպության շնորհիվ, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ եւ IATR ծրագրի շրջանակներում բացվեց ինտերնետային կենտրոն։ Սա հանրապետությունում IREX-ի միջոցներով ստեղծված ազատ մուտքով ինտերնետային 8-րդ կենտրոնն է (դրանցից 3-ը գտնվում են մայրաքաղաքում, 5-ը՝ մարզերում)։ Բացի այս 8-ից, բացվել են նաեւ 36 ինտերնետային դասասենյակներ հանրապետության դպրոցներում։ Այս նոր ձեռքբերմամբ ոգեւորված, Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը IREX-ը համարեց Հայաստանի տնտեսական ու կրթական ոլորտների զարգացմանը նպաստող մի փրկօղակ։ Ջրային թեման զարգացրեց ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ջոն Բալյանը՝ Հայաստանը համարելով մի կղզի, որը ծով չունի, եւ Ինտերնետն է դարձել (դառնալու) նրա ծովը, իսկ ինտերնետային կենտրոնները՝ նավահանգիստներ այդ ծովում։ Ընդհանրապես, ինտերնետի դերի մասին այնքան խոսվեց ու պատմվեց, այնպիսի հյութեղ օրինակներ բերվեցին (փչացած ստերեոդինամիկների, միայնակությունից կատաղած շների եւ այլեւայլ բաների մասին), որ լիովին հասկանալի դարձավ «Ծաղկաձորում մի պատուհան բացվեց դեպի աշխարհ եւ այդ պատուհանը ինտերնետն է» արտահայտությունը։ Ջոն Բալյանը բացահայտեց ԱՄՆ դեսպանատան նպատակը, որն է՝ ամբողջ Հայաստանն աստիճանաբար ինտերնետով ցանցավորել։ Ու թերեւս սա այն եզակի դեպքերից է, երբ ցանցի, ոստայնի մեջ հայտնվելը ձեռնտու է ոչ միայն ցանցավորողին, այլեւ ցանցում հայտնվածին։ Առավել եւս, որ դրա արդյունքում հնարավոր կդառնա ոչ միայն ինտերնետի միջոցով ծանոթություններ հաստատել, նամակագրություն պահպանել, թերթ կարդալ, փչացած դինամիկները նորով փոխարինել եւ շատ էժան գնով գտնել միայնությունից կատաղած շանը հանգստացնող դեղամիջոց, այլեւ՝ ստեղծել սեփական սայթեր, որոնց միջոցով մեր պոտենցիալ հյուրերը, զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ Հայաստանի (կոնկրետ դեպքում՝ Ծաղկաձորի) հանգստյան տներին, տեսարժան վայրերին, ինչը, բնականաբար, կխթանի զբոսաշրջության զարգացումը։ Իսկ եթե հաշվի առնենք ապագայի համար նախատեսված ծրագրերը՝ հայ գրողներին եւ հայ գրականությանը ծանոթացնել օտար ընթերցողին՝ ինտերնետային գրադարանի միջոցով, ապա մնում է միայն ընդունել IREX-ի փրկարար օղակ լինելու մասին պրն Մանուկյանի դիտարկումը։ Քանի IREX-ը կա՝ ձեռքներս փրփուրների չենք մեկնի։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել