Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԱԶ ԴԱՐՁԱԾ «ՄԱՂԱՐԻՉ»

Հոկտեմբեր 26,2001 00:00

ԵՐԱԶ ԴԱՐՁԱԾ «ՄԱՂԱՐԻՉ» Մի քանի օր առաջ «Զեյթուն» ուսավանում լուրեր էին շրջում, թե՝ «ավանի կեսը ծախել են գերմանացիներին»։ Այդ «կեսի» մեջ հիշատակվում էին հանրակացարանային առաջին, երկրորդ եւ երրորդ մասնաշենքերը, գրադարանը, ճաշարանը եւ այլ կից կառույցներ։ Հատկապես անհանգստացած էին ուսանող բնակիչները, չիմանալով, թե ուր կտեղափոխեն իրենց։ Նորույթն անսպասելի էր, քանզի հարմարավետ ու բարեկեցիկ պայմաններով ուսանողական ավան ստեղծելու ծրագիրը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից էր։ Այդ պայմանով նա հավաքեց ուսանողների ծանրակշիռ ձայնն ու ստեղծեց երիտասարդական հիմնադրամ։ Երբ հիմնադրամից փորձեցինք ճշտել, թե «ծուխն ինչ կրակից է ելնում», պարզվեց, որ առուծախի գործարքը վերաբերում է միայն ավանի առաջին մասնաշենքին։ Բանն այն է, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը որոշ ժամանակ առաջ երիտասարդական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ (նույն ինքը՝ ԿԳ նախարար) Էդուարդ Ղազարյանի հետ «լեզու գտնելով»՝ նպատակադրվում է գնել առաջին մասնաշենքն ու վերանորոգումից հետո այնտեղ հիմնել գերմանական համալսարան։ Ըստ ծրագրի, շենքի վերին հարկերը պետք է ծառայեին որպես բնակավայր, իսկ ստորին հարկերը՝ ուսումնական հաստատություն։ Մինչ այդ, Ա. Բաղդասարյանին հրամցվում է ութերորդ մասնաշենքը, սակայն այստեղ բնակվող ընտանիքների տեղահանումն «աբսուրդ գործ» համարելով, «ՕԵ» առաջնորդը կանգ է առնում առաջինի վրա։ Հարցի քննարկումը, սակայն, Հոգաբարձուների խորհրդում միանշանակ հավանության չարժանացավ։ Հատկապես դեմ էին (այժմ՝ նույնպես) հիմնադրամի փոխնախագահ Վահրամ Բարսեղյանն ու գործադիր տնօրեն Արթուր Պողոսյանը։ Դրան գումարած՝ 2 օր առաջ ստորագրվեց Էդ. Ղազարյանին հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու հրամանը։ Այնպես որ, խաղն առայժմ ընթանում է բոլորովին էլ ոչ հօգուտ Ա. Բաղդասարյանի։ Իսկ խեղճ նախարարի սպասած «մաղարիչը» մնաց օդից կախված։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել