Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կան

Հոկտեմբեր 26,2001 00:00

Հոգով երիտասարդ ճարտարապետը Կան մարդիկ, որոնք ընդմիշտ պահպանում են երիտասարդական ոգին, ստեղծագործական եռանդը, աշխատունակությունը։ Մասնագիտությամբ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը այդ մարդկանց թվին է պատկանում։ Մինչ օրս նա աշխատում է «Երեւաննախագիծ» ինստիտուտում։ Նրա նախագծերով Հայաստանի տարածքով մեկ այս մի քանի տարվա ընթացքում կառուցվել եւ կառուցվում է 9 եկեղեցի։ Հայկական եկեղեցի է կառուցվել Օդեսայում։ Հայաստանի երկրաշարժից հետո «Եվրոպայի եկեղեցական միությունը» կաթողիկոս Վազգեն 1-ին գումար տրամադրեց Սպիտակում եկեղեցի կառուցելու համար։ Այդ եկեղեցու նախագիծը նույնպես Արզումանյանինն էր։ Այժմ նրա նախագծերով կառուցվում են եկեղեցիներ Երեւանում, Արցախում, Սեւանում։ Ճարտարապետի ստեղծագործական գործունեության շրջանակն անսահման է։ Աշխատել է կոնյակի գործարանի նախագծի վրա եւ 1987 թվականին լցման մասնաշենքի նախագծի համար արժանացել է ոսկե մեդալի։ 1952-53 թվականներին ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի ղեկավարությամբ աշխատել է Ռադիոտան նախագծի վրա։ Շենքի կենտրոնական մասում նախատեսված էր երեք հարկանի աշտարակ կառուցել։ Բայց այն ժամանակվա Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Ն. Խրուշչովը դեմ էր ճարտարապետական «ավելորդություններին», եւ աշտարակի կառուցումը արգելվեց։ 1950 թվականից որպես նկարիչ ձեւավորել է «Էջմիածին» ամսագիրը։ Կաթողիկոս Վազգեն 1-ի հանձնարարությամբ նախագծել է զանազան խաչեր, գավազաններ, ոսկյա սկիհներ, մատանիներ։ Հայկական ոճով նախագծեց կաթողիկոսի պատարագի համար նախատեսված հագուստները, որոնք ասեղնագործվեցին Հնդկաստանում։ Եվ առաջին անգամ այդ հագուստով կաթողիկոսը գնաց Իտալիա եւ մասնակցեց Պապի ընտրություններին։ Բաղդասար Արզումանյանի հետաքրքիր աշխատանքներից է նաեւ հայկական այբուբենը եւ մեծ խաչը՝ պատրաստված ոսկուց, որոնք զարդարված են թանկարժեք քարերով։ Այդ տառերը պահվում են Էջմիածնի թանգարանում։ Ի դեպ, Էջմիածնի գանձատան-թանգարանի եւ վանատան-հյուրանոցի շենքերը նույնպես կառուցվել են նրա նախագծով։ Այնուհետեւ նա նախագծեց Սովետական Հայաստանի զինանշանը եւ Էջմիածնի մակետը։ Վազգեն 1-ի կենդանության օրոք, նրա հանձնարարությամբ նախագծեց Վեհափառի տապանաքարը։ Իսկ իմ այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել կաթողիկոս Վազգեն 1-ինի հետ, մի հետաքրքրական փաստ պատմեց։ Ստեղծագործական խմբի կազմի մեջ էին ընդգրկված ճարտարապետներ Վարազդատ Հարությունյանը, Ռաֆայել Իսրայելյանը, Բաղդասար Արզումանյանը, Ալեքսանդր Սահինյանը, Միքայել Մազմանյանը եւ հնէաբաններ Կարո Ղարֆադարյանը, Բաբկեն Առաքելյանը։ Ճաշից հետո, ինչպես հիշում է Բաղդասար Արզումանյանը, Վարազդատ Հարությունյանը անպայման երգում էր, Մազմանյանը պատմում էր իր 17-ամյա աքսորի մասին։ Հերթը հասնում էր անեկդոտներ պատմելուն, որում իր ակտիվ մասնակցությունն էր ունենում կաթողիկոսը։ Հետաքրքիրն այն էր, որ Վազգեն 1-ինը անեկդոտները պատմում էր գրական հայերենով։ «Երեւաննախագիծ» ինստիտուտում Բաղդասար Արզումանյանը աշխատել է «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի, «Էրեբունի» հյուրանոցի եւ Հայաստանի տարածքում գտնվող այլ օբյեկտների ու բնակելի շենքերի նախագծերի վրա։ Ճարտարապետը մասնակցել է Հայրենական պատերազմին, կամավոր մեկնել է ռազմաճակատ, արժանացել շքանշանի։ Պատերազմի ավարտից հետո, գնահատելով նրա զինվորական ծառայությունը, առաջարկել են գնալ Մոսկվա եւ ընդունվել Զինվորական ակադեմիա։ Բայց նա հրաժարվել է, որովհետեւ մտադրված էր ճարտարապետ դառնալ։ Զորացրվելուց հետո, 1946 թվականին նա իրականացրեց իր նպատակը։ Այժմ էլ նա մեծ ավյունով է աշխատում։ Իսկ իմ այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն հաջողվում պահպանել երիտասարդական ոգին, պատասխանեց՝ միայն աշխատանքով։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել